Ճապոնիայում գրանցվել է գրիպով հիվանդացության բռնկում: Ընթացիկ շաբաթվա սկզբին գրիպով հիվանդների թիվը հասել է 2,83 մլն-ի, հայտնում է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը:
Նշվում է, որ անցած շաբաթվա համեմատությամբ հիվանդացածների թիվը աճել է մոտ 1 մլն-ով: Արդյունքում՝ հիմա մեկ բժշկին բաժին է ընկնում միջինը գրիպով 52 հիվանդ, որը ռեկորդային բարձր թիվ է համարվում: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կյուսյու կղզում, որտեղ յուրաքանչյուր բժիշկ ստիպված է հետեւել միանգամից 80 հիվանդի:
Ճապոնիայում հունվարի կեսին ձյան ուժեղ տեղումներից հետո ցուրտ եղանակ է եւ սառնամանիք: Նույնիսկ Տոկիոյի շրջանում, որտեղ ցրտեր հազվադեպ են գրանցվում, գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչեւ Ցելսիոսի մինուս 3 աստիճան: Դրա հետեւանքով սովորաբար խոնավ օդը շատ չոր է դարձել, ինչը, բժիշկների կարծիքով, գրիպի տարածման հետ կապված իրավիճակը միայն խորացնում է: