Երևանում հունվարի 12-ին լույս աշխարհ եկած եռյակը շարունակում է գտնվել վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինելոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատուն»):
Հաստատության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ երեխաների վիճակը գնահատվում է բավարար: Նորածիններին դուրս գրելու թեկուզ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում: Նրանք ծնվել են շատ փոքր քաշով և պետք է մի քիչ մեծանան:
«Մինչև երեխաները լավ չլինեն, դուրս գրելու որոշում չի կարող ընդունվել: Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք դուրս կգրվեն 1 կգ 800 գրամ կշռելու դեպքում»,- մանրամասնեց Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ հարցին, թե նորածինների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, նա այսպես պատասխանեց. «Ամեն րոպե բոլորիս կյանքին վտանգ սպառնում է»:
Փոքրիկների ընտանիքը բնակվում է Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում: Նրանք երիտասարդ ծնողների՝ 25-ամյա Կամոյի և 20-ամյա Հռիփսիմեի առաջին երեխաներն են:Նրանց պապ Աշոտը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ թոռներից երկուսը տղա են, մեկը՝ աղջիկ: Տղաների քաշը 1.5 կգ է, աղջիկը կշռում է 1.4 կգ: