«Գրեմիի» հայ դափնեկիրները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գրեմիի» հայ դափնեկիրները

Ամերիկյան «Գրեմի» երաժշտական մրցանակաբաշխության պատմությունը սկսվում է 1958 թվականից։

Rusarminfo-ն ներկայացրել է ազգությամբ հայ արտիստների ցանկը, ովքեր տարբեր ժամանակներում ստացել են այս «երաժշտական Օսկարը»։

Ռոս Բաղդասարյան

1959 թվականին «Գրեմի» ստացել է Ռոս Բաղդասարյանը (իսկական անունը Ռոստոմ Սիփան Բաղդասարյան), ով ավելի հայտնի է Դեվիդ Սեվիլ անունով։ Նա հիմնել է «Էլվին ու բուրունդուկներ» խումբը։ «Գրեմիի» է արժանացել երկու նոմինացիաներում՝ «Լավագույն կատակերգական կատարում», «Լավագույն մանկական կատարում»։ Իսկ հայտնի «The chipmunk song»-ը առաջադրվել է «Լավագույն երգ» անվանակարգում։ 1961-ին Սեվիլը «Երեխաների համար լավագույն ալբոմ» անվանակարգում ևս մեկ «Գրեմի» է ստացել իր «Lets all sing with a chipmunks» ալբոմի համար։

Միշել Լեգրան

Հայտնի «Շերբուրգյան անձրևանոցներ»-ի հեղինակը՝ աշխարհում ամենից հայտնի ազգությամբ հայ ֆրանսիացի Միշել Լեգրանը, երեք «Օսկարի» ու «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է։ Իսկ «Գրեմիի» արժանացել է 5 անգամ։

Ջորջ Ավակյան

1997 թվականին, որպես Մայլզ Դեյվիսի ալբոմի համահեղինակ, «Գրեմիի» է արժանացել Ջորջ Ավակյանը՝ լեգենդար պրոդյուսեր ու ջազի գիտակ։ Նա համարվում է ժամանակակից երաժշտական ինտուստրիայի հիմնադիրներից մեկը։

Շեր

1999-ին Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմի» է ստացել «Believe» երգի համար՝ որպես «Լավագույն պարային կատարում»։ Նա «Գրեմիի» է առաջադրվել ևս 3 անգամ՝ 1972-ին, 2000-ին ու 2004-ին։

SOAD

«The system of a down» հայազգի երաժիշտների ռոք խումբը 4 անգամ առաջադրվել է «Գրեմիի»՝ 2002, 2003, 2006 և 2007 թվականներին։ Մրցանակը ստացել է 2006-ին։ «B.Y.O.B» կատարումը նրանց բերել է երկար սպասված «Գրեմին»՝ որպես «Տարվա լավագույն ռոք կատարում»։

Արտո Թունջբոյաջյան

Էքսցենտրիկ ու ավանգարդ հայ Արտո Թունջբոյաջյանը «Գրեմի» ստացել է 2011-ին։ Այդ ժամանակ նա «Paul Winter Consort» խմբի անդամ էր, որն էլ «Miho: Journey to the mountain»-ի համար արժանացել է մրցանակի «Լավագույն նյու էյջ ալբոմ» անվանակարգում։

Քիմ Քաշքաշյան

2013-ին «Գրեմիի» է արժանացել ևս մեկ ազգությամբ հայ արտիստ՝ Քիմ Քաշքաշյանը։ Նա մրցանակը ստացել է «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում։

Նիկոլայ Դիդենկո

Ազգությամբ հայ ռուս օպերային երգիչ Նիկոլայ Դիդենկոն «Գրեմիի» մրցանակակիր է դարձել 2017-ի փետրվարի 12-ին «Penderecki Conducts Penderecki» ձայնագրության համար։

Այս տարվա «Գրեմիին» ևս երկու հայ էին առաջադրված՝ Տիգրան Մանսուրյանը 2 անվանակարգում և Կոնստանտին Օրբելյանը 1 անվանակարգում, ովքեր, ցավոք, մրցանակին չարժանացան։

scannews.am