Լոնդոնի «Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ կրկին հանդես գալու հնարավորությունն առանցքային գործոն է եղել իր տեղափոխության հարցում:
Մխիթարյան-Օբամեյանգ զույգը հրաշալի էր համագործակցում Դորտմունդի «Բորուսիայում» և անձամբ գաբոնցին նշել է, որ նրանք իրար լավ էին հասկանում նաև խաղադաշտից դուրս:
«Ես իրոք երջանիկ եմ կրկին Մխիթարյանի հետ հանդես գալու համար: Նա ինձ համար եղբոր պես է, լավ ընկեր, և մենք միասին խաղացել ենք նախկինում: Երջանիկ եմ նրան կրկին տեսնելու համար:
Նա մի քանի անգամ զանգահարել էր ինձ և հարցրել, թե արդյո՞ք ես տեղափոխվելու եմ «Արսենալ»: Պատասխանս կախված էր Մխիթարյանից: Նա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, որից հետո ես տեղափոխվեցի Լոնդոն: Դա մեծ գործոն էր իմ տեղափոխության հարցում:
Կարծում եմ, որ մենք հասկանում էինք իրար թե’ խաղադաշտում, և թե’ խաղադաշտի սահմաններից դուրս: Ըստ իս` հենց դա է հեշտացնում մեր համագործակցությունը խաղադաշտում»,- Օբամեյանգի խոսքն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը: