Արա լեռան վրա վերելքի ժամանակ լուրջ վնասվածքներ ստացած 22-ամյա Հրաչյա Հարությունյանին և 38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը։
Հրաչյա Հարությունյանին վիրահատել են փետրվարի 1-ին՝ կոտրված անրակի օսթեոսինթեզ են կատարել։ Մասնագետների և արշավականի հարազատների խոսքով՝ նա հիմա իրեն լավ է զգում և շուտով կարող է վերադառնալ տուն։
Էդգար Նավասարդյանին վիրահատել են փետրվարի 2-ին, նա ավելի լուրջ վնասվածքներ էր ստացել՝ կոտրվել էին ազդրոսկրերն ու սրունքի ոսկորները, բժիշկներից պահանջվել է 4 ժամ, որպեսզի մետաղական ինտրամեդուլյար ձողերով վնասված ոսկորները հավաքեն։
«Շատ բարդ վիրահատություն էր, սակայն վիրահատության նպատակին հասել ենք և արդյունքից գոհ ենք։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված, կարծում եմ, նրա հետ ամեն ինչ նորմալ կլինի»,- նշել է բժիշկը։