Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ երգիչ Գրիգոր Կյոկչյանն օրերս Սպիտակցի Հայկոյի հետ ներկայացրած «Մամ ջան» զուգերգն ի սկզբանե կատարել էր Սոնա Շահգելդյանի հետ։Սոնայից հետաքրքրվել ենք, թե ինչ կարծիք ունի այս մասին։
«Ես Գրիգորին շատ լավ եմ վերաբերում` որպես մարդ։ Տարիներ առաջ իր հեղինակային երեկոյին ինքն է ինձ հրավիրել, որ երգեմ այդ երգը։ Երևի, վստահ էր, որ ես լավ կկատարեմ այդ երգը։ Շատ արագ եմ սովորել երգը։ Ես դրան նորմալ եմ վերաբերում։ Եթե ինքն այդպես է ճիշտ համարել, Աստված իրենց հետ, սրտանց շնորհավորում եմ։ Իրենք էլ են շատ սիրուն երգել»,- ասաց նա։
Խոսելով երգը Սպիտակցի Հայկոյի հետ կատարելու իր որոշման մասին` Գրիգորն ասել էր. «Երբ տղամարդիկ են երգում, այլ տեսակ է հնչում։ Սոնան էլ էր շատ ազդեցիկ երգում, բայց իմ պատկերացմամբ` Հայկը շատ անկեղծ կերգեր»։
Սոնան այս մասին ունի իր կարծիքը. «Եթե տղամարդու կատարմամբ ավելի լավ է հնչում, թող իր համերգին տղայի կանչեր, միասին երգեին։ Կարծում եմ` այդպես ավելի ճիշտ կլիներ։ Գրիգորն ինձ ասաց` Սոն ջան, կարող է այնպես լինի, տղայի հետ երգեմ, որովհետև բառերի իմաստով ավելի շատ տղերքի երգ է, բայց ես էլ ասում եմ, եթե պետք է տղայի հետ երգեր, թող համերգին կանչեր տղայի, իր հետ երգեր։ Դա շատ ողջունելի կլիներ։ Կարծում եմ` ես էլ եմ շատ լավ մատուցել»։
Սոնան նշեց, որ չի ուզում կռվել երգի համար։ Նա նշեց, որ ինքը շատ լավ երգեր ունի։ Սոնան այլևս չի պատրաստվում կատարել «Մամ ջան» երգը, քանի որ հեղինակը Գրիգորն է։ «Փառք Աստծո, երգերի պակաս չունեմ»,- նշեց նա։
Անդրադառնալով Սպիտակցի Հայկոյին` երգչուհին ասաց, որ միշտ շատ է սիրել նրան` որպես երգիչ։ «Նա երգեցողության խնդիր չունի, տաղանդավոր մարդ է։ Ուղղակի փաստն այն է, որ մարդիկ քննադատում են այդ երաժշտությունը, այդ երգիչներին, հետո աշխատում են իրար հետ»,- ասաց նա, ապա հավելեց, որ խոսքը Գրիգորի մասին չէ։