Միլիարդատեր, Huntsman Corp. ընկերության ղեկավար Ջոն Հանթսմանը` Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսման կրտսերի հայր, մահացել է:
Միլիարդատեր և բարերար Ջոն Հանթսմանը` Մոսկվայում ԱՄՆ դեսպանի հայրը, մահացել է 80 տարեկանում։ Այս մասին հայտնել է մահացածի որդին` Փիթերը, որը Հանթսմանի անվան քաղցկեղի հետազոտման կենտրոնի ղեկավարն է:
«Մեր հիմնադրի և նախագահի հիշատակը հարգելու լավագույն միջոցը նրա գործն ու հայեցակարգերը շարունակելն է, մինչև չհասնենք մեր նպատակին` քաղցկեղի վերացմանը», — ասել է Փիթեր Հանթսմանը։ Նրա գրավոր հայտարարությունը տարածել է Desert News թերթը:
Հանթսմանը նաև գումար էր հատկացնում անօթևան մարդկանց խնդիրները լուծելու համար և մոտ 50 մլն դոլար էլ նվիրաբերել է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին:
Ավագ Հանթսմանը հիմնադրել է Huntsman Corporation-ը` միջազգային խոշորագույն խաղացող քիմիական արդյունաբերությունում: Ընկերության տարեկան շրջանառությունը հասնում է 10 մլրդ դոլարի, աշխատակիցների քանակն ավելի քան 10 հազար է:
Ավագ Հանթսմանն աշխատել է նաև ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիլսոնի վարչակազմում, Յուտայում նահանգապետի ընտրություններին մասնակցելու անհաջող փորձ է ունեցել:
ԱՄՆ ամենաառատաձեռն բարերարներից մեկն էր համարվում. ավելի քան 1,6 մլրդ դոլարի նվիրատվություն է արել: Մասնավորապես, նա միջոցներ է հատկացրել օնկոլոգիական հիվանդությունների հետազոտման, կրթության, ինչպես նաև Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար: Նա մորմոն էր, 9 երեխայի հայր, որոնց թվում է նաև Մոսկվայում ԱՄՆ դեսպանը: