Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը բացել է Զինադադարի պատը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի Օլիմպիական ավանում, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում են ձմեռային Խաղերը:
Երեք մետր բարձրությամբ և վեցուկես մետր երկարությամբ բետոնե պատը խորհրդանշում է խաղաղություն, պատերազմների դադարեցում, ինչն Օլիմպիական խաղերի հնագույն ավանդույթներից մեկն է:
Մրցումների ժամանակ, որոնք կտևեն մինչև փետրվարի 25-ը, օլիմպիական ավանում բնակվող մարզիկները կկարողանան Պատին թողնել իրենց ուղերձներն աշխարհին:
Այս պատմությանը խորհրդանշականություն է հավելում այն հանգամանքը, որ առաջիկա Օլիմպիական խաղերում հանդես կգան ատլետներ ԿԺԴՀ-ից:
2018-ի Խաղերի Զինադադարի պատի հեղինակը տեղացի դիզայներ Լի Չժե Սոկն է: