Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով երեկ դատարան էր ներկայացել տուժող Սանասար Բադալյանը, ում նկատմամբ, ըստ «Փաստինֆոյի»՝ նախորդ դատական նիստին դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել:
Նշենք, որ տուժողի նկատմամբ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, քանի որ վերջինս դատարան չէր ներկայանում և դատական նիստերից մեկում հայտարարել էր, որ ինքը տուժող չի և գործի մարդ է, իսկ դատարանն ամեն անգամ նրան ծանուցում և կանչում է դատարան:
Դատարանի հարցին, թե ինչո՞ւ չէր ներկայանում, նա պատասխանեց, որ տան միակ աշխատողն է, եթե ինքն ամեն նիստին գա, իր ընտանիքին ո՞վ է պահելու:
Այսպիսով, դեպքի հետ կապված տուժողը հայտնեց, որ նշված օրը գնացել է ավտոսպասարկման կետ, որտեղ գտնվել է իր որդին, որպեսզի որդուն վերցնի և տուն գնան: Նուբարաշենի խճուղ վրա տեսել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 3 տղամարդու, մի տարեց կնոջ և երիտասարդ աղջկա, մտածել է, թե վթար է տեղի ունեցել, մոտենալով կանգնեցրել է ավտոմեքենան, սակայն հայհոյանքներ է լսել, ինքն էլ ավտոմեքենայի ապակին իջեցրել է ու ասել. «Արա՛, թարգը տվեք, էս ի՞նչ եք անում, մեծ կին կա կանգնած»:
Ըստ տուժողի ցուցմունքի՝ այդ ասելուց հետո մի տղամարդ եկել է իր ուղղությամբ, սակայն ինքն անմիջապես քշել է ավտոմեքենան ու հեռացել: Հասնելով ավտոմեքենաների սպասարկման կետին՝ իրեն ուղղված արտահայտությունից, թե՝ «էտ ում արա ասեցիր», պտտվել է ու տեսել է ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանին և ևս մեկ անձնավորության, ով եղել է ծաղկավոր վերնաշապկով ու քաշել է Արարատի ձեռքից:
Տուժողը նաև նշեց, որ իրեն չեն հարվածել, այլապես կզգար, ավտոսպասարկման աշխատակիցները միջամտել են վիճաբանությանը և հարթել, ինչից հետո ինքը որդու հետ հեռացել է այդտեղից:
Տուժող Սանասար Բադալյանը նաև նշեց, որ դեպքի վայրում գետնին ընկած որևէ մեկին չի տեսել: Ծեծկռտուք էլ չի տեսել, բայց հայհոյանքներ է լսել, ինչպես նաև լսել է տարեց կնոջ ձայնը, ով բղավելով ինչ-որ բաներ է ասել:
Հարցին, թե ալկոհոլի հոտ զգացե՞լ է այդ տղաներից, տուժողը բացասական պատասխան տվեց:
Ըստ տուժողի՝ ծաղկավոր վերնաշապկով տղային դեպքի վայրում չի տեսել, այլապես կհիշեր՝ հագուստով պայմանավորված:
Դատախազ Վարդգես Սարգսյանը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքները: Դատախազը նշեց, որ առկա են բազմաթիվ հակասություններ, ծաղկավոր վերնաշապկով տղայի, Արարատ Նիկողոսյանի, ալկոհոլ օգտագործած լինելու և այլ դրվագներով:
Միջնորդության վերաբերյալ ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը խնդրեց դատական նիստը 1 շաբաթով հետաձգել, իրենց տրամադրել նիստի կրիչը և իրենց հնարավորություն տալ ուսումնասիրելուց հետո դիրքորոշում հայտնել:
Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակի, տրամադրեց 1 ժամ ժամանակ՝ մեղադրողի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: