Նոր ընկերությունը՝ հին մեթոդներով շարունակում է վնասազերծել թափառող շներին Գյումրիում: Հանրապետության երկրորդ քաղաքում շարունակում են շներին վնասազերծել կրակոցի միջոցով: Այս պահին, ըստ պատասխանատուների, այլ տարբերակ չկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ ծառայության պետ Կնյազ Մանասյանը, ընդհանուր առմամբ խնդիրն այնքան բարդ է, որ նույնիսկ տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունը վերջերս հրաժարվել է այդ ծառայությունն իրականացնելուց, և ստիպված մեկ ամիս է աշխատանքներն իրականացնում է մեկ այլ ընկերություն: Ըստ պատասխանատուի՝ քաղաքում որսորդ գտնելն էլ է բարդ:
Կառույցին դժվարությամբ է հաջողվել փորձառու՝ 30 տարվա փորձ ունեցող որսորդ գտնել: «Ստերջացման մասին խոսելն ավելորդ է՝ շատ թանկ արժե, և դա հասու չէ մեր բյուջեին, բայց փոխարենը ընկերությունը մտածում է շներին ինչ-որ հատուկ տարածքներում հավաքելու մասին, թեև սա ևս խնդիրների հետ է կապված»,-նշեց պատասխանատուն՝ փաստելով, որ թափառող շներին վնասազերծում են կրակոցով, սպանված շունն արժե 1000 դրամ։ Շների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպությունն առավոտ վաղ է դա իրականացնում: Հիմնականում վնասազերծմամբ զբաղվող «Զբոսայգիներ և պուրակներ» ընկերությունը շների «հետքերով» գնում է բնակիչների ահազանգերով՝ տարածքի բնակիչներին պարտադիր հարցուփորձ անելուց հետո:
Արմենուհի Մխոյան