Սիրարփի Խոջաբաղյանի և Հայկ Երանոսյանի հայկական ավանդական հարսանիքը. Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել հայկական ավանդական հարսանիք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրարփի Խոջաբաղյանի և Հայկ Երանոսյանի հայկական ավանդական հարսանիքը. Հարսն ինչքան գեր է, այնքան ավելի շատ պետք է վճարել․ ինչպես կազմակերպել հայկական ավանդական հարսանիք

Ասում են՝ հայերը յոթ օր, յոթ գիշեր էին հարսանիք անում։ Այդ օրերը հագեցած էին տարատեսակ խաղերով ու ծեսերով։ Դա իսկական ժողովրդական ուրախ տոնակատարություն էր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե վերադարձնենք հին ավանդույթները։ Կարելի՞ է արդյոք համատեղել այն կյանքի ժամանակակից ռիթմի հետ։

Յուրաքանչյուր աղջիկ երազում է գեղեցիկ հարսանիքի մասին։ Իսկ ինչպիսի՞նն է այն ժամանակակից հայուհիների մեծ մասի պատկերացմամբ։ «Կատարյալ» հարսանիքի մի քանի չափանիշ թվարկենք՝ աբողջությամբ ծաղիկներով զարդարած մեծ լուսավոր սրահ, ուժեղ, երբեմն խլացնող ռաբիս երաժշտություն, անփոփոխ «հարսանեկան» ծրագրով հաղորդավար, որի ծրագրում միայն անուններն են փոխվում, և իհարկե, մի քանի հարկանոց տորթ, որի մեծ մասը բուտաֆորիա է։

Նույնիսկ այս բոլոր պարագաների առկայության դեպքում չի կարելի ասել, որ հարսն ու փեսան իսկապես վայելում են արարողությունը, թեև հյուրերը՝ նույնպես։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով է, որ երիտասարդ բազում զույգեր այլընտրանք են փնտրում, իսկ ոմանք ազգային ավանդույթներին են վերադառնում։

Հարսանիքը որպես ժողովրդական հեքիաթ

Արևելագետ Հայկ Երանոսյանն ու տնտեսագետ Սիրարփի Լեռանե Խոջաբաղյանը ռիսկի դիմեցին․․․: Ռիսկի դիմեցին ու նշեցին հարսանիքը ոչ թե ընդունված ձևով, այլ համաձայն Սյունիքի ավանդույթների։ Ամուսիններից երկուսն էլ ծագումով սյունեցի են։

«Մենք ուզում էինք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում ավանդական հայկական հարսանիքն ու ինչպե՞ս է կարելի կազմակերպել այն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայկը։

Խնդիրը հեշտ չէր, իսկ ավելի ճիշտ՝ բավականին դժվար, քանի որ մտահաղացումն իրականացնելու համար զույգին ոչ մի կազմակերպություն չէր կարողանում օգնել։ Մի խոսքով, երիտասարդների համար դա իսկական մարտահրավեր էր, բայց նրանք որոշեցին հետ չկանգնել։ Գրեթե երկու տարի էր պետք բոլոր նյութերն ուսումնասիրելու, ու այդ ամբիցիոզ գաղափարն իրականացնելու համար։ Սակայն, արժեր այդ ամենն անել։

«Հետո մեր հյուրերից շատերը խոստովանում էին, որ այլևս դժվարությամբ են այլ հասրանիքների մասնակցում»,- ժպիտով նշում է Սիրարփին։

Սիրարփի Խոջաբաղյանի և Հայկ Երանոսյանի հայկական ավանդական հարսանիքը

Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ եղել։ Անտանելի բարձր երաժշտությամբ հարսանյաց սրահը նրանք փոխարինեցին Սյունիքի լեռներում ծվարած մի գեղատեսիլ գյուղով, տոնակատարությունը բաց երկնքի տակ էր։ Մեկ օրվա փոխարեն երեք օր է տևել՝ ազգային հայկական հարսանիքի բոլոր կարևոր ավանդույթների պահպանմամբ։

Հարսն ու փեսան, ինչպես նաև բոլոր հյուրերը (մոտ 300 մարդ) տարազներով էին։ Ի դեպ՝ հարսանիքի ժամանակ հինգ հարկանի տորթ չկար, դրա փոխարեն մեծ փախլավա էր։ Չկար նաև հրավառություն, սակայն այն վերածվել է այնպիսի տոնակատարության, որի մասին միայն գրքերում ենք կարդացել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am