Շուշաննա Թովմասյանն ու Սարգիս Ավետիսյանը ծանոթացել են ամիսներ առաջ` երգչի նոր տեսահոլովակի նկարահանումներին, իսկ հաջողված աշխատանքն առիթ է հանդիսացել, որպեսզի կրկին միասին հանդես գան: Առաջիկայում «Կենտրոն»-ով ցուցադրվելիք սերիալի գլխավոր դերակատարները հենց նրանք են: Նոր նախագծում սիրային զույգի մարմնավորող Սարգիսն ու Շուշաննան լուսանկարվել են BRAVO.am-ի համար:
«Կարծում եմ՝ այս անգամ ևս շատ լավ համագործակցություն կստացվի: Իմ կուտակած փորձով կփորձեմ օգնել Սարգսին, իսկ ժամանակի ընթացքում նա կսովորի սերիալային տեմպին ու գրաֆիկին: Եթե մարդու ոգևորությունն ու ցանկությունը մեծ է, հերիք է՝ նա ականջ դնի մասնագետների խորհրդին, և ամեն ինչ կստացվի: Ի վերջո, Սարգիսը միշտ աշխատել է տեսախցիկի հետ, պահել է հանդիսատեսի հետ կապը բեմից, ինչը մեծ բան է»,- մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին:
Սարգիսն էլ չի թաքցրել ուրախությունն այն առթիվ, որ հնարավորություն ունի ուժերը փորձել նոր հարթակում.«Իմ տեսահոլովակի նկարահանման ժամանակ ամեն ինչ անում էինք լավագույն արդյունքը ստանալու համար, այս դեպքում ևս կփորձենք օգնել իրար: Կարևորը՝ շատ լավ ենք տրամադրված և բոլոր դժվարությունները կհաղթահարենք»,- ասել է երգիչը:
Նշենք, որ նոր հեռուստասերիալի համար ընտրվել է «Երևի» անվանումը, պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, սցենարի հեղինակը` Արփի Վանյանը, իսկ ռեժիսորն է Վահե Սայանը: