Անպաշտպան մարդկանց տեսնելով` ճապոնացի կապիտանը նրանց նավ վերցրեց` ջուրը նետելով մետաքսն ու ճենապակին։
Խոսելով Թուրքիայում քրիստոնյաների Ցեղասպանության մասին` պետք է հիշել նաև այն մարդկանց արիությունը, ովքեր օգնության հասան։ Այդ մասին գրում է Ֆրանսիայի հայկական պարբերական Nouvelles d’Armenie–ն։
Օգնության էին հասնում նույնիսկ հեռավոր Ճապոնիայից։ 1922 թվականի փետրվարին Տոկիոյում հայերի օգնության հիմնադրամ էր ստեղծվել. այն ստեղծելու կոչ էր արել ամերիկացի միսիոներ Լինքոլն Վիրթը։ Հիմնադրամի միջոցները տնօրինում էր ճապոնացի խոշոր առևտրական, դերկոմս Էիչի Սիբուսավան։ Իսկ հանգանակություն էին անում ամենատարբեր մարդիկ` նախարարներից մինչև հասարակ ճապոնացիներ։
Այս ամենում իր ներդրումն է արել նաև առաջին կին դեսպանը։ Բիրմայում ապրող հայուհի Դիանա Աբգարը դարձավ Ճապոնիայում Հայաստանի դեսպան Առաջին հանրապետության տարիներին։ Դիվանագետի կարգավիճակն օգնում էր նրան բազմաթիվ հայերի համար ապաստան գտնել։ Ճապոնիա էին նրանք հասնում Ռուսաստանի հեռավոր արևելքով։ Իսկ այնտեղից շատերը կարողանում էին Միացյալ Նահանգներ գնալ։
Ժամանակի հայերի ու հույների մոտ մեծ արձագանք գտավ ճապոնացի կապիտանի արարքը։
1922 թվականի աշնանը Սմիրնա մտան թուրք հանրապետական զորքերը։ Պարզվեց, որ սուլթանականից նրանք ոչնչով չէին տարբերվում։ Թուրքական քաղաքում միայն թուրքեր պիտի լինեն` որոշեցին նրանք։ Եվ որպեսզի երկար քաշքշուքների մեջ չընկնեն, սկսեցին այրել հայերով և հույներով բնակեցված թաղամասերը։
Վերացող քաղաքն ու ափին հավաքված բնակիչները պարզ տեսանելի էին քաղաքային նավահանգստի խարսխակայանում կանգնած դաշնակիցների նավերից։ Նավերի շարքում ճապոնական առևտրական մի նավ կար` «Տոկեյ Մարու», որով մետաքս, ժանյակ և ճենապակի էին տեղափոխում։
Տեսնելով, թե ինչ է կատարվում` կապիտանը հրամայեց ամբողջ թանկարժեք բեռը ջուրը նետել։ Թե ինչ պատասխան էր նա տալու ղեկավարությանը, չէր մտածում։ Կապիտանը նավ վերցրեց ամենաթանկարժեք «բեռը»` հարյուրավոր տառապող մարդկանց, որոնց Հունաստան տեղափոխեց։
Այս պատմությունը գտել և հրապարակել են հույն պատմաբան Ստավրոս Ստավրիդիսն ու նրա ճապոնացի գործընկեր Նանակո Մուրատա–Սավայանագին։
Ի հիշատակ ճապոնացի սպայի քաջության` 2016 թվականի հունիսին Հունաստանի հասարակական կազմակերպությունները Աթենքում ճապոնացի դեսպանին վահանաձև ցուցանակ ընծայեցին։ «Լավ կլիներ, եթե նրանց օրինակին հետևեն նաև հայկական կազմակերպությունները», – գրում է պարբերականը։
Ճապոնացիների հոգու ճիչը. տարբեր երկրներից հազարավոր մարդկանց փրկած ու իրենց բարի կամքը դրսևորած մարդկանց մասին բազմաթիվ պատմություններից մեկն է սա։ Այդ պատմություններից շատերը դեռ կբացահայտվեն և կկարդացվեն։