Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) պատրաստակամ են ամրապնդելու համագործակցությունը մեդիա ոլորտում: Այս մասին Բեյրութում հանդիպման ժամանակ խոսել են լրատվական գործակալությունների տնօրեններ Արամ Անանյանը և Լորա Սլեյմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը:
Դեսպանն ընդգծել է, որ հանդիպմանը լիբանանյան ազգային գործակալության հետ նախաձեռնվել է համագործակցության նոր մեկնարկ: «Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կստորագրենք փոխըմբռնման հուշագիր, որտեղ կընդգծվեն NNA-ի և «Արմենպրես»-ի միջև համագործակցության սկզբունքներն ու ձևաչափը: Հավատացած ենք, որ այս հուշագիրը շատ կարևոր է մեկ լրատվական գործակալությունից դեպի մյուսը լուրերի փոխանցումն իրականացնելու տեսանկյունից, ինչն էլ իր հերթին թույլ կտա ցույց տալ ոչ միայն Լիբանանում և Հայաստանում, այլև Մերձավոր Արևելքում ու Կովկասում ու դրանից այն կողմ տեղի ունեցող իրադարձությունները»,- հավելել է Մկրտչյանը: Նա համոզմունք է հայտնել, որ այս համագործակցությունը շատ շուտով կհիմնվի ամենաբարձր մակարդակով: «Մենք ակնկալում ենք շարունակական կերպով ամրապնդել համագործակցությունը՝ մասնավորապես ի շահ հայկական համայնքի, որն իրավունք ունի ավելի լավ ու ճշմարտացիորեն տեղեկացված լինել վերջին զարգացումների վերաբերյալ»,- ասել է ՀՀ դեսպանը:
«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ընդգծել է մեդիա համագործակցության կարևորությունը: «Իմ թիմն ու ես մշտապես մեր աշխատանքն ու գաղափարները նվիրում ենք հանուն լրագրության, լրատվական գործակալությունների ապագայի: Մեր գործընկերներին մեր իսկ կողմից ուղղվող առանցքային ուղերձներից մեկն այն է, որ ազգային գործակալությունների միջև համագործակցությունը լրատվական ինդուստրիայի ավելի լավ ու հաջող ապագայի հիմնաքարերից է: Մեր օրերում լրատվական գործակալությունները ողջ աշխարհում լրատվության ամենամեծ մատակարարներն են»,- ասել է Անանյանը: Նա ընդգծել է լիբանանյան գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Լիբանանի միջև պատմական և ներկայիս առնչությունները, ինչպես նաև երկու երկրի ժողովուրդների միջև հարաբերությունները:
«Հայաստանում «Արմենպրես»-ը միակ լրատվական գործակալությունն է, որը լուրեր է հաղորդում արաբերենով: Մենք մտադիր ենք ապագայում ընդլայնել այս բաժինը: Լիբանանյան մեր գործընկերոջ հետ համագործակցությունը մեզ ավելի կքաջալերի արագացնելու գործողություններն այս ուղղությամբ»,- նշել է Անանյանը:
NNA-ի և «Արմենպրես»-ի միջև համագործակցությանն ու կայացած հանդիպմանը լայնածավալ անդրադարձ է արել նաև Լիբանանի ազգային գործակալությունը: