ՀայՄեդիա.am-ի՝ «Բացահայտենք աշխարհը» խորագրով նախագծի այս հրապարակումը ներկայացնում է Գերմանիան, գերմանացիների բարքերն ու դրանց առանձնահատկությունները:
Լրագրող Լիլիթ Լալայանը Գերմանիա է մեկնել մեկ տարի առաջ՝ կամավորական ծրագրով: Աշխատանքին զուգահեռ՝ Լիլիթը նաև խորացված ուսանում է գերմաներեն: Գերմանացիները շատ թեթև են և հանգիստ՝ պատմում է Լիլիթը՝ հավելելով՝ արտասահմանցիների հետ շատ բարեհամբույր են ու բաց, ինչն էլ հեշտացնում է ինտեգրվելն ու հասարակության մաս կազմելը:
Հասարակական վայրերում գերմանացիները միմյանց ժպտում են և բարևում
Գերմանիա մեկնելուց առաջ շատերի նման ես էլ կարծրատիպեր ունեի գերմանացիների և Գերմանիայի մասին: Այստեղ գտնվելով հրաշալիորեն զարմացա, այդ կարծրատիպերն էլ սկսեցին հետզհետե չեզոքանալ:
Այն տեսակետը, թե գերմանացիները ազգայնական են, սառը, հաշվենկատ, կարգապահ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:
Գուցե նրանք առաջին հայացքից սառն են, բայց իրականում շատ բարեհամբույր են: Կարծում եմ՝ այդ կարծրատիպերն առաջացել են նրանից, որ գերմանացիները շատ դժվարությամբ են որևէ մեկին թողնում իրենց անձնական տարածք: Ի տարբերություն մեզ՝ հայերիս, նրանք դժվար են գնում կոնտակտի և մտերմիկ հարաբերության: Արտասահմանցիների նկատմամբ շատ բաց են, պատրաստակամ և հետաքրքրասեր:
Ինչն է հետաքրքրական՝ գերմանացիները որևէ հասարակական վայր գնալիս միմյանց անպայման բարևում են և ժպտում: Դա կրթվածության նշան է:
Ես շատ եմ հավանում Գերմանիայի հանգստությունը, այստեղ կյանքը սթրեսային չէ, շատ թեթև է և մարդիկ չափազանց հանգիստ են, այն աստիճան, որ երբեմն դա կարող է նյարդայնացնել, սակայն այնտեղ ապրելով հասկանում ես, որ այդպես կյանքը առավել հեշտ է:
Գերմանացիները կյանքում և հարաբերությունների մեջ շատ պրակտիկ են: Իսկ հաշվենկատ լինելն իրականություն է, անգամ ինչ-որ խոհանոցային ապրանք գնելիս կարող են կարդալ ողջ տեղեկատվությունը՝ մանրամասնորեն ծանրութեթև անելով դրական և բացասական կողմերը:
Ինչ վերաբերում է կարգապահությանը, ապա նշեմ, որ Գերմանիայում գնացքները, ավտոբուսները հաճախ են ուշանում, մարդիկ կարող են ուշանալ դասերից, աշխատանքից, հանդիպումներից: Այնուամենայնիվ, կա պարտաճանաչություն, բայց ոչ այնքան, որի մասին այդքան խոսվում է:
Հայերին հիմնականում ճանաչում է կիրթ հատվածը
Կրթված, ինտելեկտուալ հատվածը տեղյակ է Հայոց Ցեղասպանության, Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին, շատերը կարդացել են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործությունը:
Բայց մեծ մասը չեն ճանաչում հայերին, բացի այդ, այստեղի հայ համայնքն այնքան էլ ակտիվ չէ և միայն վերջերս է սկսել որոշակի ակտիվություն դրսևորել:
Գերմանական ընտանիքները ամուր են պահպանողական
Գերմանական ընտանիքները շատ ամուր են: Յուրաքանչյուր ընտանիքում կան ձևավորված ավանդույթներ. սրբորեն պահպանվում են Ծննդյան տոները միասին նշելը, միմյանց նվերներ տալը, ընտանիքի անդամներով խորոված կամ գրիլ պատրաստելը, հայրերի տոնը նշելը և այլն:
Ամուսնությանը շատ լուրջ են վերաբերվում՝ ամուսնություն մինչև կյանքի վերջ սկզբունքով: Ամուսնական զույգերի միջև տարբերությունը բավականին քիչ է, միայնակներ շատ քիչ են լինում:
Գերմանացիները կարող են ուշ տարիքում ընտանիք կազմել, տարիներով միասին ապրել և հետո նոր գրանցել ամուսնությունը, շատ պատասխանատու են նաև երեխաներ ունենալու և դաստիարակելու հարցում: Ես ոչ մի երկրում չեմ տեսել նման պահպանողական մոտեցում: Օրինակ՝ հստակ դրվում է՝ որքան ժամանակ պետք է երեխան հեռուստացույց դիտի, որ հեռուստաալիքները պետք է դիտի, ինչ ինֆորմացիա պետք է ստանա համացանցից: Ամեն ինչ է ֆիլտրվում՝ սննդակարգ, քնի ռեժիմ, ազատ ժամանակ, հոբբիներ, շատ ծնողներ նույնիսկ իրենց երեխաների նկարները չեն թույլատրում սոցիալական ցանցերում հրապարակել՝ ելնելով երեխայի անձնական անվտանգությունից:
Հետևաբար, այն տարածված տեսակետը, որ Գերմանիան եվրոպական չափազանց ազատ երկիր է, որ այստեղ ամենաթողություն է և վատ բարքեր, իրականությանը չի համապատասխանում:
Գերմանիայում բացասական է ընկալվում ոչ միայն կնոջ, այլև տղամարդու դավաճանությունը
Գերմանացիներն անձնական հարաբերությունների մեջ ևս շատ պահպանողական են: Եվ ընդ որում, ավելի պահպանողական, քան հայերը: Եթե Հայաստանում հարաբերությունների կամ ամուսնության մեջ բացասական է դիտվում հիմնականում միայն կնոջ դավաճանությունը, իսկ տղամարդու դավաճանությունը շատ դեպքերում արդարացվում է, ապա Գերմանիայում դավաճանությունը երկուստեք է բացասական ընկալվում և երկուստեք էլ պախարակվում է:
Ամուսնությունից և հարաբերություններից առաջ նրանք քննարկում են՝ ինչ ակնկալիքներ ունեն միմյանցից, ով ինչ պարտականություններ ունի, ով ինչպես է պատկերացնում հետագա կյանքը, հանգստի, ժամանցի կազմակերպումը և այլն: Հետևաբար, զույգերի մեջ խնդիրներ շատ քիչ են լինում: Այս ամենից բացի, այստեղ նախևառաջ ընկերներ են, հետո միայն ամուսիններ:
Հիմնականում ամուսնանում են 30 տարեկանից հետո, ավելի ցածր տարիքում ամուսնանում են սոցիալապես անապահով կամ ցածր կրթական մակարդակ ունեցող մարդիկ:
Գերմանիայում ծանոթ-բարեկամը չի անցնում
Կրթության մակարդակը Գերմանիայում բավականին բարձր է: Անգամ եթե բարձրագույն կրթություն ստացած չեն լինում, միևնույն է՝ կարդացած են և շատ տեղեկացված: Համալսարանում սովորած, ակադեմիական կրթություն ստացած մարդն այստեղ շատ հարգված է:
Գերմանիայում շատ տարածված է միջին մասնագիտական կրթությունը, որը հայաստանյան բուհերից 10 անգամ ավելի որակյալ կրթություն է ապահովում: Այստեղ երբեք չեն գնում ձևական կրթության, այդ դեպքում նրանք անգամ մեկ կիսամյակ էլ չեն փոխադրվի: Այստեղ ծանոթ-բարեկամը չի անցնում:
Երբ ես իմ գերմանացի ընկերներին պատմում եմ մեր և մեր նման երկրներում առկա խնդիրների մասին, հատկապես կոռուպցիայի, նրանք զարմանում են: Նրանց համար կոռումպացված դատավոր, դասախոս կամ բժիշկն անհասկանալի է, որովհետև իրենց մոտ կոռուպցիայի մակարդակը ցածր է, նրանք չեն ընկալում, թե ինչպես կարելի է կաշառք տալ, որպեսզի ստանաս այս կամ այն բանը:
Ամբողջությամբ՝ haymedia.am