Հայրենադարձությունը խորհրդային իրականության փորձաքար. Տիգրան Պասկևիչյան. boon.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայրենադարձությունը խորհրդային իրականության փորձաքար. Տիգրան Պասկևիչյան. boon.am

Որևէ երկրի քաղաքական, տնտեսական կարգերը գնահատելիս շատ կարևոր են ներգաղթի և արտագաղթի ցուցանիշերը։ Այսինքն՝ եթե շատ մարդ է մտնում երկիր, դա խոսում է քաղաքական և տնտեսական գրավչության, ձգողականության մասին։ և հակառակը՝ եթե մարդիկ հեռանում են, նշանակում է կյանքի բավարար պայմաններ չկան։

Այս տեսակետից հետաքրքիր կլինի դիտարկել Խորհրդային Հայաստանի պատմությունը։ Ասելով Խորհրդային Հայաստան, նկատի ունեմ ոչ միայն աշխարհագրական տարածքը, այլև հասարակարգն ու իրականությունը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920-90 թվականներին, դեպի Հայաստան եղել է երեք ներգաղթ։ 1921-36-ին Հայաստանն ընդունել է ավելի քան 40 հազար հայերի։ 1946-49-ին՝ 95 հազար։ 1962-80-ին, ոչ լրիվ ճշտված տվյալներով՝ ևս 40 հազար։ Ուրեմն՝ 70-ամյա պատմության ընթացքում Խորհրդային Հայաստանն ընդունել է շուրջ 175 հազար ներգաղթող։ Պետք է խոստովանել, որ մարդկային ներուժի այս հոսքերը բավական տպավորիչ են։

Վիճակագրական տվյալներին ծանոթանալիս կարելի է արձանագրել, որ խորհրդային իրականությունը գրավչություն է ունեցել և հազարավոր մարդկանց ստիպել է թողնել բնակության նախկին վայրերն ու ներգաղթել Հայաստան։ Բայց չպետք է մոռանալ, որ 70-ամյա պատմության առնվազն 50 տարվա ընթացքում արտագաղթելու հնարավորությունը եղել է բացառված։

Միգրացիա երևույթի, որը ներառում է ե՛ւ ներգաղթը, ե՛ւ արտագաղթը, դասական ձևակերպումը լավ կյանքի որոնումն է։ Բառացիորեն այսպես. «Մարդկանց, խմբերի տեղաշարժ դեպի նոր տարածքներ, երկրներ աշխատանք և կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու համար»։ Այսինքն՝ միգրացիայի շարժիչն՝ ըստ այս ձևակերպման, ընտրությունն է՝ համեմատելը և տարբերությունն զգալը։ Այս իմաստով դեպի Հայաստան երեք ներգաղթներն էլ չեն համապատասխանում դասական ձևակերպմանը։

Ասվածը փաստելու համար փորձենք առանձնացնել երկրորդ ներգաղթը, որ հայտնի է որպես Մեծ հայրենադարձություն, քանի որ դրանում շատ պարզ երևում է սեփական կամքով ընտրություն կատարելու և քարոզչական պարտադրանքի ենթակա լինելու տարբերությունը։

1945-ի գարնանը, երբ 2-րդ աշխարհամարտը դեռ չէր ավարտվել, բայց ակնհայտ էր, որ ԽՍՀՄ-ը հաղթում է, Հայաստանի ղեկավարությունը դիմում-նամակներով փորձում էր համոզել կենտրոնական իշխանությանն, ավելի ճիշտ՝ Ի.Վ. Ստալինին, կազմակերպել հայերի ներգաղթ։

Մոսկվան՝ ոգևորված պատերազմի հաղթանակներով, ցանկություն ուներ ծավալվել դեպի Թուրքիա և Իրան։ Հայաստանին պետք է միացվեին Կարս-Արդահանի գավառները։ և որպեսզի դա չհամարվեր ագրեսիա, ԽՍՀՄ դիվանագիտությունն առաջխաղացման այդ ցանկությունը փորձում էր ներկայացնել որպես 1-ին աշխարհամարտի ընթացքում հայության կրած վնասների փոխահատուցման ակտ։ Պոտսդամի կոնֆերանսում ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Մոլոտովը դաշնակից պետությունների ԱԳ նախարարներին համոզում էր, որ աշխարհով մեկ սփռված հայությանն ի մի բերելու համար անհրաժեշտ է տարածքային վերաձևումներ անել։

ԽՍՀՄ այդ ծրագիրը, բնականաբար, ձախողվեց. դաշնակից հավանություն չտվեցին, իսկ 1945-ին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքներին ուղղված ատոմային հարվածներով հավասարակշռությունը խախտվեց։ Միացյալ Նահանգները հավասարների մեջ դարձան առաջինը։ Ավելի ուշ՝ 1947-ին Թրումենյան դոկտրինով Թուրքիան կհայտնվի ԱՄՆ հովանու ներքո և կավարտվի «հայոց արդարությունը» վերականգնելու գործընթացը։

1945-ի նոյեմբերի 21-ին, երբ Ստալինը ստորագրում էր հայերի ներգաղթն արտոնելու հրամանագիրն, արդեն պարզ էր, որ հողերը չեն միացվելու։ Ստալինը ոգևորված չէր ներգաղթով, որովհետև գիտեր, որ երկիրը սոցիալ-տնտեսական լուրջ դժվարություններ ունի և զանգվածային հոսք ընդունելու ունակ չէ։ Բայց Հայաստանի իշխանությունները պնդում էին՝ հույս ունենալով հընթացս լուծել մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև Ղարաբաղի խնդիրը։

boon.am