Խաչով «կուկուռուզնիկն» ու Երևանի մոդեռնիստական հրեշները. ինչո՞ւ են քանդում ժառանգությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խաչով «կուկուռուզնիկն» ու Երևանի մոդեռնիստական հրեշները. ինչո՞ւ են քանդում ժառանգությունը. armeniasputnik.am

Մոդեռնիստական «հրեշ-շենքերը» գլխացավանք են դարձել այն ճարտարապետների համար, որոնք ստեղծել են Երևանի Երիտասարդական պալատը, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և հայերի համար արժեքավոր ճարտարապետական այլ հուշարձաններ։

Վերջին տասնամյակում Հայաստանում ոչ միայն մեկը մյուսի հետևից բարձրահարկ շենքեր են կառուցում, որոնք չեն համապատասխանում քաղաքի դիմագծին, այլ նաև քանդում են հին շենքերը, որոնք կարող էին Երևանի հպարտությունը դառնալ։

Արդեն տևական ժամանակ է` համացանցում մի լուսանկար է պտտվում, որում ապակեպատ ճակատով ու խաչով շենք է պատկերված։ Լուրերի համաձայն` հենց այդ շենքն է կառուցվելու Երևանում քանդված Երիտասարդական պալատի (հայտնի «կուկուռուզնիկի») տեղում։ Ի դեպ, ակադեմիկոս, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Պողոսյանն անմիջական մասնակցություն է ունեցել երբեմնի «կուկուռուզնիկի» կառուցմանը։

«2014 թվականին մրցույթ էր հայտարարվել Երևանի նախկին խորհրդանիշի տեղում կառուցվելիք նոր շենքի նախագծի համար։Այն ժամանակ մոտ 100 նախագիծ մասնակցեցին մրցույթին։ Իսկ խաչով շենքը խոտանեցին», — այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Պողոսյանը:

Նա կարծում է, որ այդ գաղափարն առաջարկած ճարտարապետները պարզապես որոշել են ևս մեկ անգամ հիշեցնել իրենց մասին։

Հզոր ճարտարապետություն, ուժեղ ժողովուրդ

Ճարտարապետությունը ցանկացած երկրի իշխող վերնախավի ձեռքում յուրահատուկ զենք է։ Ճարտարապետը համոզված է, որ իշխանությունը միշտ հասկանում է ճարտարապետական ժառանգության նշանակությունն ու արժեքը։

«Օրինակ` Իտալիայում, Հունաստանում ճարտարապետությունը ապրանքանիշ է, այցեքարտ»,- ասաց Պողոսյանը։

Բայց սեփական ժառանգության պահպանման մասին պետք է մտածի առաջին հերթին քաղաքացին, որովհետև իշխանությունը փոխվում է, և հենց ժողովուրդը պետք է հասկանա ու գնահատի խորհրդային սերնդի թողած ժառանգությունը։

«Եթե անընդհատ քանդում ու նոր բան ես կառուցում, նշանակում է` տեղում դոփում ես։ Դա չի զարգացնում մշակույթը, գիտությունը, արտադրությունը», — ընդգծեց նա։ Պողոսյանը հիշեցրեց նաև` երբ և ինչպես է ստեղծվել Հայաստանի ազգային ակադեմիան։

«Հայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թվականից` Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիա) ստեղծվել է 1943 թվականին` Մեծ Հայրենականի ամենաթեժ պահին։ Իսկ 1946 թվականին ստեղծեցին Բյուրականի աստղադիտարանը։ Ի՞նչ եք կարծում` այս մարդիկ խե՞նթ էին»- հռետորական հարց ուղղեց մասնագետը և պարզաբանեց` գաղափարի հեղինակները հասկանում էին, որ պատերազմը կավարտվի, իսկ թշնամուն իսկապես հաղթել հնարավոր է միայն գիտության համար հիմք դնելով։

Պողոսյանը համոզված է` երկիրն ու ճարտարապետությունը կարող են քանդել միայն այն մարդիկ, որոնք հոգևոր դաստիարակություն չեն ստացել, որոնք երբևիցե չեն եղել օպերային թատրոնում ու սիմֆոնիկ երաժշտություն չեն լսել։ Ճարտարապետը համոզված է` եթե միայն կոմերցիայի մասին մտածես, դրանից ոչ մի լավ բան չի ստացվի։

Տարօրինակ որոշումներ

Խոսելով «Ռոսիա» կինոթատրոնի մասին (որի տարածքում հիմա բուռն առևտուր է ընթանում)` ճարտարապետը նշեց, որ սեփականատերերը սկզբում փորձում էին իր խորհուրդներին հետևել, երբ որոշել էին շենքը վերակառուցել։

«Չորս տարի աշխատում էի «Ռոսիա» կինոթատրոնի սեփականատերերի հետ։ Փորձում էի անել ամեն բան, որ շենքը հնարավորինս չտուժի», — ասաց Պողոսյանը։

Սակայն ավելի ուշ ճարտարապետը հասկացավ, որ «Ռոսիան» փրկել չի լինի, քանի որ նոր սեփականատերը բոլորովին այլ լուծումներ էր առաջարկում։ Պողոսյանը հրաժարվեց հետագայում համագործակցել նրա հետ։

Հրաչ Պողոսյանի հիմնական աշխատանքները. Աբովյան ու Սևան (1970) քաղաքների գլխավոր նախագծերը, Գորիսի №5 բնակելի թաղամասի կառուցապատումը, Երևանում «Ռոսիա» կինոթատրոնը, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, Դիլիջանում Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տունը, Դիլիջանում հանգստի տների համալիրը, Լենինականում ունիվերսալ մարզահամալիր, պիոներական ճամբար Սևանի ափին, Էջմիածինի գինու մառանը, եկեղեցիներ Աբովյանում, Դիլիջանում, Նոր Հաճնում։

armeniasputnik.am