Հայաստանում McDonald’s սննդի ցանց բացելու մասին լուրերը հայ մասնագետներին չեն ոգևորել։ Նրանք համոզված են` մեր քաբաբը գերադասելի է աշխարհահռչակ արագ սննդից։
Փորձում ենք Երևանի կենտրոնում տեղ տալ սննդային չարիք արտադրող կազմակերպությանը։ Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Երևանում McDonald’s սննդի կետ բացելու մասին տեղեկությունը, ասել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
Հիշեցնենք` Վրաստանում McDonald’s ռետորանային ցանցի հիմնադիր, գործարար Թեմուր Չկոնիան Sputnik Արմենիային ասել էր, որ ՀՀ կառավարությունը կողմ է Հայաստանում McDonald’s ռեստորանների ցանց բացելու առաջարկին։ Նրա խոսքով` առաջին ռեստորանը Երևանում նախատեսվում է բացել մարտին, ՀՀ նախագահի ընտրությունից հետո, մայրաքաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակում։
Ի տարբերություն ՀՀ կառավարության, հայաստանցի մասնագետին նման ներդրումն ու դրա հնարավոր հետևանքները չեն ոգևորում։ Պատճառն արագ սննդի` մարդու առողջությանը հասցնող վտանգն է։
Դավիթ Պիպոյանը նշում է, որ արագ սնունդը տարբերվում է նրանով, որ պատրաստվում է առանց մասնագետ-խոհարարի մասնակցության։ Սննդի կետերը ստանում են պատրաստի կիսաֆաբրիկատներ, որոնք մնում է միայն որոշակի մշակման ենթարկել և մատուցել։ Կիսաֆաբրիկատների պահպանման երկար ժամկետ ապահովելու համար էլ արտադրողները դրանք մշակում են մեծ քանակությամբ հավելումներով։ Արդյունքում արագ սննդից օգտվելիս` մարդու օրգանիզմը, մասնագետի խոսքով, ենթարկվում է վնասակար նյութերի կոմպլեքս ազդեցության։
«Մեծ քանակությամբ ածխածին պարունակող մթերքների բարձր ջերմային մշակման ենթարկելու արդյունքում առաջանում է ակրիլամիդ, որը քաղցկեղածին նյութ է։ Բոլորդ շատ լավ գիտեք, թե ինչպես են պատրաստվում այդ տապակաները, չիփսերը` եռացող բուսայուղերի մեջ, և բոլորս գիտենք, որ դրանք ամեն ժամը մեկ չեն փոխվում։ Բնականաբար, դրանցում արդեն, բացի ակրիլամիդից առաջանում է նաև ազատ ռադիկալների մեծ քանակություն, որոնք օրգանիզմը տանում են ծերացման, կարող են շաքարային դիաբետ առաջացնել»,- ասում է Պիպոյանը։
Արագ սննդի հայկական տարբերակները` արագ պատրաստվող սննդի հայաստանյան հայտնի ցանցերը, Պիպոյանի կարծիքով, ի տարբերություն McDonald’s-ի, անհամեմատ ավելի անվտանգ են։
«Օրինակ քաբաբը պատրաստվում է աղացած մսի ֆարշից, որի մեջ կա սոխ, կանաչի, բնական համեմունքներ։ Այն ձեթի մեջ չի տապակվում և մատուցվում է մեր ավանդական հացով` լավաշով, կանաչիով, որին ավելացնում են բնական բանջարեղեն` լոլիկ, սոխ, կաղամբ, որոնք բոլորն էլ օրգանիզմի համար դրական ազդեցություն ունեն»,- ասում է նա` հավելելով, որ այս սնունդն անհամեմատելի է բարձր ջերմամշակում անցնող կիսաֆաբրիկատների հետ։
Բացի առողջականից, McDonald’s-ը, Պիպոյանի համոզմամբ, բացասական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա։ Մեր երկրում համաշխարհային ցանցի առկայությունից առաջին հերթին տուժելու են հատկապես ազգային բարձրակարգ սնունդ առաջարկող ռեստորանները։ McDonald’s-ի առաջարկով ոգևորվելուց առաջ ՀՀ կառավարությունը նախ պետք է մտածեր, թե ինչ այցեքարտով է մեր երկիրը ներկայանում աշխարհին, ինչ ազգային կերակրացանկ է առաջարկում երկիր այցելող զբոսաշրջիկին։
Ի դեպ, Հայաստանից բացի աշխարհի մի շարք երկրներում այսօր McDonald’s-ի ռեստորան չկա` Բերմուդյան կղզիներում, Իրանում, Մակեդոնիայում, Եմենում, Չեռնոգորիայում, Հյուսիսային Կորեայում, Զիմբաբվեում, Բոլիվիայում, Իսլանդիայում։
Ընդ որում, պետական մակարդակով արգելք գործում է սրանցից միայն 3-ում` Հյուսիսային Կորեայում, Իրանում և Բերմուդյան կղզիներում։ Մնացած երկրներում McDonald’s–ի ցանցը փորձեր արել է հիմնվելու, բայց շուտով փակվել է` կա՛մ տեղի իշխանությունների` ազգային սննդի ցանցերին օժանդակող տնտեսական քաղաքականության, կա՛մ տվյալ երկրի սոցիալ–տնտեսական վիճակից դրդված` շահույթ չստանալու հետևանքով։