Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան
Advertisement 1000 x 90

Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձանագրում է, որ արցախյան շարժումն առաջին հերթին արդյունք էր անտանելի դարձած այն ճնշման, որին ենթարկվել է հայ ժողովուրդն Արցախում և Սովետական Ադրբեջանում: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ պատկերացում կա, թե Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու վայրագ գործողությունները եղել են ի պատասխան արցախյան շարժման: «Սխալ հայացք կա այս ամենին և կարծես ընդհանուր մոտեցումն այն է, թե ի պատասխան ղարաբաղյան շարժման են տեղի ունեցել այդ վայրագությունները: Այսօր ավելի քան երբևէ հայությունը պետք է իր համար հստակեցնի, որ արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այդ ճնշումներին, որոնք, անշուշտ, ամենապարզ դրսևորումը ստացել են Արցախում, որովհետև այն, ինչ ստացվել էր Նախիջևանում, չէր ստացվել Արցախում: Ադրբեջանցիները կարողացել էին հայաթափել Նախիջևանը, սակայն նույնն Արցախում անել նրանց չէր հաջողվել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ոչ միայն 1988թ. փետրվարի 27-29-ը, ինչպես ֆիքսվել է, այլ շարունակվել են նաև դրանից հետո: «Այն ժամանակ Սովետական Միությունում որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ ամենը ոչ թե սովորական մի որևէ գործողություն է, այլ բացահայտումն է Ադրբեջանի այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել դեռ 1918թ.: Եվ պատահական չէ, որ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց ռազմավարական նպատակների մասին բացահայտ հայտարարություններ է անում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծում է, որ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, եղել են դատական նիստեր, գրվել են բոլոր ցուցմունքները, սակայն դրանք մինչ օրս ոչ քաղաքական գնահատական են ստացել, ոչ էլ` իրավական: «Դատական վճիռներ կայացվել են, սակայն ոչ ոք չգիտի` իրականացվե՞լ են այդ վճիռները, թե՞ ոչ: Այդ վայրագություններից տուժածների ընտանիքներին էլ մինչ օրս կոմպենսացում չի եղել: Այդ վայրագություններին զոհ է գնացել 32 մարդ, որից 26-ը` հայեր, սակայն մահապատժի է դատապարտվել ընդամենը մեկ մարդ, ու հայտնի էլ չէ, այդ դատավճիռը իրականացվել է, թե ոչ, իսկ Սովետական Միությունում համարեցին, որ Սումգայիթում տեղի են ունեցել խուլիգանական մոտիվներով գործողություններ: Սումգայիթի ջարդերը երեք օր չեն տևել, ոչ էլ երեք տարի: Արդեն 30 տարի է այդ ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է, և, ցավոք, այդ քաղաքականությունը համարժեք գնահատական չի ստանում»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով է նկատում, որ Հայաստանում էլ դեռևս Սումգայիթի ջարդերը չեն ճանաչվել որպես կազմակերպված ցեղասպանական գործողություններ, և մինչ այս պահը այդ վայրագություններից տուժած անձինք հատուկ կարգավիճակ չունեն:



Նման նյութեր