Արիանա Կաուլի. իմ առաջին Տրնդեզը. champord.am
Advertisement 1000 x 90

Արիանա Կաուլի. իմ առաջին Տրնդեզը. champord.am

Այս տարին ինձ համար յուրահատուկ խորհուրդ ունի, քանի որ հայկական հետաքրքիր ու գունեղ տոների իմաստին ու նշանակությանը հասու եմ դառնում անձնապես: Խոսքս առավելապես Բարեկենդանին և Տեառնընդառաջին (Տրնդեզին)  է վերաբերում։ Հայկական տոները շատ նման են Հայաստանին: Հակասական բնությամբ երկրում՝ տոները ևս տարբեր բնավորություն ունեն։ Ու քանի որ հայերը առանձնակի սիրով են պահում-պահպանում իրենց տոները, շատ ուրախալի է, որ վերջին տարիներին հատկապես, վերածնված Բարեկենդանը՝ անվանը հավատարիմ, մնալով բարի կենդանություն՝ զվարճանք ու ուրախություն է բերում մարդկանց՝ նրանց հիշեցնելով Ադամի ու Եվայի եդեմական կյանքի մասին։ Տոնական սեղանների այդ օրվա պարտադիր ճաշատեսակը խաշիլն է: Սրանից բացի սեղանները զարդարվում են նաև մրգերով ու այլ ուտեստներով: Վերջին շրջանում երիտասարդները սկսել են Բարեկենդանը նշել նաև պիցցաներով ու սենդվիչներով, իսկ ինչո՞ւ ոչ։ Չէ որ կարևորը՝ տոնի խորհուրդն է և ևս մեկ գեղեցիկ օր տոն դարձնելը։

Ինձ համար շատ ավելի հատկանշական էր մեր մյուս տոնը, որը ժողովրդի լեզվով «Տրնդեզ» են կոչում։ Մինչ կրակի վրայով թռչելը, հասցրել եմ անգամ այն ուսումնասիրել: Համաժողովրդական այս տոնի կենցաղային ամենատարածված բաղադրիչը՝ ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է: Տրնդեզը կրակը (արևը) հողին տալու ծես է: Ժողովրդական այսպիսի մի ակնարկ լսեցի, որն ինձ շատ դուր եկավ. «Տրնդեզի կրակը որ գետնին ընկնի, ձյունը կփախչի»: Այսինքն, այս տոնը նաև  գարնանամուտի խորհուրդն է պարունակում:

Հնում խարույկը վառում էին նախ եկեղեցիների բակերում, ապա տներում՝ հիմնականում երդիկների վրա. ընդ որում՝ խարույկը պիտի վառվեր եկեղեցուց բերված կրակից, իսկ այն վառելու պատիվը վերապահվում էր երիտասարդներին: Ավանդաբար փոխանցված սովորույթի ուժով՝ այն առաջինը վառում էին նոր ամուսնացած զույգերը կամ նշանվածները: Խարույկի փայտը կամ այլ վառելիքը բերում էին հենց նշանված կամ նորապսակ երիտասարդները: Ու քանի որ այս տարվա Տրնդեզին ես հենց նորահարսի կարգավիճակով եմ, որոշեցինք մենք էլ տոնել գեղեցիկ օրը։ Կրակը վառեցինք, ինձ էլ խորհուրդ տվեցին  կրակի վրայով թռչելուց առաջ անպայման մի լավ բան մտածել կամ երազանք պահել։

Տոնին վառվող խարույկը՝ գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարում: Հավանաբար, կրակի շուրջ պտտվում ու վրայով ցատկում  են նախ նորապսակները, հետո սիրահարները հենց նրա համար, որ բնության ծաղկումը համընկնի մարդկանց հոգիների ծաղկման հետ և կրակի երմությանը խառնվի սիրո ու ընտանիքի խորհուրդը։

Հայաստանը դարերի խորքից եկող գեղեցիկ տոներ ունի: Նրանց մի մասն արդեն չի նշվում, բայց մի մասն էլ նոր շունչ է ստանում ու մինչ օրս մնում արդիական։ Բարեկենդանը սիրելիների հետ հավաքվելու, համեղ մի բան ուտելու և իրար ջեմություն փոխանցելու հրաշալի առիթ է։ Տեառնընդառաջը անմոռանալի ծիսակարգ ունի, որն օգնում է կրակի վրայով թռիչքների, երգ ու պարի ուղեկցությամբ ընթացող հրաշալի ու ուրախ օր ունենալ։ Դե, իսկ կրակի շուրջ պահված բոլոր երազանքներն էլ թո՛ղ իրականություն դառնան։

Սիրով՝ ձեր Արիանա 

champord.am