Համաձայնեք, որ բոլորս ենք երազում ամուր ընտանիքի մասին: Ողջ կյանքում երջանիկ լինել սիրելիի հետ և ամեն օր լսել սիրո խոստովանություններ։ Թևան Պողոսյանին դա հաջողվել է. նա ունի գեղեցկուհի կին, ով իրեն պարգևել է հինգ զավակ: Թևան Պողոսյանն իր ընտանիքով լավ օրինակ է երիտասարդներիս համար:
Սիրո տոների առիթով Wnews.am-ը նախ շնորհավորեց, ապա զրուցեց Թևան Պողոսյանի կնոջ՝ Գայանե Պողոսյանի հետ: 5 զավակների մայր, գեղեցկուհի կին ու հաջողակ գործարար Գայանե Պողոսյանը հաստատ գիտի, ինչպես ստեղծել երջանիկ, ներդաշնակ ու սիրով լի հարաբերություններ ։
– Կհիշե՞ք Ձեր առաջին հանդիպումը Թևան Պողոսյանի հետ:
– Մեր հանդիպումը տեղի է ունեցել 23 տարի առաջ։ Այդ ժամանակ ես 17 տարեկան էի և դպրոցը նոր էի ավարտել, իսկ Թևանն առաջին կուրսի ուսանող էր։ Նա ու քույրս համակուրսեցիներ էին, մենք միասին էինք, երբ կանգառում հանդիպեցինք Թևանին։ Անկեղծ ասած, ես նրան միանգամից չսիրահարվեցի, բայց այ իր մոտ սեր էր առաջին հայացքից։ Այդ օրվանից նա փորձում էր ամեն օրն օգտագործել հանդիպում փնտրելու համար, հաճախ կուրսի խնջույքներ էր կազմակերպում, որպեսզի հանդիպի ինձ։
– Ե՞րբ եղավ առաջին ժամադրությունը։
– Մենք պարբերաբար հանդիպում էինք որպես ընկերներ, իսկ առաջին ժամադրությունը մեր ծանոթությունից չորս ամիս անց էր՝ Կարապի լճում։ Հիշում եմ, որ շատ երկար զբոսնեցինք, ես շատ էի հոգնել, նա որոշեց ինձ վերցնի ձեռքերի վրա ու այդպես գրկած տուն տարավ, պատկերացնու՞մ եք Աբովյան փողոցի սկզբնամասից մինչև վերջ։ Բոլոր անցորդները զարմացած նայում էին, բայց դա մեզ չէր հետաքրքրում, որովհետև ասես ապրում էինք այլ աշխարհում։
– Եթե առաջին ժամադրությունն է այդքան ռոմանտիկ եղել, ի՞նչ կասեք սիրո խոստովանության մասին:
– Ամուսինս ինձ ամեն օր էլ սեր է խոստովանում։
– Նախքան ամուսնությու՞ն էիք որոշել շատ զավակներ ունենալ։
– Նախքան ամուսնանալը Թևանի հետ որոշել էինք 13 զավակ ունենալ։ Թևանը դեռ ցանկանում է շարունակել, բայց կարծում եմ կանգ կառնենք հինգի վրա։
– Իսկ ամուսնության առաջարկ ե՞րբ ստացաք:
– Հանդիպումից մեկուկես տարի հետո, այդ ժամանակ ես առաջին կուրսի ուսանող էի։ Շատ դժվար էր համատեղել հղիության շրջանն ուսման հետ, ես շատ քնկոտ էի դարձել, դասերի ժամանակ քնում էի։ Երեխայի ծննդից հետո ամեն ինչ ավելի դժվարացավ, բայց քանի որ կողքիս ունեի ինձ սատարող ամուսին, հարազատներ, կարողացա ամենը հաղթահարել։
– Կնշե՞ք երեք գլխավոր հատկանիշ, որ Ձեզ դուր է գալիս Թևան Պողոսյանի մեջ։
– Բարություն, ազնվություն, առատաձեռնություն։
– Ի՞նչ խոշոր նվեր է մատուցել Ձեզ։
– Իր մատուցած ամենախոշոր նվերը, թերևս, ավտոմեքենան է։ Շատ է սիրում նաև զարդեր նվիրել։
– Ինչպե՞ս եք նշում սիրո տոները։
– Աշխատում ենք այդ օրը երկուսով լինել, որևէ գեղեցիկ վայր գնալ։ Ամուսնության տարեդարձը նշում ենք երկրից դուրս, շատ ենք սիրում ճանապարհորդել ինչպես երկուսով, այնպես էլ` ամբողջ ընտանիքով։
– Թերևս, ամենակարևոր հարցը, որի պատասխանը, վստահ եմ, Դուք ունեք: Ինչպե՞ս կազմել ամուր, երջանիկ ընտանիք:
– Հանդուրժողականություն, դիմացինին լսելու ունակություն, ներողամտություն և իհարկե սեր, քանի որ միայն սիրո առկայության դեպքում է հնարավոր այդ երեքն անել։ Մենք կատակում ենք, որ մեր սիրո բանաձևը “կարճ հիշողությունն է”։ Երբ ինչ որ բան է լինում, արագ մոռանում ենք, չենք բարդացնում, անընդհատ չենք հիշեցնում:
– Լիելով բազմազավակ մայրիկ, Ձեր բիզնեսն եք վարում՝ ղեկավարելով «Baby town» մանկական հագուստի խանութ–սրահը։ Ամուսինը աջակցո՞ւմ է Ձեզ:
– Նա երբեք ինձ ոչ մի բանից հետ չի պահում՝ այլ ընդհակառակը՝ թևեր է տալիս, ասում, որ ամեն ինչ փորձեմ, չվախենամ ձախողել։ Ինչ վերաբերում է ժամանակի մեջ տեղավորվելուն, ապա դա կապված է time managment-ի հետ. եթե կյանքում ամեն ինչ ճիշտ կառավարես, ավելին կարող ես հասցնել, քան պատկերացնում ես։
– Թևան Պողոսյանը խանդո՞տ ամուսին է։
-Մենք իրար վստահում ենք, բայց երկուսս էլ խանդոտ ենք՝ թեպետ Թևանն այդ հարցում ինձ հաղթում է։
– Հետաքրքիր է, Ձեր դուստրերն իրենց անձանակով կիսվու՞մ են Ձեր հետ։
– Այո, մենք մտերիմ ընկերուհիներ ենք, ամեն երեկո նստում զրուցում ենք՝ ինչպես անցավ օրը, ինչ պլաններ ունեն և այլն։
– Ի՞նչ կարևոր խորհուրդներ եք տալիս նրանց: Ընդհանրապես, բոլոր երիտասարդներին, ինչպե՞ս կշնորհավորեք սիրո տոների առթիվ, ի՞նչ կմաղթեք։
– Սերն ամենագեղեցիկ զգացմունքն է, որ մարդ կարող է ունենալ կյանքում։ Մի վախեցեք սիրել, սիրված լինել և ամեն օր կրկնել՝ «ես քեզ սիրում եմ» այն մարդուն, ում իրոք սիրում եք։