Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականներն ու դեմոկրատները քննարկում են ԱՄՆ-ի ներգաղթի քաղաքականության ապագան: Հիմնական վեճը ծավալվում է մեկ հարցի շուրջ՝ արդյոք անհրաժեշտ է բարեփոխել ողջ ներգաղթային համակարգը, ինչպես դա պահանջում է հանրապետական մեծամասնությունն ու նախագահ Դոնալդ Թրամփը, թե, ինչպես նշում է դեմոկրատ սենատոր Չաք Շումերը, կարգավորել միայն Միացյալ Նահանգներ մանուկ տարիքում ապօրինի տեղափոխված երիտասարդների՝ դրիմերների իրավական վիճակը.
«Այժմ, ո՛չ ժամանակն է, ո՛չ էլ տեղը՝ ամբողջ ներգաղթային համակարգը բարեփոխելու համար: Այժմ պետք է քննարկենք այս նեղ օրենքը և փորձել այն անցկացնել»:
Հանրապետականներն իրենց հերթին ցանկանում են հարցին ավելի համընդհանուր մոտենալ, նշում է հանրապետական մեծամասնության ղեկավար սենատոր Միչ Մքքոնելը.
«Ժամանակն է գտնել մի լուծում, որը կանցնի Սենատում, Ներկայացուցիչների պալատում և որը կստորագրի նախագահը»:
Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է օգտագործել այս բանակցությունները դեմոկրատների հետ փոխզիջումային գործարք կնքելու համար, գրել էր նա Թվիթերում.
«Հանրապետականներն ու դեմոկրատները գործարք են ուզում: Լավ չէր լինի ի վերջո տարիներ անց կարգավորել խնդիրը: Սա մեր վերջին հնարավորությունն է մինչև մարտի 5-ը»:
Մարտին լրանում է դրիմերների՝ անչափահաս ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր կարգավիճակը: Եթե մինչ այդ համապատասխան օրենք չընդունվի, նրանց սկսելու են վտարել ԱՄՆ-ից: Դոնալդ Թրամփը և Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները համաձայնել են կարգավիճակ տալ անչափահաս ապօրինի ներգաղթյալներին՝ փոխարենը պահանջելով դեմոկրատներից կողմ քվեարկել Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 25 միլիարդ դոլարի հատկացմանը և գրին քարտի խաղարկության արգելմանը: