Նիկոլաս Կրուզը, որը կրակ է բացել Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի դպրոցում, միացրել է հակահրդեհային ահազանգման համակարգը, որպեսզի աշակերտները դասարաններից դուրս գան միջանցք և հավաքվեն մի տեղ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով MSNBC հեռուստաալիքին և ներկայացնելով սենատոր Բիլ Նելսոնի ասածը։ «Նա հակագազով էր և ծխային նռնակներ ուներ։ Նա միացրեց հրդեհային ահազանգման համակարգը, որպեսզի երեխաները դուրս գան միջանցք և նա հնարավորություն ունենար սպանելու մարդկանց ամբոխի մեջ», — ասել է Ֆլորիդա նահանգի սենատորը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայի դպրոցում կրակ բացած դեռահասը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն չի կարողացել դուրս գալ մարդկանց միջից։
Ներկա պահին պարզվել է 17 զոհվածներից 12-ի ինքնությունը, լրագրողներին հայտնել է Բրովարդ օկրուգի շերիֆ Սքոթ Իսրայելը։ Ոստիկանությունը հայտնել է նաև, որ Կրուզի սոցցանցերի էջերում գտած տեղեկությունը լուրջ մտահոգության առիթ է տվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է տուժածների ընտանիքներին։
«Աղոթում եմ ու ցավակցություն հայտնում Ֆլորիդայի սարսափելի կրակոցների հետևանքով տուժած մարդկանց ընտանիքներին։ Ոչ մի երեխա, ուսուցիչ կամ որևէ այլ մեկը չպետք է իրեն անապահով զգա ամերիկյան դպրոցում», — գրել է նա Twitter-ում։
Դեպքը տեղի է ունեցել երեկ Մայամիից դեպի հյուսիս 60 կմ-ի վրա գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցում։ Դպրոցում 14-18 տարեկան շուրջ 3 հազար երեխա է սովորում։ Բրովարդ օկրուգի շերիֆ Սքոթ Իսրայելի տվյալների համաձայն` կրակոցների զոհ է դարձել 17 մարդ։ Ինչպես հայտնել են բժիշկները, տուժածներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Շերիֆը հաստատել է, որ կասկածյալին բերման են ենթարկել. այդ դպրոցի նախկին աշակերտ 1999 թվականին ծնված Նիկոլաս Կրուզն է։ Դեռահասին հեռացրել էին դպրոցից կարգապահության հետ կապված խնդիրների պատճառով։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am