Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական լուսաճաճանչ օրն էր Աֆղանստանում․․․ Վայ, թու՜, կներեք․․․ Հայաստանում էր։ Պարզապես աֆղան մոջահեդի վարքուբարքը, ինչպես նաև պատճառահետևանքային կապերի համատարածությունն այն աստիճանի է հասել, որ ակամա շփոթում ես։
Ովքե՞ր են աֆղանստանցի մոջահեդները՝ կհարցնեք դուք։ Գուցե Երևանի ավագանու որոշ անդամներ։ Գուցե և այդպես, համենայն դեպս, չի բացառվում, որ իրենք էլ, բայց տվալ դեպքում ես նկատի ունեմ ավելի մեծ շերտ, ու մոջահեդության դրսևորումն էլ զուտ ընկալման հետ կապ ունի։
Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել երեկ չէ առաջին օրը։ Ավագանու մի քանի անդամ որոշում են քաղաքական «պերֆորմանս» իրականացնել։ Եթե ինձ հարցնեք, ապա այդ արարքը քրեորեն պատժելի ակցիա էր, ու թեև իրավաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ առնվազն պարունակում էր խուլիգանության մասին հոդվածի էլեմենտներ։ Ծուռը նստենք ու դուզը խոսենք․ եթե դա լիներ ոչ թե Փոստանջյանի ոչ ամենաադեկվատ դրուժինը, այլ ես ու ես որոշեի, որ ինչ-ինչ նկատառումներով պետք է այլ քաղաքացու վրա կոյուղաջուր լցնեմ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլիներ հետս իրավական պետությունում։
Դուք միանգամայն իրավացի եք, ինձ առնվազն բերման կենթարկեին, իսկ եթե ես մի հատ էլ ապտակեի քաղաքացուն, ապա առնվազն կարող էին խուլիգանության համար պատասխանատվության ենթարկել։ Ընդ որում՝ բացարձակ կապ չէր ունենա, թե դիմացիս քաղաքացին ծեծե՞լ է ինձ, թե՞ ոչ։ Եթե դիմացիս քաղաքացին ծեծեր, ապա նրան էլ պետք է պատասխանատվության կանչեին իրավական պետությունում։
Ցավն այն է, որ մենք իրավական պետություն չենք։ Մեր հասարակությունն էլ իրավական գրագիտության պակաս ունի ու հնդկական մոտիվների պահանջարկ։ Հավելեք սրան, որ միջին վիճակագրական սպառողը ծովաստղի տրամաբանություն ունի, ու ստանում ենք այն, ինչ ստանում ենք, երբ օխլոսը սկսում է իմպուլսիվ արձագանքել ազդակներին, այլ ոչ բովանդակությանը, դատողություններ անել կլիշեներով, այլ ոչ արարքներով։ Դրա համար էլ աֆղան մոջահեդ եմ ասում, որովհետև այն, ինչ եղել էր քաղաքապետարանում, խուլիգանություն էր ու բռնություն, ընդ որում՝ երկուստեք ու իրավական պետությունում օրենքի առաջ պատասխանի կկոչեն Գոռ Վարդանյանին էլ, էն կնոջ վրա ձեռք բարձրացող «հրաշալի 6-նյակին էլ», Մարինային էլ, մնացած ծիրաններին էլ, բայց մեր մոջահեդներն աշխարհը կարողանում են ընկալել միայն չար խուլիգանների ու անմեղ տուժած «սուրբ կովերի» բաժանումներով»։