Փետրվարի 15-ին Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ, շրջեցին Երևան քաղաքի մարդաշատ փողոցներով և այն հետիոտներին, ովքեր փողոցը հատեցին չթույլատրված հատվածով, կամ թույլատրված հատվածով, սակայն կարմիր լույսի առկայությամբ, ենթարկեցին վարչական տույժի (վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը):
Լրագրողների հետ զրույցում Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը ասաց, որ նմանատիպ միջոցառումների սկիզբն է դա միայն և շարունակական բնույթ է կրելու՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մյուս բնակավայրերում: Այն հետիոտները, ովքեր փողոցը հատեցին չթույլատրված հատվածով, տուգանվեցին 5 հազար դրամով, իսկ նրանք, ովքեր փողոցը հատեցին թույլատրված տեղով, սակայն կարմիր լույսի առկայությամբ, տուգանվեցին 3 հազար դրամով:
Հ. Մաթևոսյանը, նաև անդրադառնալով այն հարցին, որ հնարավոր է՝ հետիոտնի մոտ այդ պահին անձը հաստատող փաստաթուղթ չլինի, պատասխանեց, որ նրան կհրավիրեն Ոստիկանության մոտակա բաժին՝ անձը ճշտելու և հաստատելու: