Դավթաշենի կամրջից նետված կինը նախարարին խնդրել էր չկրճատել իրեն. նոր մանրամասներ
Advertisement 1000 x 90

Դավթաշենի կամրջից նետված կինը նախարարին խնդրել էր չկրճատել իրեն. նոր մանրամասներ

Դավթաշենի կամրջից դստեր հետ նետված կինն աշխատում էր պետական հիմնարկում։ Sputnik Արմենիային որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ողբերգական դեպքին նախորդող իրադարձությունների մասին։

Մինչ քննչական մարմինները փորձում են պարզել փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր՝ Անահիտի մահվան հանգամանքները, Sputnik Արմենիան որոշ տեղեկություններ է ճշտել ողբերգական միջադեպին նախորդող դեպքերի մասին։

Գայանե Հարությունյանը մինչև 2017թ-ի դեկտեմբերի 1-ը մոր հետ աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: Այս տեղեկությունը Spurtnik Արմենիային հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։

Նա նաև պատմեց, որ անցյալ տարվա աշնանը պետական համակարգում կատարված կրճատումների հետևանքով Գայանեի հաստիքը կրճատվել էր, մայրն էլ անցել էր թոշակի:

Գայանեն դիմել էր արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայտնելով, որ ինքն ամուսնալուծված է և ստիպված է միայնակ հոգալ դստեր ու ծնողների ապրուստը։ Կինը խնդրել էր ընտանիքի երկու աշխատող կանանց միաժամանակ անաշխատանք չթողնել։ Նախարարն ընդառաջել էր, և 2017 թվականի դեկտեմբերի 1-ից նրան այլ աշխատանք էին առաջարկել Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայությունում` որպես առաջատար մասնագետ։

Գնդոյանը հայտնեց նաև, որ Գայանեն երբեք չի բողոքել ո՛չ անձնական, ո՛չ սոցիալական խնդիրներից։ Իսկ փետրվարի 12-ին` աշխատանքային օրվա ավարտին, վերադասին զգուշացրել է, որ հաջորդ օրն ուշ կներկայանա աշխատանքի, քանի որ առողջական խնդիրներ ունի և պետք է գնա բժշկի։

Փետրվարի 13-ին, սակայն, նա աշխատանքի չէր ներկայացել։ Նույն օրը, ժամը 22։25-ին ոստիկանությունը մի տղամարդուց ահազանգ էր ստացել Գայանեի ու նրա դստեր անհետ կորելու մասին։

Քննչական կոմիտեն արդեն պարզել է, որ այդ օրը երեկոյան, ժամը 20-ի սահմանում նրանք այցելել են Դավթաշենում գտնվող «Տաշիր Պիցցա», պիցցա պատվիրել, վերցրել այն և դուրս եկել։

Իսկ փետրվարի 15-ի կեսօրին նրանց արդեն մահացած են գտել Դավթաշենի կամրջի տակ։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է սպանության և սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

armeniasputnik.am