Երևանի Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջը՝ Գայանե Հարությունյանը վերջին անգամ երկուշաբթի՝ փետրվարի 12-ին է աշխատանքի գնացել և իր անմիջական ղեկավարից խնդրել է հաջորդ օրը մի փոքր ուշ ներկայանալ աշխատանքի` բժշկի գնալու պատճառով: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:
«Գայանեն վերջին անգամ երկուշաբթի օրն է գործի եկել, իր անմիջական ղեկավարից խնդրել է հաջորդ օրը մի քիչ ուշ ներկայանալ աշխատանքի, քանի որ ցանկացել է բժշկի գնալ: Գիտեմ, որ իր ղեկավարն էլ ասել է, որ եթե ուզում ես ամբողջ օրը գործի մի արի, եթե քեզ հարմար չի: Հաջորդ օրը Գայանեն գործի չի եկել, ղեկավարն էլ ենթադրել է, որ իր առաջարկից է օգտվել, ու չի զանգահարել Գայանեին, բայց դրա հաջորդ օրը արդեն մայրն է զանգահարել Գայանեի ղեկավարին և իմացել ենք, որ նա տուն չի վերադարձել երեխայի հետ»,- պատմեց Նանա Գնդոյանը:
Նրա խոսքով` Գայանեի վարքագծում վերջին ժամանակշրջանում որևէ տարօրինակ բան չեն նկատել և զարմացած են կատարվածից:
Գայանեի 9-ամյա դստեր` Անահիտ Հարությունյանի հաճախած թիվ 192 դպրոցի տնօրեն Ալլա Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այցելել է Գայանեի հայրական տուն, և պատմեց, որ կնոջ հարազատները դեռ ոչինչ չգիտեին դեպքի մանրամասների մասին:
«Հարազատներն ասում էին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն, միայն լացում էին, ողբում իրենց կորուստը: Դեռ նույնիսկ չգիտենք, թե հոգեհանգիստն ու թաղման արարողությունը երբ է լինելու, քանի որ քննչական գործողությունները չեն ավարտվել»,-հավելեց դպրոցի տնօրենը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:
Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամուրջից ընկնելու հետևանքով:
«Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նաև կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից։
Քրեական գործով պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, վերցրել այն և դուրս եկել։ Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին։
Նշենք, որ 37 Գ. և 9-ամյա Ա. Հարությունյանները 3 օր որոնվում էին որպես անհետ կորած: