Բասկոնիայում հայերի ազգականները կամ ինչու են բասկերն իրենց տղաներին Այտոր կոչում
Advertisement 1000 x 90

Բասկոնիայում հայերի ազգականները կամ ինչու են բասկերն իրենց տղաներին Այտոր կոչում

Միմյանցից ավելի քան չորս հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու ժողովուրդների նմանության մասին քիչ չէ գրվել։ Սակայն այստեղ շատ բան դեռ բացահայտված չէ։ Խոսքը հայերի և բասկերի մասին է։

Եթե բացենք Բասկերի երկիրը (Էուսակդի) հայտնի ինտերնետային հանրագիտարանում՝ Wikipedia-ում, ապա «պատմություն» բաժնում հանդիպում ենք հետևյալին․ «Հոդվածի այդ բաժինը դեռ լրացված չէ»: Չնայած նրան, որ բասկերն անհիշելի ժամանակներից բնակվում են Իտալիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում, այդ առեղծվածային ժողովրդի ծագման մասին միասնական տեսություն չկա, ինչպես նաև չկա միասնական կարծիք նրանց լեզվի ծագման մասին։

Խորհրդային գիտությունը ձգտել է ազգակցական կապեր գտնել բասկերի և վրացիների միջև, սակայն այդ հիպոթեզը չի հաստատվել փաստերի բացակայության պատճառով։ Իրենք՝ բասկերը, կտրականապես հերքել են այդ վարկածը։

«Նրանք ոչ միայն հերքում են դա, այլ նույնիսկ քմծիծաղ են տալիս այդ մասին խոսելիս։ Բասկերը համոզված են, որ այդ վարկածը հորինել է Ստալինը՝ Եվրոպայում հեղափոխության գաղափարը տարածելու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, բազմաթիվ վավերագրական ֆիլմերի և հաղորդումների հեղինակ Արտակ Ավդալյանը, որը նաև վավերագրական ֆիլմ է նկարել բասկերի մասին։

Որոշակի շրջանում հրապարակումներ են հայտնվել բասկերի և հայերի միջև ազգակցական կապի մասին։ Հետաքրքիր է, որ առաջին անգամ այդ մասին խոսել են հենց Էուսկադիի հետազոտողները և ազգագրագետները, ինչով խիստ հետաքրքրել են տեղի գիտնականներին։

«Երկար տարիներ մեր մտքով անգամ չի անցել, որ հյուսիսային Իսպանիայի այս ժողովուրդը հայերի հետ ինչ-որ կապ ունի»,- նշեց Ավդալյանը։

Նրա խոսքով՝ այն տեսությանը, որ բասկերն արմատներով սերում են Հայաստանից, հարում են ոչ միայն Բասկոնիայի գիտնականների և ազգագրագետների մեծամասնությունը, այլ նաև բնակչության զգալի մասը։

«Նույնիսկ Էուսկադիի ազգայնամոլական տրամադրություն ունեցող բնակիչները վստահ են և պնդում են, որ նրանք 5000 տարի առաջ եկել են Հայաստանից», — ասաց կինոռեժիսորը։

Լուսահոգի հետազոտող Վահան Սարգսյանը, որը նաև Բասկերի արքայական ակադեմիայի պատվավոր անդամ էր, նրանց գիտնականների հետ միասին ուսումնասիրել է երկու ժողովուրդների միջև կապերը, մասնավորապես, ուսումնասիրել հայոց լեզուն և էուսկերան։

«Վահան Սարգսյանը բասկյան ստեղծագործությունները թարգմանել է հայերեն, ընդ որում այդ աշխատանքները պատվիրել են հենց նրանք»,- ասաց Ավդալյանը։

Ստեղծագործություններից մեկը, որը թարգմանել է Սարգսյանը, Ջոզեֆ Ագուստին Շաոյի «Այտոր։ Կանտաբրիական լեգենդ» գործն է, որն առաջին անգամ հրապարակվել է 1845թ-ին «Արիել» թերթում։ Այն հսկայական ազդեցություն է ունեցել բասկագիտության զարգացման և բասկյան ազգային ինքնագիտակցության ձևավորման մեջ։

Գլխավոր հերոսը Այտորն է, որին հեղինակը ներկայացնում է որպես իրենց ժողովրդի նախահայր։ Ինչպես ենթադրում են հետազոտողները, այդ անունը ծագել է բասկյան aitoren seme (արիստոկրատ, զտարյուն) բառակապակցությունից։

Միևնույն ժամանակ, Այտոր անունը բառացիորեն համապատասխանում է Հայի թոռ արտահայտությանը։ Այդ մասին գրել է նաև գերմանացի հայագետ Յոզեֆ Քարսթը։

Ավդալյանի խոսքով՝ այսօր Այտորը Բասկոնիայի տղամարդկանց ամենատարածված անուններից է։

Հիմնվելով Վահան Սարգսյանի ուսումնասիրությունների վրա՝ նա բերում է ընդհանրություններ ունեցող բառերի օրինակները։ Դրանց շարքում են՝ «կտրտել», «ճմռթել», «հուռթի» (բերրի), «որդի», «քար» բառերը։ Հայերենում ասում են դաշտավայր, բասկերի լեզվով՝ «ծավալատեղի»։ Երկու լեզուներում «չ» ժխտածանցը նույն իմաստն ունի, իսկ բառերի վերջում «ք» տառը արտահայտում է հոգնակի թիվ։ Բացի այդ, երկու լեզուներում համընկնում են բայերի խոնարհումները։

Ավդալյանի խոսքով՝ լեզուների միջև նմանությունը հաճախ հասնում է նրան, որ երբեմն կարելի  է հասկանալ բառակապակցությունների և նախադասությունների իմաստը։ Նա նշում է, որ էուսկարին հայերենի արխայիկ տարբերակն է․պետք է հաշվի առնել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 5000 տարվա ընթացքում, առավել ևս, որ լեզուները տարբեր կերպ են զարգացել։

Երկու երկրների տեղանունները նույնպես նման են, օրինակ, բասկերն ունեն Արալեռ, որի ստորոտին հոսում է Արաքս գետը։ Այնտեղ կա նաև Դեբեդ, Եփրատ, Ուրմիա։

Ավդալյանը հավելեց, որ Էուսկադիում այդ թեման ուսումնասիրում են գիտական կենտրոններում, Հայաստանում դրանով զբաղվում են առանձին մարդիկ։ Ինչ էլ լինի, երկու երկրների միջև համագործակցությունը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ժամանակ անց Wikipedia-ում «Բակսերի պատմություն» բաժնում վերջապես տեղեկատվություն հայտնվի։

armeniasputnik.am