Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակվել են մայրն ու որդին։ Մայրը տեսողական և առողջական խնդիրներ է ունեցել, որին խնամել և կարիքները հոգացել են նրա ծանոթները, իսկ որդին մոր խնամքով չի զբաղվել, նրան որպես մայր չի ընդունել, և վերջիններիս միջև հաճախակի տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են առաջացել, որի ընթացքում որդին ծեծել և սպառնացել է սպանել մորը, սակայն մայրը չի բողոքել և հաշտվել է որդու հետ:
Գործի նյութերի համաձայն՝ դեպքի օրը մոր և որդու միջև տեղի ունեցած հերթական վիճաբանության ընթացքում որդին մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, պղնձյա մեկուսիչով մալուխը փաթաթելով վերջինիս պարանոցի շրջանին և հանգույցով ձգելով՝ խեղդամահ է արել։ Երբ Մարտունու բնակիչներից մեկը զանգահարել է տուժողի բջջային և բնակարանի հեռախոսահամարներին, որդին անջատել է հեռախոսազանգերը, ինչից անհանգստանալով՝ Մարտունու բնակիչը գնացել է նրանց բնակարան։ Ցանկացել է ներս գնալ և տեսնել, թե ինչպես է տուժողը, սակայն նրա որդին թույլ չի տվել առաջ գնալ և բնակարանից դուրս է հանել, այնուհետև բնակարանից դիմել է փախուստի:
Տեսնելով տուժողի որդու շփոթված և անհանգիստ վիճակը՝ Մարտունու բնակիչը հասկացել է, որ որդին մորը սպանել է, ու անմիջապես զանգահարել է Ոստիկանություն, իսկ երբ Ոստիկանության աշխատակիցների հետ ներս են մտել բնակարան, կնոջը հայտնաբերել են ննջարանում մահճակալի վրա պղնձյա մեկուսիչի մալուխով խեղդամահ արած վիճակում:
Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում քրեական օրենքով արգելված արարք կատարած տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ այդ օրը տուն է գնացել, և տանը մարդ չի եղել, իր մայրը գտնվում է ՌԴ-ում, իր հետ ապրող կինն իր ծանոթներից է, ով խնդրել է իրեն՝ որոշ ժամանակ ապրի իր տանը: Ինքը մարդ չի սպանել, իր բնակարանում խեղդամահ արված կինն իր մայրը չի և ինքը չի սպանել իր մորը:
Վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ շուրջ հինգ տարի է՝ ճանաչում է Մարտունի քաղաքի բնակչուհուն, միասին հաճախակի աղոթքի են այցելել: Կնոջ հետ միևնույն հասցեում համատեղ բնակվել է եղել նրա որդին, սակայն նա չի ընդունել, որ այդ կինն իր մայրն է, ասել է, որ ինքը քույր, եղբայր և մայր չի ունեցել: Տուժող կինը տեսողական և առողջական խնդիրներ է ունեցել, որի կարիքները հաճախակի ինքն է հոգացել, իսկ որդին մոր խնամքով չի զբաղվել և հաճախակի ծեծել է նրան՝ այդ ընթացքում նաև սպառնալով սպանել մորը:
Վկաներից մեկը ցուցմունք է տվել մասին, որ ճանաչում է տուժող կնոջն ու նրա որդուն, որոնց հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Քանի որ տուժող կինը վատառողջ է եղել և լավ չի տեսել, ինքն է հաճախակի տարբեր մարդկանց միջոցով սնունդ ուղարկել, կամ ինքն է տարել, այդ ընթացքում տուժող կինն իրեն գանգատվել է, որ որդին իրեն վիրավորում է, սպառնացել է սպանել, խեղդել, միշտ վախեցած է եղել որդուց։ Պատմել է նաև, որ գիշերները լույսերը անհարկի վառել է, գազի կաթսան թողել է բաց, որ վնաս տա իրեն: Երբ գնացել է կնոջն օգնելու, նրա որդուց պահանջել է, որ ուշադրություն դարձնի մորը, բայց նա ասել է, որ նա իր մայրը չի, նա «պոեզի մեջի անբարոյական կին է»:
Համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ իրավախախտումը կատարելիս տղամարդը գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա անմեղսունակ է ճանաչվել: