Առաջին անգամ ռուսերեն թարգմանվել է ամերիկացի լրագրող Դեյվիդ Ռեմնիկի «Լենինի Դամբարանը. Խորհրդային կայսրության վերջին օրերը» գիրքը, որը ստացել է Պուլիցերյան մրցանակ։ Գրքում ուշագրավ հիշատակում կա Ադրբեջանին ու Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիևին։ newmag-ն այն ներկայացնում է թարգմանաբար։
Հեյդար Ալիևն իրեն նվաստացած էր զգում: 20 տարի շարունակ նա եղել էր Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղարը, իսկ 1989թ.-ին նրան դուրս են շպրտում գորբաչովյան քաղբյուրոյից ու «Պրավդա» թերթում վարկաբեկում՝ որպես կոռուպցիոների: Ու հիմա նա նստած էր հին «Վոլգա»-ի հետևի նստարանին՝ ամերիկացի լրագրողի կողքին: Կուսակցական բոլոր նորելուկները՝ կարպինսկիները, յակովլևները, նույնիսկ Գորբաչովը, նրան դավաճանել էին: «Երբ մենք Գորբաչովին գլխավոր քարտուղար դարձրեցինք, գաղափար անգամ չունեինք՝ ի՛նչ հետևանքներ է դա ունենալու», – ասում էր նա:
Իշխանական բարձունքներից անկումն անդրադարձավ նրա առողջության վրա: Նա սրտի նոպաներ էր ունենում, դեմքը մեղրամոմի պես գունատ էր: Բոլորին, ով պատրաստ էր նրան լսել, նա բողոքում էր չքավորությունից: Բայց Ալիևի մեջ դեռ զգացվում էր ինչ-որ քաղցր-մեղցր հմայք: Նա ասես Ուիլյամ Փաուլեի պարոդիան լիներ, որը հեգնանքով թագավորական կեղծ բարեպաշտություն էր ձևացնում: «Դուք պետք է հպարտանաք, – ասաց նա ինձ, երբ մենք ուղևորվում էինք Ուսպենսկոյե՝ նրա շքեղ առանձնատուն, – ես հազվադեպ եմ ընդունելություն կազմակերպում»:
«Դուք պետք է հպարտանաք», – ասաց նա ինձ, երբ մենք ուղևորվում էինք Ուսպենսկոյե՝ նրա շքեղ առանձնատուն, – «Ես հազվադեպ եմ ընդունելություն կազմակերպում»:
Երիտասարդ տարիքում Ալիևի կարիերան տապալման եզրին էր. նրան մեղադրեցին բռնաբարության փորձի համար: Կարգապահական լսումների ժամանակ նրան քիչ էր մնում վտարեին կուսակցությունից. մեկ ձայն չբավականացրեց: Բնականաբար, հետագայում որևէ հետաքննություն չանցկացվեց՝ կուսակցական քննությունը բավական էր:1969թ.-ին ՊԱԿ-ի ղեկավար Ալիևը սկսում է արշավ՝ կոռուպցիայի դեմ: Նա ծրագրում էր ոչնչացնել իր թշնամիներին ու բարձրացնել իր հեղինակությունը:
Ադրբեջանի պետական կառուցվածքը, ինչպես և ամբողջ Խորհրդային Միությունում, կլանային էր: Կուսակցության կողմից իշխանության ու սեփականության բաշխումը չէր սահմանափակվում ո՛չ ընտրական համակարգով, ո՛չ էլ օրենքով: «Սոցիալիստական օրինականություն» քարոզող չինովնիկները երկերեսանի խամաճիկներ էին, որոնց նշանակում էին քաղաքակիրթ հասարակության տեսքն ապահովելու համար: Այդ դատավորներին՝ ոստիկանության կապիտանների պաշտոնում, այդ դատախազներին լավ ապահովում էին, ու եթե նույնիսկ նրանք ինչ-որ բան պաշտպանում էին, ապա դա որպես կանոն նրանց ավարն էր: Իհարկե, կուսակցական համակարգում կային նաև ազնիվ մարդիկ: Դատախազ Գամբայ Մամեդովի հետ կապված հայտնի պատմություն կա: Նա ցանկանում էր հետաքննել կոռուպցիոն փաստերը կուսակցական ղեկավարության շարքերում: Ալիևը նրան հեռացրեց ու զրպարտեց: Գերագույն Խորհրդի նիստի ժամանակ բորբոքված Մամեդովը խլում է բարձրախոսն ու հասցնում է բղավել, – «Պետական ծրագիրը՝ խաբեություն է, բյուջեն՝ նույնպես, իսկ տնտեսական աճի մասին հաշվետվությունները ՝ սուտ»:
Գերագույն Խորհրդի նիստի ժամանակ բորբոքված Մամեդովը խլում է բարձրախոսն ու հասցնում է բղավել, – «Պետական ծրագիրը՝ խաբեություն է, բյուջեն՝ նույնպես, իսկ տնտեսական աճի մասին հաշվետվությունները ՝ սուտ»:
Հանկարծ վրա է հասնում ոստիկանությունը, Մամեդովին իջեցնում են ամբիոնից ու քարշ են տալիս հնարավորինս հեռու: Ի պաշտպանություն Ալիևի անմիջապես ոտքի են կանգում նրան հավատարիմ 17 պատգամավոր: «Այդ ո՞ւմ ես ընդդիմանում, Գամբա՛յ, – բացականչում է անտաղանդ գրող, պատգամավոր Սուլեյման Ռագիմովը, – Եթե հավատանք Աստծուն, ապա, կարելի է ասել, որ մեր դիմաց կանգնած է Աստված՝ Հեյդար Ալիևի կերպարանքով: Աստված է ուղարկել մեր ժողովրդին այսպիսի խիզախ զավակ»: Գերագույն Խորհուրդը մեկ մարդու պես ոտքի է կանգնում ու ծափահարում հռետորին: Գալով իշխանության 1985թ.-ին՝ Գորբաչովը դարձավ բոլոր ղեկավարների ղեկավարը՝ ԽՄԿԿ Կենտկոմի Գլխավոր Քարտուղարն ու առաջին դեմքը: