«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնի հիմնադիր, երաժշտագետ, դաշնակահարուհի, արտ-թերապիայի մասնագետ Արմենուհի Մարտիրոսյանի հետ:
«Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնն արդեն երկարամյա պատմություն ունի և շփվել եք տարբեր սերունդների երեխաների հետ, եթե բնորոշեք արժեքային համակարգը, հոգեպես հարուստ լինելը, ինչպե՞ս կբնութագրեք, ի՞նչ փոփոխություններ են նկատելի վերջին տասը տարիների ընթացքում:
Շատ ցավալի հարց տվեցիք, որովհետև վիճակը մտահոգիչ է:Ես 52 տարի դասավանդել եմ կոնսերվատորիայում, երաժշտական ուսումնարանում, թատերական ինստիտուտում, մանկավարժական ինստիտուտում, այսինքն՝ միշտ եղել եմ երիտասարդների հետ: Հետո բացեցի իմ կենտրոնը, ու պարզ դարձավ, որ գնալով պետք է իջեցնենք տարիքը: Հիմա արդեն մենք 2,5 տարեկանից ենք ընդունում և անգամ պատրաստվում ենք ընդունել մեկ տարեկանից, որովհետև 2.5-ն արդեն ուշ է: Իհարկե. 22 տարվա մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել թե ծնողների և թե երեխաների որակական առումով:
Ծնողների պարագայում է՞լ է վիճակն այդքան վատ:
Այո, որովհետև արդեն 20-28 տարեկան ծնողներ են, ովքեր արդեն բոլորովին ուրիշ համակարգում են մեծացել, ուրիշ արժեքներ ունեն: Ես շատ շնորհակալ եմ, որ գալիս են կենտրոն, բերում իրենց երեխաներին, ու նրանք, ովքեր բերում են իրենց երեխաներին, արդեն իրենք էլ են տարբերվում այն մարդկանցից, ովքեր ոչ մի մտահոգություն չունեն իրենց երեխաների հոգևոր զարգացման համար: Մեծ մասը սովորել են ուզում, ընդունվում ինստիտուտ, որը ոչ մի բան իրենց չի տալիս, հետո դիպլոմը դնում են գրպանում և աշխատում ուրիշ որևէ ոլորտում: Դիպլոմ ստանալը դարձել է ձևական երևույթ, դա գալիս է ծնողներից:
Երիտասարդ ծնողները ձգտում են հաջողության:
Հաջողակ լինել այսօր՝ նշանակում է շատ գումար վաստակել, համակարգչին լավ տիրապետել, ծրագրավորող կամ տնտեսագետ դառնալ, ծայրահեղ դեպքում՝ բժիշկ: Շատ տխուր պատմություն է սա, որովհետև, ճիշտ է, հոգևոր արժեքները հիմա կարևորվում են, մարդիկ ավելի հավատով են, բայց երբ փորփրում ես՝ հասկանում ես, որ այդ հավատը ֆորմալ բնույթ է կրում, իրենք Աստծո ներկայությունն իրենց մեջ չեն զգում:
Իսկ իրականում ո՞րն է Աստծո ներկայությունն ըստ Ձեզ:
Սրտում սեր պետք է լինի: Ի՞նչ է նշանակում՝ Քրիստոս իմ մեջ. դա միայն ասելով չպետք է լինի, սեր պետք է լինի: Եթե գնում են եկեղեցի, ուրեմն ինչ-որ բան նրանց մղում է դրան, հոգևորի հանդեպ կարոտ կա: Բայց մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է դա դրսևորել: Հիմա ծնողական սերն էլ ասես ուրիշ կերպ է դրսևվում, երեխայի վրա գոռում են, անպատվում, շտապում, նրա համար մշտապես ժամանակ չունեն: Մեր կենտրոնում, օրինակ, խնդիր ունենք. մայրիկներին և հայրիկներին այնքան հաճախ չենք տեսնում, որքան դայակներներին և վարորդներին: Եթե ուզում եմ ծնողներին տեսնել, պետք է հատուկ հրավիրեմ. կգա թե ոչ՝ հարցական է, որովհետև բոլորն էլ աշխատում են, շատ զբաղված են, բայց չէ՞ որ երեխաները մոր կարիքն ավելի շատ ունեն:
Իսկ եթե ծնողն ունի մեծ ցանկություն՝ երեխայի հոգևոր զարգացմամբ շատ զբաղվել, ժամանակ տրամադրել, սակայն աշխատանքի պատճառով ֆիզիկապես չի հասցնո՞ւմ:
Նախկինում, երբ երեխան ծնվում էր, մայրերը 3 տարի չէին աշխատում, հիմա էլ այդ հնարավորությունը կա, բայց մայրերը չեն ցանկանում դրանից օգտվել, նրանք էլ են ուզում կայանալ, բայց չի կարելի դա անել երեխայի դաստիարակության, նրա նկատմամբ սիրո հաշվին: Երեխաները սիրո պակաս ունեն, երբ ես կամ ուսուցիչները հաճախ ենք գրկում նրանց, պետք է տեսնել, թե իրենք ինչպես են մեզ գրկում:
Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, ովքեր ունեն սիրո, ջերմության փոխանցման ձգտում, բայց սահմանափակ հնարավրություններ:
Ես կարծում եմ, որ միշտ չէ, որ պատճառը հնարավորություններն են, որովհետև տեսնում եմ, որ կարելի է մի քիչ էլ պակաս անել, թող չլինի շքեղ, թող մեկ-երկու տարի կյանքը լինի չափավոր, այլ հարց է, երբ վիճակը վատ է և ծայրահեղ: Ինձ նման ընտանիքից էլ են դիմել և ես ասել եմ, որ երեխային կարող են անվճար բերել, այսինքն՝ ամեն ինչի հնարավորություն կա: Հաճախ երեխաներն ագրեսիվ են, որովհետև քնքշանքի, պաշտպանության կարիք ունեն:
Այսօրվա երիտասարդությանն ինչպե՞ս կբնութագրեք:
Ունենք հրաշալի երիտասարդություն, մեր երիտասարդներին շատ եմ հավատում: Չգիտեմ, թե որտեղի՞ց իրենք այդպես ոգի ունեցան,բայց նրանք շատ լավն են, նրանք դեռ այն ժամանակվա սերունդն են, երբ մութ էր, ցուրտ, սակայն այդ սերունդն ավելի հոգևոր է: Հիշում եմ, որ այդ ժամանակ մեր տանն ամեն հինգշաբթի շուրջ 40 հոգի մարդ էր հավաքվում, ես դասական երաժշտություն էի մատուցում, դասախոսություններ էի կարդում և դրա պահանջը կար, մարդիկ գալիս էին: Այդ սերնդի երեխաները շատ ավելի ճիշտ էին դաստիարակվում, թեև տնտեսական վիճակը վատ էր, իսկ հիմա ավելի շատ լավ է, բայց մարդիկ ավելի շատ են բողոքում: Մեծ գումար կարող են տալ՝ երեխային ևս մեկ զույգ կոշիկ գնելու համար, բայց գումարն ափսոսալ՝ հոգևոր զարգացմանը տրամադրելու համար: Իսկ այն ժամանակ կար ավելի շուտ երաժշտական, նկարչական դպրոց ուղարկելու, քան թե հագցնելու, կերակրելու ձգտում: Մեղքի զգացողությունը ծնողները դրանով են քողարկում: Երբ մայրը չի կարողանում բավականին հոգևոր սնունդ տալ, սկսում է նյութական սնունդ տալ, որովհետև իրեն թվում է, թե այդպես հոգում է երեխայի մասին, փակում նրա բերանը, բայց այդպես չէ: