
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Թվում է, թե երեկ էր այս ամենը, բայց ահա բոլորեց արդեն 30 տարին այն իրադարձությունների, որոնց ամենաակտիվ մասնակիցներն էինք մենք՝ իմ սերնդակիցները: Այդ ամենից մնացել են միայն արխիվային լուսանկարներ, պաստառներ ու գրաֆիկական աշխատանքներ, որոնք այժմ ներկայացված են Ազատության հրապարակում՝ որպես անցած-գնացած օրերի հուշագրություն: Ցավոք, այդ երանելի օրերի մասնակիցներից շատերը չկան արդեն՝ հավերժ հիշատակ նրանց, իսկ մնացածների որոշ մասն էլ տարբեր պատճառներով ուղղակի մեկնել են երկրից:
Ազատության հրապարակի ցուցադրությունը, թերևս, կարելի էր խորհրդանշականորեն անվանել «Հիշողություններ՝ ապագայի մասին», որովհետև սա նաև մեր սերնդի կողմից ուղղված պատգամն է այսօրվա երիտասարդությանը առ այն, թե ինչպիսին պետք է լինի ազգային բացարձակ միասնականությունը, որի ականատեսն էլ մենք դարձանք 1988-ին»: