Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ախտորոշումը սխալ է կամ թերի. սոցիոլոգ
Advertisement 1000 x 90

Հայաստանում յուրաքանչյուր երրորդ ախտորոշումը սխալ է կամ թերի. սոցիոլոգ

Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակիչները հիմնականում ծանոթ բժիշկների են դիմում, կամ ընտանիքի անդամներից մեկը բժիշկ է, կամ դիմում են պոլիկլինիկա: Այսպիսի մարդկանց թիվը կազմում է գրեթե 60-65 տոկոս: Մնացած 30-35 տոկոսը խորհրդի համար դիմում է ծանոթներին, որոնք համանման ախտանշաններ ունեն, և միայն հետո են որոշում՝ բժշկի դիմե՞լ, թե՞ ոչ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության՝ դեղերը դեղատոմսով բաց թողնելու մասին որոշման ուժի մեջ մտնելու կապակցությամբ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ որում՝ հետազոտության տվյալներով՝ առաջնային ախտորոշումը ճիշտ է դրվում 30-40 տոկոս դեպքերում: Երկրորդային ախտորոշումը ճիշտ է լինում 60-65 տոկոս դեպքերում: Փաստացի յուրաքանչյուր երրորդ ախտորոշումը սխալ կամ թերի է: «Սակայն այս ախտորոշման հիման վրա բժիշկները բուժում են նշանակում: Սա առաջին խնդիրն է»,- ասաց նա:

Սոցիոլոգի խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ պետական բուժհաստատությունների բժիշկները տեղեկացված են այն դեղերի մասին, որոնք պետությունն իրենց տրամադրում է կամ այն դեղերի մասին, որոնցով դեղագործական ընկերությունները թրեյնինգներ են իրականացրել, ոչ ավելին: Ոլորտի նորույթներից նրանք տեղյակ չեն: Իսկ մարդիկ հիմա հասանելիություն ունեն համացանցին և կարող են իրենց անհրաժեշտ դեղերի մասին տեղեկություններ գտնել: «Կամ էլ կա նոր միջոց. արտադրողները բժիշկներին շահագրգռում են իրենց դեղերի վաճաքի դիմաց բոնուսներով»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ այս հարցում, փաստորեն, մեծ դեր են խաղում բիզնես շահերը, բժշկի կրթվածության մակարդակը և բարոյական որակները: «Հարցական է մնում, թե ինչպես անել, որ բժիշկները որակյալ լինեն, նոր դեղերի մասին տեղեկացված լինեն, ճիշտ սխեմաներով դեղեր նշանակեն»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Ահարոն Ադիբեկյանը դեղատոմսային դեղերի վաճառքի կանոնների խստացման մեջ նաև դրական կողմ է տեսնում. սա կբերի ինքնաբուժության կրճատման, որը մեզանում կազմում է գրեթե 30 տոկոս, ինչպես նաև դեղեր նշանակող բժիշկների, դեղարտադրողների և դեղեր վաճառողների պատասխանատվության բարձրացման:

med.news.am