Փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ախուրյանի համայանքապետ Արծրուն Իգիթյանն ասել է, որ նրա ընտանիքի անդամները Ռուսաստանի դաշնությունում են և արդեն տեղեկացել են դեպքի մասին:
«Շատ լավ ընտանիքի երեխա էր: Դպրոցը նորմալ ավարտելուց հետո բանակ էր գնացել: Ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան՝ աշխատելու նպատակով: Գրիգորը վերադարձել էր Հայաստան՝ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: Ընտանիքի փոքր զավակն էր, իրենից մեծ քույր ու եղբայր ուներ»,- ասել է համայնքապետը:
Գրիգորը բանակ է զորակոչվել 2016թ.-ին: 5 ամսից վերադառնալու էր:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: