Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Ընկճվել էի, որ բոլորը ստացել են նոր դահուկներ, իսկ ես գնում եմ Օլիմպիական խաղերի և մարզագույք չունեմ. news.am
Advertisement 1000 x 90

Աշոտ Կարապետյանը՝ Փհենչհանից. Ընկճվել էի, որ բոլորը ստացել են նոր դահուկներ, իսկ ես գնում եմ Օլիմպիական խաղերի և մարզագույք չունեմ. news.am

Լեռնադահուլորդ Աշոտ Կարապետյանը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր: Նա փետրվարի 22-ին մասնակցեց հատուկ ոլորավայրէջքի մրցմանը և 108 մասնակիցների մեջ գրավեց 42-րդ տեղը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ Կարապետյանը օլիմպիական Փհենչհանից պատմեց բարդ մրցելույթի, իր առաջին Օլիմպիական խաղերի և իր մարզագույքի շուրջ ծագած խնդրի մասին:

Աշոտ, ինչպե՞ս ես գնահատում արդյունքդ Օլիմպիական խաղերում:

Գոհ եմ այս արդյունքից: Շատ բարդ էր: Շատերը չկարողացան հասնել եզրագիծ: Որքան արագությունդ շատ էր, այնքան մրցուղուց դուրս մնալու հավանականությունը մեծ էր: Ես այնպիսի դիրք էի բռնել, որ ոչ շատ դանդաղ էր, ոչ` առավել արագ: Ինձ պետք չէր, որ ես դուրս թռնեի մրցուղուց: Այնպիսի լեռնադահուկորդներ էին արագության հետևանքով դուրս թռնում մրցուղուց, որ ուղղակի զարմանալի էր: Երկու փորձ ունեցա, երկուսն էլ հաջողությամբ ավարտեցի, հաջողությամբ հասա եզրագիծ: Առաջին փորձից հետո նորվեգացի լեռնադահուկորդն առաջին տեղում էր, երկրորդ փորձից դուրս թռավ:

Ես այնպես էի ուզում անել, որ արդյունք ունենայի: Առաջին Օլիմպիական խաղերս էր, ես էլ տարիքով փոքր էի բոլորից, ցավալի կլիներ, եթե 0 արդյունքով ավարտեի առաջին մասնակցությունս: Նորմալ ստացվեց, գոհ եմ: Կարող էի ավելի լավ, բայց պետք չէր ռիսկի գնալ, քանի որ վստահ մեդալային պայքարի չէի գնա, բացի այդ 2-3 տեղով պետք է ընդամենը առաջ ընկնեի. այդ 2-3 տեղի համար չարժեր վտանգի տակ դնել մրցելույթս:

Ընդհանուր 108 մասնակից էր, ես մեկնարկի դուրս եկա 100-րդը: Ամենաուժեղ երկրները դուրս մնացին պայքարից: Բոլոր այն երկրների ներկայացուցիչները, որոնք ֆավորիտ էին համարվում, մեդալի լիարժեք հավակնորդ էին, չկարողացան հասնել եզրագիծ: Այնպիսի մակարդակի լեռնադահուկորդներ էին ինձ հետ դուրս եկել մեկնարկի, որ ես նրանցից մի քանի գլուխ ցածր էի ու դեռ շատ տարիների աշխատանք պետք է կատարեմ, որ հասնեմ նրանց մակարդակին, տեխնիկային: Այնքան, որքան արեցի, դա հնարավորություններիս սահմանն էր: Նախընտրեցի արդյունք ցույց տալ, քան գալ Օլիմպիական խաղերի և դուրս մնալ պայքարից:

 

Այս Օլիմպիական խաղերից մեծ փորձ ձեռք բերեցի, ամենաուժեղների հետ շփվեցի, նրանց մարզումներին ականատես եղա, նրանց հետ մարզվեցի. մեծ փորձ ինձ տվեց:

Նոր մարզագույքդ ինչպիսի՞ն էր, քեզ դուր եկա՞վ:

Շատ լավն էր, ուրախ եմ, որ լավ մարզագույք ունեմ. ամենավերջին մոդելի դահուկներ են և կոշիկներ: Ափսոսում եմ, որ կռվի ու պայքարի արդյունքում այն ինձ հասավ: Եթե ավելի վաղ լիներ ինձ մոտ, ինչպես ինձ խոստացվել էր ֆեդերացիայի կողմից, ավելի շատ կմարզվեի, բայց չեմ ասում, թե ավելի լավ արդյունք ցույց կտայի: Գուցե 6, 8 տեղերով առաջ լինեի, բայց դրանից ոչ ավելի, քանի որ ես դեռևս այսքանի եմ պատրաստ: Ավելի բարձր արդյունքների համար ավելի շատ պետք է մարզվեմ, ավելի շատ մեկնարկներ ունենամ: Բոլորն էլ գիտեին, որ ես այսքան եմ կարող: Փհենչհան գալուց առաջ էլ ասել էի, որ ես գալիս եմ հաջող մասնակցություն ունենալու համար, դեռ մեդալային պայքարի համար շատ պետք է աճել, մարզվել, քրտնել:

 

Աշոտ, իսկ քո և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանի միջև տարաձայնություն կա՞:

Որևէ խնդիր մենք չունենք: Ավելին, ես նրա հետ բացարձակ որևէ կապ չունեմ, քանի որ իմ մարզիչն ինքը չէ, ինձ դահուկ տվողն ինքը չէ: Մենք միայն հադիպում ենք հավաքների ընթացքում: Այն, որ նա ասել էր այս շրջանում չի մեկնաբանի, քանի որ հոգեպես գուցե ընկճվեմ, պարզ կասեմ. այսքան քաշքշուկի մեջ ընկա, իմ մեջ արդեն շատ բան էր կոտրվել, ես միայնակ էի ու մտածում էի` ինչ անել, ինչպես անել… Մինչև Փհենչհան գալն արդեն ես հոգեբանորեն ընկճվել էի միայն այն փաստից, որ թիմում բոլորը ստացել են նոր դահուկներ, իսկ ես գնում եմ Օլիմպիական խաղերի և մարզագույք չունեմ: Բայց երբ դուրս եկա մեկնարկի, հասկացա, որ ինձ ոչինչ չպետք է խանգարի, ես կարող եմ հաջող ելույթ ունենալ, ես եկել եմ իմ երկիրը պատվով ներկայացնելու համար ու իրավունք չունեմ եզրագիծ չհատել: Ցավալի էր, որ կարդում էի տարբեր հոդվածներում, իբր ես թույլ եմ, Հարություն Հարությունյանն ինձանից ուժեղ էր: Բայց իրականում իմ միավորները նրանից բարձր էին, և ես վաստակել էի իմ աշխատանքով, իմ քրտինքով այս օլիմպիական ուղեգիրը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Ամբողջությամբ՝ sport.news.am