Հայաստանի խանութներում կեղծված կարագ է հայտնաբերվել, որի վրա բորբոսի հետքեր են եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)։
ՍԱՊԾ-ն «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակում տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝ ՏՊ AM 50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր:
Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, սակայն, ՍԱՊԾ-ն փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում ենք ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՍԱՊԾ-ն սպառողներին նույնպես հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: