«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Երևան վերադառնալուց հետո ամփոփել է Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի արդյունքները:
Մասնագետը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին.
– Հավաքը շատ լավ անցավ: Փառք Աստծո, վնասվածքներ չեղան, չնայած նրան, որ 6 խաղ անցկացրեցինք: Ֆուտբոլիտները մեծ նվիրվածությամբ գործեցին հավաքի ընթացքում:
«Օլիմպիեցի» դեմ վերջին խաղն անցկացրինք երկու տարբեր կազմերով և, օրինակ, կիսապաշտպանությունում խաղացին ֆուտբոլիստներ, ովքեր միմյանց հետ չէին խաղացել: Հիմա արդեն հասկացանք, թե ով ում հետ է լավ զգում: Այժմ ունենք 25 ֆուտբոլիստ և յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի: Կազմի հետ կապված հիմա շատ լավ գլխացավանքի մեջ եմ, քանի որ դժվարանում եմ ընտրություն կատարել:
Սա ասում եմ դրական իմաստով, քանի որ բոլորն էլ լավ տպավորություն են թողել: Միայն 11 հոգով արդյունքի չեն հասնում և բոլոր ֆուտբոլիստները կարևոր են մեզ համար և ելնելով խաղից ու մրցակցից, մեր ընտրած մարտավարությունից, կընտրենք տվյալ խաղի մեկնարկային կազմը:
– Ինչպե՞ս եք գնահատում ֆուտբոլիստների խաղակցվածությունն այս փուլում:
– Խաղակցվածությունը նորմալ վիճակում է: Մենք գլոբալ փոփոխություններ չենք կատարել, թիմի կորիզը պահպանված է, և այդ առումով մենք լավ վիճակում ենք: Առաջիկա օրերին կհայտարարվի նաև թիմի նորեկների մասին: Մենք կատարել ենք կետային սելեկցիա և համագործակցության առումով խնդիրներ չեն առաջանա: Նաև դա էր պատճառը, որ վեց խաղ անցկացրեցինք հավաքի ընթացքում, քանի որ միայն խաղերի միջոցով կարող ես իսկապես հասկանալ, թե ով ում հետ է իրեն լավ զգում խաղադաշտում:
Իմ կարիերայում նույնպես առաջին անգամ էր, որ 12 օրվա ընթացքում 6 խաղ անցկացրեցինք, սակայն գտնում եմ, որ դա շատ օգտակար էր:
– Անցկացրած հանդիպումներում կայի՞ն խաղեր, որոնցում թիմի աշխատանքը ձեզ ավելի շատ դուր եկավ կամ հակառակը:
– Տպավորությունները տարբեր էին: Յուրաքանչյուր խաղում մենք՝ մարզիչներս, տարբեր խնդիրներ էինք դրել, չնայած արդյունքին: Ճիշտ է, արդյունքը կարևոր է, սակայն եղան խաղեր, որոնցում պարտվեցինք, բայց ֆուտբոլիստները կատարեցին իրենց առջև դրված խնդիրները: Դա արդեն մեզ մտածելու նյութ է տալիս, որպեսզի հասկանանք, թե ինչը ճիշտ արեցինք և որտեղ սխալվեցինք:
– Առաջիկա չորեքշաբթի օրը կվերսկսվի առաջնությունը: Ինչպիսի՞ն է լինելու նախապատրաստական վերջին օրը:
– Թիմին երկու օր հանգիստ է տրվել և վաղվանից կսկսենք մարզումները: Չորս մարզում կանցկացնենք, որից հետո շատ հետաքրքիր երկու շաբաթ է մեզ սպասվում: 11 օրում պետք է անցկացնենք չորս հանդիպում: Պետք է լավ պատրաստվենք և նաև կազմում փոփոխությունների միջոցով դրական արդյունքների հասնենք այդ խաղերում: