Երբ 9 տարեկան Ռոբերտ Էմիյանին տարել են լենինականցի մարզիչ Մկրտիչ Կարապետյանի մոտ, թեթև աթլետիկայի աշխարհում թնդում էր միայն մեկ հայկական անուն` Իգոր Տեր-Հովհաննիսյան։ Բայց Իգոր Արամովիչը ծնվել էր Կիևում, Հայաստանում չէր մարզվել և չէր ապրել, և նրա ձեռքբերումները չես կարող դասել թեթև աթլետիկայի հայկական դպրոցի նվաճումների շարքը։ Էմիյանն աստիճանաբար է գնացել դեպի իր բարձրագույն ձեռքբերումները` տքնաջան մարզումների միջոցով։ Նա երբեք չի ցանկացել դառնալ շատերից մեկը` ինչ-որ բանի հասնելով միութենական սպարտակիադաների հանրապետական մակարդակում։
Ռոբերտը 16 տարեկանում ցատկել է 7 մետր 77 սմ, ինչը համաշխարհային ռեկորդ է եղել նրա տարիքային կարգի համար։ Այդ ժամանակ երիտասարդ ցատկորդին ներառել են ԽՍՀՄ հավաքականում, իսկ նա, կարծես շնորհակալություն հայտնելով դրա համար, առանց երկար մտածելու հաղթահարել է հոգեբանորեն կարևոր ութմետրանոց սահմանագիծը։ Հինգ տարի հետո Էմիյանը Եվրոպայի առաջնությունում` Մադրիդի փակ տարածքներում, նվաճել է իր կյանքի առաջին «ոսկին»` 8,32 մետր արդյունքով։
Դա եղել է ձմռանը, իսկ ամռանը նա նվաճել է եվրոպական ռեկորդը. Մոսկվայում Բարի կամքի խաղերում Էմիյանը ցատկել է 8,61 մետր, իսկ մոսկովյան հաղթանակից մի քանի շաբաթ անց Շտուտգարտում դարձել է Եվրոպայի չեմպիոն արդեն բաց հարթակներում մրցումներում։ Բայց դա եղել է նախապատրաստություն Ծաղկաձորում նրա կյանքի երևի գլխավոր ցատկից առաջ, որը թեև ռեկորդային չի եղել, բայց լեգենդ է դարձել։
Բոբ Բիմոնը համաշխարհային սպորտի և թեթև աթլետիկայի պատմության մեջ մտել է 1968թ-ին Մեխիկոյի օլիմպիադայի եզրափակիչում 8,90 մետր ցատկելով։ Այդ արդյունքն անվանել են «ցատկ դեպի 21-րդ դար», «թռիչք դեպի ապագա», չէ՞ որ նա 55 սմ-ով գերազանցել է Ռալֆ Բոստոնի նախորդ ռեկորդը։ Միայն 23 տարի անց ամերիկացի ցատկորդ Մայք Փաուելը Տոկիոյի 1991թ-ի համաշխարհային առաջնությունում այդ ցուցանիշը բարելավել է 5 սմ-ով։
Մեխիկոյի օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլում մրցումները շարունակելն անիմաստ է եղել։ Բոլորովին ոչ այն պատճառով, որ արևադարձային հորդառատ անձրև է տեղացել, նշելով Բիմոնի թռիչքը, այլ ուղղակի այդ թվերը` 8 մ 90 սմ, որոնք ասես վերցված լինեին ապագայի մասին կինոնկարից, մրցակիցների մոտ վերացրել էին հաղթանակի համար պայքարելու ցանկությունը։ Բոլորը գիտակցում էին, որ տեսանելի ապագայում ոչ ոք ոչ միայն չի կարող գերազանցել անհավանական ռեկորդը, այլ նույնիսկ մոտենալ դրան։ Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա Բոբ Բիմոնի ֆենոմենը խաչ է քաշել ականավոր ցատկորդների մի ամբողջ սերնդի կարիերայի վրա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am