Լեդի Ջազ Տաթևիկ Հովհաննիսյանը՝ ջազի հայրենիքի, երաժշտաարվեստի և հայաստան այցի մասին:
Երբևէ ձեզ համար առանձնացրե՞լ եք մարդկանց ցուցակ, ում կուզենայիք հանդիպել, զրուցել, ում մասին կուզենայիք գրել։ Մտովի տվե՞լ եք հարցեր ու ստացել պատասխաններ։ Առանձնացրե՞լ եք Ձեզ համար ողջույնի և շնորհակալության հատուկ, հենց իրենց համար նախատեսված տեքստեր։ Կանխատեսե՞լ եք ընթերցողի մեկնաբանություններն ու նյութի դիտումների քանակը։ Իմ ցուցակում անունները քիչ չեն, լավագույն տասնյակի մեկ-երկու անվան դիմաց դրական նշումներ էլ կան։
Երազանքի հարցազրույցներից հերթականը հայկական իրականության Լեդի Ջազի հետ էր։
Տաթևիկ Հովհաննիսյանը խոսեց այնպես, ինչպես երգում է՝ ազնիվ, անշտապ, շիտակ․․․ Մեր միջև օվկիանոսաչափ տարածությունը կրճատեցին կապի ժամանակակից միջոցներն ու կարոտը․․․ իմ դեպքում՝ արվեստագետի բացառիկ տեսակի հետ շփման, նրա դեպքում՝ հայի ու հայկականի հանդեպ կարոտը․․․ 26 րոպե՝ ջազի, հայրենիքի ու վերադարձի մասին․․․
-Ջազի հայրենիքից հայրենիք՝ 4 տարի անց ու 3 ամիս հետո․ ի՞նչ հուշեր ու զգացողություններ են պահպանվել հայաստանյան նախորդ շրջագայությունից։
-Նախորդ անգամ Հայաստանում էի երկար բացակայությունից հետո և ուղևորության մեջ Երևանից բացի ընդգրկված էին նաև Գյումրին ու Ստեփանակերտը։ Գյումրիում վաղուց չէի եղել և ինձ համար անակնկալ էր, անսպասելի․ չգիտեի՝ ինչ սպասեմ, որքանո՞վ է ինձ հիշում ժողովուրդը։ Բոլոր կասկածները փարատվեցին առաջին իսկ վայրկյանին․ ոտք դրեցի Գյումրի ու հասկացա, որ տանն եմ։ Նույնը՝ Ստեփանակերտում։ Գյումրին հրաշալի հետք է թողել իմ մեջ․ ժողովուրդն այնքան հաճելի շրջապատեց, ջերմացրեց։ Այդ տաքությունը, հումորը, ընդունելությունը, հյուընկալությունը, ամեն ինչ այնքան տպավորիչ էր, ոնց որ ընտանիքն ընտանիքին դիմավորեր։ Այս անգամ ինքս եմ հաճույքով առաջարկել՝ հնարավորության դեպքում լինել Գյումրիում։ Ես իսկապես ուզում էի նորից Գյումրիում ելույթ ունենալ։
-Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչպե՞ս եք ընտրում՝ բազմաթիվ հրավեր-առաջարկներից ո՞րն ընդունել և որտե՞ղ լինել։
-Մեր մի բաժակ ջուրը ելույթ ունենալն է։ Ու եթե մեզ տալիս են որոշակի պայմաններ, երաժիշտը երբեք չի հրաժարվում։ Պատահել է՝ ելույթ եմ ունեցել նաև այնպիսի տեղերում, որտեղ հանդիսատեսն անգամ չի իմացել՝ ինչ է ջազը։ Դահլիճում նստած մտերիմ մարդիկ հետո պատմել են, որ ջազ իմպրովիզացիայի ժամանակ մեկը մյուսին հարցնողներ են եղել՝ թե ինչ լեզվով է երգում, այսինքն՝ չեն էլ հասկացել, որ դրանք ոչ թե բառեր են, այլ ուղղակի իմպրովիզացիոն հանգավորումներ։ Բայց անգամ դա չի խանգարել, որ համերգն անցնի հրաշալի մակարդակով ու ելույթի ավարտին շատերը խոստովանեն, որ եթե ջազը սա է, իրենք այլևս դրա սիրահարն են։ Սա նշանակում է, որ մենք միշտ ցանկություն ունենք լինեն աշխարհի այն բոլոր անկյուններում, որտեղ կա հնարավորություն տարածելու մեր արվեստը։ Եթե ժամանակն ու ցանկությունն էլ համընկնում են, ուրեմն մերժում երբեք չի լինում․ ժողովրդի առաջ ելույթ ունենալու համար երաժիշտների սրտերը միշտ բաց են։ Հայաստանյան իմ շրջագայությունից անմիջապես հետո ես կլինեմ Մոսկվայում․ հունիսի 1-ին՝ Մոսկվայի միջազգային երաժշտական տանը, հունիսի 2-ին՝ Մոսկվայի Esse ջազ ակումբում։ Ես անհամբերությամբ եմ սպասում ոչ միայն Հայաստանի, այլև Մոսկվայի ելույթներին։
-Ինչո՞ւ է ընդունված կարծել այնպես, որ ջազն հոգածության կարիք ունի, որ սա արվեստ է, ոչ բոլորի համար՝ դրանով իսկ քիչ ընդունելի․․․
-Ջազային երաժշտությունը որպես այդպիսին, ընդհանրապես, աշխարհով մեկ ամենաքիչ ընդունելիներից է, ամենադժվար հասկանալիներից։ Կոմերցիոն չէ, մեծ գումարներ չի բերում և դրա համար էլ հաճախ ջազային արվեստը տուժում է։
-Այս իմաստով բնականոն համարե՞նք Ջազ ակումբների ոչ երկար կյանքը Հայաստանում․․․
-Այո, որովհետև եթե Միացյալ Նահանգներում են որոշ ակումբներ փակվում, ապա Հայաստանում ակումբների փակվելը ինձ տխրեցնում է, իհարկե, բաց չի զարմացնում։
-Ջազը ծնվել ու ապրում է ակումբներում։ Եթե այս կամ այն վայրում ուզում ենք ջազային արվեստ զարգացնել, ակումբի գոյությունը պարտադիր նախապայման է։ Գյումրիի ջազ ակումբն, օրինակ, դուք համարեցիք ամենաջազայիններից մեկը, որտեղ եղել եք․․․Ցավոք, այն ևս հիմա չի գործում։ Տենդենցը մայրաքաղաքում էլ էապես տարբեր չէ։ Որտե՞ղ փնտրել լուծման բանալին, երբ վաղուց հաստատված է՝ ջազի զարգացումը ուղիղ համեմատական է ակումբների գոյությանը։
-Քաջալերել է պետք ջազ երաժիշտներին։ Հայաստանում պակասում է երաժիշտներին օգնելու ուժը։ Շատ տաղանդավոր երաժիշտներ ունենք։ Ես կուզենայի, որ այդ երաժիշտներն անընդհատ չերազեին ուրիշ երկրներ մեկնելու մասին՝ օտար հողերում աճելու համար։ Միշտ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում փոփ երաժշտության, կոմերցիոն երաժշտության վրա ավելի շատ գումար է դրվում, որովհետև հեշտ ընդունելի է։ Հոգածություն է պետք ունենալ այս արվեստի նկատմամբ և հնարավորինս աջակցել է պետք բոլոր նրանց, ովքեր շարունակում են եղած հարուստ ջազային տրադիցիաները։
Ամբողջությամբ՝ newmag.am