Ինչպե՞ս ձմռանը խուսափել մրսածությունից
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ձմռանը խուսափել մրսածությունից

Երբ եղանակը ցրտում է, պետք է քիչ օգտագործել խմորեղեն ու կաթնամթերք, քանի որ այս մթերքները նպաստում են օրգանիզմում լորձի առաջացմանը, իսկ մրսածությունը հենց ինքը՝ լորձն է: Կաթն ընդհանրապես ամենաշատ լորձ առաջացնող մթերքն է: Շատ լավ օգնում է կոճապղպեղի կամ, ինչպես ընդունված է ասել, իմբիրի թեյը: 1 բաժակ ջրի համար վերցնել 1 թեյի գդալ իմբիր, մի քիչ շաքարավազ կամ մեղր: Ստացվում է շատ համեղ խառնուրդ, որը տաքացնում է օրգանիզմը, և մրսելու հավանականությունը քիչ է:

Տաք վաննա կամ ցնցուղ ընդունելուց հետո լավ սրբվել սրբիչով և մարմնին քսել զեյթունի ձեթ: Այն մարմինը պատում է բարակ թաղանթով, ու մարմինն ավելի երկար է կարողանում պահպանել իր ջերմությունը: Ձեթը խոչընդոտում է մաշկի չորանալուն: Սառնամանիքի ժամանակ մաշկը չորանում է այնպես, ինչպես` լվացված սպիտակեղենը: Երբ հոդերը սկսում են մի տեսակ ճթճթալ, ուրեմն ձեթի օգնությանը դիմելու ժամանակն է: Այս երևույթը հաճախ հանդիպում է տարեց մարդկանց շրջանում:

Եթե արդեն սկսվել է հարբուխ. Վերցնել լուցկու հատիկ, այն փաթաթել բամբակով, թաթախել մեղրի մեջ, այնուհետև՝ բուսական յուղի մեջ: Լուցկու հատիկը դնել աջ քթանցքի մեջ և պառկել հենց աջ կողմի վրա 20 րոպե: Հետո նույն բանը կրկնել ձախ քթանցքի համար: Այս դեպքում կարելի է փորձել նաև սխտորի կաթիլներ` 1 կաթիլ սխտորը 10 կաթիլ ձեթի հարաբերությամբ: Բայց սխտորի հետ պետք է շատ զգույշ լինել, որովհետև այն չարաշահելու դեպքում հնարավոր է վնասել լորձաթաղանթը:

Եթե ցավում է կոկորդը. Վաղ առավոտյան, անմիջապես քնից արթնանալուց հետո, բերանի մեջ լցնել մեկ ճաշի գդալ արևածաղկի ձեթ և ոչ թե կուլ տալ, այլ պահել բերանում ու ծծել ինչպես կոնֆետը, մինչև ձեթի սպիտակակաթնավուն նոսր հեղուկ դառնալը, այնուհետև թափել բերանից: Այս հասարակ վարժության շնորհիվ բուժվում են շատ հիվանդություններ:

Կոկորդի համար շատ լավ է «առյուծի դիրք» վարժությունը: Այդ ժամանակ պետք է 3-4 անգամ, հնարավորինս երկար, լեզուն հանել բերանից, մինչև վարժությունը սկսի ցավ պատճառել: Նշիկները սնուցվում են արյան միջոցով, և եթե այնտեղ ինչ-որ երևույթներ կան, այն շատ լավ օգնում է: Մաստակ ծամելը ևս նպաստում է նշիկների արյան մատակարարմանը:

Սուսաննա Ազատյան

Դեկտեմբեր 21, 2007