Կբերի՞ տարեկան 20 հազար զբոսաշրջիկ այս արձանը դեպի Գորիս (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կբերի՞ տարեկան 20 հազար զբոսաշրջիկ այս արձանը դեպի Գորիս

Հնգադեմ արձան՝ Գորիսի տարածքում, որը թվագրվում է  մ.թ.ա 2-րդ հազարամյակ. այս մասին այսօր ֆեյսբուքյան օգտատեր Արտուր Խոջաբաղյանի հրապարակումն ու դիտարկումը, թե այսօրինակ արձանը դեպի Գորիս կարող է ապահովել տարեկան 20.000 տուրիստի այցելություն, գրավել է տասնյակ օգատերերի ուշադրությունը:

Ընդգծելով արձանի Էզոթերիկ մեկնությունները՝ հեղինակն առանձնացրել է մի քանի վարկած, օրինակ այն, որ արձանը վկայում է 5 աստվածությունները, որոնց մասին հիշատակում կա Եգիպտոսում: Մեկ այլ դիտարկման համաձայն էլ՝ հնգադեմ տոտեմը, խրհրդանշում է մարդկային հինգ քաղաքակրթությունները մեծ կործանումից հետո  (12 հազար տարի առաջ):

Թե ինչպես ու որտեղից է այս արձանը հասել Գորիսի երկրագիտական թանգարան, որքանով է այն հետաքրքրում այցելուներին ու զբոսաշրջիկներին, ու թե ինչու է այսօրինակ բառացիկ նմուշը մինչ այժմ մնացել ստվերում, ArenaNews.am կայքը զրուցել է թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ:

– Պրն Սարգսյան, կխնդրեմ մանրամասնեք, թե ինչքա՞ն ժամանակ է, որ այս նմուշը Ձեր թանգարանում է, ինչպե՞ս ու որտեղի՞ց է այն թանգարան հասել:

– Արձանը թանգարան է բերվել 1950-60-ական թվականներին  Գորիսի մերձակա Հարժիս գյուղից, որը նախկինում կոչվել է Յայջի:

Այդ գյուղի տարածքում եղել է հեթանոսական տաճար, ու այս արձանն էլ եղել է նույն այդ հեթանոսական տաճարի մասունքը:

Հարջիս գյուղի տարածքում՝ տարբեր տներում նաև մշակույթի տան բակում,  նույն հուշարձանի նույնարժեք կուռքեր, սյուներ կան: Ընդհանրապես այդ գյուղը հուշարձանի մնացորդներով շատ հարուստ հետաքրքիր է:

– Իսկ որևէ տեղ ցուցադրվում են Ձեր նշած մասունքները, թե՞ անհանտների ձեռքում են:

– Գիտեք՝ անհատների ձեռքում հիանալի նմուշներ կան: Այդ գյուղի բնակիչներից մեկի այգու մեջ դրված արձան կա, ասում է. «սա մեր այգուց է դուրս եկել, մենք երազում տեսել ենք, որ եթե հանենք, դժբախտություն է պատահելու»: Սնոտիապաշտ մարդիկ են, կառչած այդ կուռքերից, չեն ուզում հանձնել, չգիտեմ՝ ոնց կարելի է իրենցից  վերցնել ու թանգարաններ հանձնել:

Մշակույթի տան շենքի տարածքում էլ կա մի հրաշալի նմուշ՝ մոտ 2 ու կես մետր բարձրությամբ սյուն է, որի կատարին դեմք է քանդակած:

Չուսումնասիրված է այդ գյուղը, կարոտ է պեղումների:

– Վերադանալով հնգադեմ արձանին՝ կասե՞ք, ցուցադրվող 5 դեմքերն իրարից ինչով են տարբերվում:

 Դեմքերը գրեթե միակերպ են, առանձնապես մեկը մյուսից չի տարբերվում, պարզապես պահպանվածության խնդիր կա: Մեկի ծնոտի հատվածում որոշ վնասված տեղ կա, մեկը մի փոքր ավելի լավ է պահպանվել, մյուսը՝ ոչ:

– Այցելուներին որքանո՞վ է գրավում ցուցանմուշը, գնահատու՞մ են արժեքը:

Այս հնգաձև կուռքը մեր թանգարանի ամենաերևացող, արժեքավոր ցուցանմուշն է: Հասկացող մարդիկ, երբ թանգարան են մտնում առաջին հերթին իրենց ուշադրությունը հենց դա է գրավում:

Եթե համեմատենք զբոսաշրջիկների ու հայ այցելուների հետաքրքրությունը, ապա պետք է նշեմ, որ մեզ մոտ հիմնականում մասնագետներն են հասկանում այդ արձանի արժեքը:

Անցած տարի մեր թանգարանը  2500 այցելու է ունեցել: Ընդհանուր վատ ցուցանիշ չէ, քանի որ մենք որոշ խնդիրներ ունենք թանգարանի ընդալայնման հետ կապված. տիպային շենք չունենք, հարմարեցված տարածքում է թանգարանը: Թանգարանի վերանորոգումից հետո ակնկալում ենք ավելի մեծ հոսք:

Հավելենք,, որ հնգադեմ աստավծությունները հիմնականում տարածված են Հնդկաստանում. Գորիսում գտնվող այս արձանի եզակիությունը պայմանավորված է թվագրված դարաշրջանով ու պահպանվածության մակարդակով: