Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ? տեսնես Դինաակոբովնաները գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը….»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը երեկ հայտարարություն է տարածել ԱՄՆ մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին, նույն ինքը՝ Դինա Ակոպովնային և Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք առաջադրվեց ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար, ըստ որի նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով բերել էին ԱՄՆ: Մեղադրական եզրակացությամբ նրանց առաջադրվում է մեղադրանք հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության և արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության համատեղ քննությամբ ազդեցիկ ուղերձ է հղվում առ այն, որ ԱՄՆ վիզաների հետ կապված չարաշահումներն ազգային անվտանգության խնդիր են և դրանք չեն կարող հանդուրժվել: Անդրազգային կազմակերպված հանցավորությունը, որը շահույթ է ստանում ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խարդախությունների միջոցով անհանգստացնում է մեզ, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանցավոր նպատակներով շահարկվում է հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվում են այլ անձանց տվյալներ և որակավորումների մասին սուտ տեղեկություններ:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Բոյաջյանի, Ակոպովնայի և Աթոյանի հանցավոր գործունեության թիրախը եղել են P-3 տեսակի մուտքի վիզաները, որոնք տրվում են բացառիկ մշակութային գործիչներին: Սա վիզայի այն տեսակն է, որը սովորաբար ստանում են հայ արվեստագետները, մշակութային գործիչները, երաժիշտներն ու կատարողները, ովքեր ԱՄՆ են մեկնում ամերիկյան ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության կարևոր կողմերը: Ցավոք, նմանատիպ դեպքերը ստիպում են, որպեսզի հայ-ամերիկյան մշակութային փոխանակման հնարավորություններից յուրաքանչյուրը մանրակրկիտ քննության առնվի:
Մուտքի վիզաների հետ կապված խարդախության այս սխեմայի ներքո կազմակերպիչները պահանջել ու ստացել են կեղծ տեղեկանքներ, պատրաստել բեմադրված լուսանկարներ, որտեղ դիմողները հայկական պարի տարազով են, և հրահանգավորել են դիմողներին հարցազրույցի ժամանակ կեղծ տեղեկություններ հայտնել: Մուտքի վիզայի հարցազրույցի ժամանակ որակավորումների մասին կեղծ տեղեկանքներ ներկայացնելը թույլ չի տալիս Պետքարտուղարությանը իրապես գնահատել դիմողի որակավորումները, և դա հնարավորություն է ստեղծում, որ հանցավոր տարրերը, փախուստի մեջ գտնվող անձինք ու ահաբեկիչները կարողանան միջազգայնորեն ճանապարհորդել՝ վտանգելով հասարակական անվտանգությունը Միացյալ Նահանգներում և այլ երկրներում: Բացի այդ, փաստական տվյալների սխալ ու խեղաթյուրված ներկայացումը մուտքի վիզայի հարցազրույցի ընթացքում կարող է դիմողին մշտապես զրկել ԱՄՆ մուտքի վիզա ստանալու հնարավորությունից:
Վիզաների հետ կապված խարդախությունների դեմ պայքարի մեր ջանքերը շարունակվում են: Մեր հյուպատոսական պաշտոնյաները քննության կառնեն վիզայի դիմումները՝ ԱՄՆ ներգաղթային օրենքների ու կանոնակարգերի լիարժեք ապահովմամբ` ձգտելով մի կողմից աջակցել օրինական ուղևորություններին և մյուս կողմից` պաշտպանել ԱՄՆ ազգային անվտանգությունը: Միաժամանակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտն ու Դիվանագիտական անվտանգության ծառայությունն ամեն ինչ կանեն պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր շահարկում են ԱՄՆ վիզաների համակարգը շահ ստանալու նպատակով:
Այս և այլ գործերով հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով: Ձերբակալությունից հետո Բոյաջյանը և Աթոյանը պատշաճ դատավարական ընթացակարգերից հետո կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Ակոպովնան դեռևս հետախուզման մեջ է գտնվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Երևանում ԱՄՆ դեսպանատունը կաջակցի նրան պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերին: Գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է»: