«Հայ-թուրքական արձանագրություններ. պատմություն, տեսություն և իրականություն». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Հայ-թուրքական արձանագրություններ. պատմություն, տեսություն և իրականություն». Սուրեն Սարգսյան

Քաղաքգետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.

«Սերժ Սարգսյանի նախագահությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկար բացեց: 2008թ. ՌԴ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը աննախադեպ հայտարարությամբ հանդես եկավ՝ հրավիրելով Թուրքիայի նախագահին այցելել Հայաստան, դիտելու Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը, որի պատճառով էլ գործընթացը կոչվել «Ֆուտբոլային դիվանագիտություն» և Հայաստանն ու Թուրքիան սկսեցին ֆորմալ բանակցությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Իրականում հայ և թուրք դիվանագետների միջև արդեն ամիսներ շարունակ տեղի ունեցող փակ բանակցությունների արդյունքում հայ-թուրքական մերձեցման գործընթացը միանգամից դարձավ տեղական և միջազգային ԶԼՄ-ներում բուռն քննարկումների առարկա։ Երկու պետությունների պաշտոնյաները խոստովանում էին, որ երբեք այդքան մոտ չեն եղել հարաբերությունների վերջնական կարգավորմանը, որքան այդ օրերին։ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի խոսքերով, այդ գործընթացն ամբողջությամբ համընկնում էր կառավարության «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հետ։

Մերձեցման «գնի» վերաբերյալ լուրջ քննարկումներ կային Հայաստանում և սփյուռքում, քանի որ թուրք պաշտոնյաների հայտարարությունները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բավականին հակասական էին։ Մինչ հայկական կողմը խոսում էր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին, թուրք պաշտոնյաները պնդում էին, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը «վերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և հրաժարվի «պատմությունը խեղաթյուրելու» փորձերից։ Հայաստանում և սփյուռքում արձանագրությունները լուրջ քննադատությունների արժանացան։ Առավելապես ակտիվ էր ՀՅԴ-ն, որ Հայաստանում և սփյուռքում զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպեց՝ դուրս գալով կոալիցիոն կառավարությունից։ Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը խիստ քննադատություն հնչեցրեց, ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, որքան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը` որպես հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախապայման լինելուց։ Արձանագրությունների քննադատությամբ հադես եկավ նաև երկրորդ նախագահի օրոք, շուրջ տասը տարի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Վ. Օսկանյանը, ով հայտարարեց, որ «այդ փաստաթղթերի ստորագրումը չի լուծի Հայաստանի խնդիրները, ընդհակառակը, դրանք կբերեն բոլորովին այլ խոչընդհոտներ և նոր խնդիրներ»։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանը, որը շրջափակված է Թուրքիայի կողմից և ուժեղ տնտեսական և դիվանագիտական ճնշման տակ է գտնվում, ստիպված է ընդունել այն պայմանները, որոնք սպառնում են իր շահերին, իրավունքներին, անվտանգությանը և ապագային: Անդրադառնալով առաջարկվող պատմական հանձնաժողովին նշվում էր, որ Անկարան երկար տարիների ընթացքում մարտավարություն էր որդեգրել Հայոց Ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնելու համար և որի նպատակն էր թուլացնել մարդկության դեմ այս հանցագործության միջազգային ճանաչման աճող գործընթացը։ ԸստՀայ Դատի գրասենյակի հրապարակած հայտարարության, արձանագրությունները խաթարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատության և ինքնորոշման իրավունքը, հանձնեցին հայ ժողովրդի պատմական իրավունքները` Հայոց Ցեղասպանության արդար լուծման համար: Գրասենյակը կետ առ կետ վերլուծել էր Արձանագրությունների տեքստը և կարծիք էր հայտնել, որ Հայաստանի վրա կիրառվող ճնշման արդյունք է, որ Հայաստանը պատրաստ է գնալ «անխոհեմ և ապակառուցողական» զիջումների:

Թուրքական քաղաքական հռետորաբանության որոշակի փոփոխություն տեղի ունեցավ 2009թ. ապրիլին, երբ վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ վերջնական համաձայնագիր չի ստորագրի «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել»։

2009-ի ապրիլի 22-ին, 1915 թվականի «զանգվածային սպանությունների» վերաբերյալ ԱՄՆ նախագահի ավանդական հայտարարության նախօրեին, Հայաստանը և Թուրքիան համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որ պատրաստ են ճանապարհային քարտեզի օգնությամբ կարգավորել երկկողմ հարաբերությունները։
Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում նախաստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Չնայած արձանագրությունների տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կամ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որևէ դրույթ չկար, արձանագրությունների ստորագրումը մոտ երեք ժամով հետաձգվեց, քանի որ ստորագրմանը հաջորդող արտգործնախարարների հայտարարությունների մեջ կային որոշ ձևակերպումներ, որի վերաբերյալ չկար համաձայնություն։ Արարողությանը ներկա գտնվող ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը և այլ դիվանագետները անմիջապես սկսեցին հնարավոր միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը մեղմելու համար և շուրջ երեք ժամ ուշացումով արձանագրությունները վերջնականապես նախաստորագրվեցին, առանց բանավոր հայտարարությունների։ Ինչպես հետագայում Քլինթոնը բացատրեց, «Մարդիկ ազատ են ասել ինչ ցանկանում են, սակայն թող այդ խոսքերը լինեն հենց արձանագրությունները»։ Իսկ արձանագրությունների տեքստում օգտագործված էր դիվանագիտական երկիմաստությունն իր ամբողջ հմայքով։

1. Հայաստանի համար, որպես դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող պետություն, չափազանց բարդ է զարգանալ փակ սահմաններով: Սահմանները բացելով Հայաստանը կկարողանար շոշափելի տնտեսական օգուտներ քաղել։

2. Ձգտելով առավել ազդեցիկ դեր ունենալ տարածաշրջանում, Թուրքիան շահագրգռված էր ամրապնդելու իր դիրքերը: Եվրամիությանն անդամակցելու արագացման համար իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը ձգտում էր խաղաղ բանակցային գործընթաց սկսել Կիպրոսի հետ, ավարտել հակամարտությունները արևելյան քրդակբնակ տարածաշրջաններում և բարեկամական հարաբերություններ հաստատեց Հայաստանի և այլ հարևանների հետ՝ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության իմպլեմենտացիայով։ Այդուհանդերձ, ընդդիմությունը՝ «Ազգային շարժմում» կուսակցությունը և «Հանրապետական ժողովրդական կուսակցության» կոմից, որոնք դեմ էին արձանագրություններին: «Հանրապետական Ժողովրդական» կուսակցության, փոխնախագահի և նախկին դեսպան Օնուր Օյմանի կարծիքով, Հայաստանը բավականաչափ չէր փոխել իր քաղաքականությունը և որևէ քայլ չէր ձեռնարկել հաշտեցում ակնկալելու համար: Նա նաև նշել էչ, որ Թուրքիան անում է ամեն ին, ինչ պահանջում են Միացյալ Նահանգները, նույնիսկ իր արժանապատվությունը կորցնելու գնով։ «Դա ոչ համապատասխան քաղաքականություն է և վնասում է Թուրքիայի հեղինակությանը: Հայաստանն այս արձանագրությունների դիմաց ոչինչ չի խոստացել, և այն ինչ անում է Թուրքիան, միակողմանի զիջում է» նշել էր քաղաքական գործիչը։ Իր հերթին, «Ազգային շարժում» կուսակցությունից ներկայացուցիչ և նախկին դեսպան Դենիս Բյուքբլբաշը հայտարարել էր․ «Հայաստանի սահմանադրական օրենքները Արեւելյան Թուրքիան համարում են պատմական հայկական հողերի մի մաս: Արձանագրություններում որևէ կետ չկա, որպեսզի հաստատի, որ Հայաստանը մերժում է այդ մոտեցումը: Բացի այդ Հայաստանը չի պարտավորվում իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից և լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրները: Այսպիսով, սա միակողմանի քայլ է»։

3. Երբ հայկական զինված ուժերը ազատագրեցին Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը, Թուրքիան վերջնականապես փակեց Հայաստանի հետ իր սահմանը՝ ի աջակցություն Ադրբեջանի: 1993թ. Թուրքիան և Ադրբեջանը շրջափակման մեջ առան Հայաստանին՝ փորձելով ստիպել Երևանին հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող ռազմաքաղաքական աջակցությունից: Թուրքիան հետագայում նոր նախապայմաններ առաջ քաշեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը պետք է ճանաչեր Թուրքիայի սահմանները և դադարեցներ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները։ Միաժամանակ, Թուրքիայի կառավարությունը խոստացել էր Ադրբեջանին, որ հայ-թուրքական սահմանը չի վերաբացվի այնքան ժամանակ, քանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, իսկ հայկական զորքերը դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղի տարածքներից: Այդուհանդերձ արձագրութներում հայկական զորքերի դուրս բերումը չէր նշվում, որպես նախապայման դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման համար, ինչը Ադրբեջանին նյարդայնացնում էր։

4. Որպես չեզոք պետություն, Շվեյցարիան կողմերից ստացել էր մանդատ՝ օգնելու իրենց համաձայնության գալուն: Այնուամենայնիվ, թուրքական մամուլում բավականին լուրջ մտահոգություն կար Շվեյցարիայի ընտրության հարցի վերաբերյալ, քանի որ չեզոքություն հայտարարելով Շվեյցարիան այն երկրներից էր, որ պաշտոնապես ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը։ Թուրքական կողմում մտավախություն կար, որ բանակցային գործընթացի ժամանակ միջնորդ դառնալով, Շվեյցարիան, ամենայն հավանականությամբ, պետք է իր պատկերացումներով ու շահերով առաջնորդվի։ Այդուհանդերձ, որոշ վերլուծաբանները նշում են, որ Շվեյցարիան հայտարարվել է որպես պաշտոնական միջնորդ, սակայն ի սկզբանե ոչ մի շոշափելի դերակատարություն չի ունեցել այս գործընթացում և Ցյուրիխում էլ արձանագրությունների ստորագրման արարողությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանն են առավել մեծ ներդրում ունեցել հայ-թուրքական բանակցային գործընթացում: Չնայած վերջին րոպեին՝ տարաձայնությունների պատճառով հետաձգմանը, Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին երկու արձանագրությունները, երբ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը «բջջային հեռախոսային դիվանագիտություն» օգտագործեց, ինչը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլում։ Իր հերթին ռուսական «Կոմերսանտ» թերթը իրավիճակի փրկության համար իր դափնիներն էր հանձնել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին, ով կարճ գրություն էր ուղարկել Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանին, ասելով «Էդուարդ, համաձայնվիր արարողությանը առանց հաջորդող հայտարարությունների»։

Ինչ վերաբերում է Շվեյցարիայի դերակատարությանը վերջին րոպեին տեղի ունեցած երեք ժամանոց հետաձգման առումով, ապա թուրքական լրատվամիջոցները տարերայնորեն մեջբերում էին թուրք դիվանագետին, ով հայտարարել էր, թե Շվեյցարիայի արտգործնախարարը երեք ժամվա ընթացքում այնպես էր այս կամ այն կողմ վազվզում, կարծես երրորդ քարտուղար լիներ։ Ստորագրման արարողության միջադեպից կարելի է ենթադրել, որ Շվեյցարիայի դերը զուտ «միջնորդի» էր, որտեղ միջնորդը ըստ էության շահեր չունի և հետաքրքրված է բացառապես խնդրի լուծմամբ: Շվեյցարիան, որպես պաշտոնական միջնորդ ներգրավված էր ավելի շատ, որպես բանակցությունների տեխնիկական կազմակերպիչ, կիրառելով Թուվալի և Զարթմանի կողմից առաջ քաշված առաջին և երկրորդ ռազմավարությունները՝ ապահովելով կապն ու ձևակերպումը, իսկ մանիպուլյացիայի ռազմավարությունը թողնված էր ԱՄՆ-ին և Ռուսաստանին։

5. Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, այդուհանդերձ երկկողմ հարաբերությունները բազմիցս լարվել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի նախագծերի պատճառով, որի համար լուրջ աշխատանք են տարել ԱՄՆ հայկական կազմակերպությունները։ Նախագահ Օբաման իր քարոզարշավի ընթացքում տրված խոստումը դրժելով, ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում խուսափեց իրավական հստակ գնահատական տալ երևույթին և չօգտագործեց «Ցեղասպանություն» բառը։ Դրա փոխարեն նա օգտագործեց «Մեծ եղեռն» հասկացությունը: Հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցային գործընթացը, Օբաման լեգիտիմ արդարացում գտավ, որպեսզի չօգտագործի «Ցեղասպանություն»եզրույթը։ Սա լավագույն հղումն էր, որ Օբաման կարող էր անել իր նախընտրական խոստումը դրժելու համար։ ԱՄՆ բոլոր վարչակազմերի համար հայ-թուրքական մերձեցումը կարևոր էր։

6. Ռուսաստանը նույնպես փորձում էր շահող դուրս գալ հայ-թուրքական հնարավոր հաշտեցման գործընթացից, եթե այն հաջողեր։ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկվայի և Անկարայի համար տնտեսության և անվտանգության տեսանկյունից կարևոր էր։

Կարևոր հանգամանք էր նաև այն փաստը, որ Թուրքիան ռուս-վրացական ճգնաժամի ընթացքում որոշակի աջակցություն ցուցաբերեցին Ռուսատսանին։ Թուրքիան ցույց տվեց, որ չի ցանակնում ընդգծված հակառուսական դիրքորոշում որդեգրել ի տարբերություն իր Արևմտյան դաշնակիցների, ինչը չափազանց կարևուր էր երկու պետությունների հարաբերությունների համար։ Ռուս-վրացական հակամարտության ժամանակ Թուրքիան ամերիկյան երկու ռազմանավերին չթուլատրեց անցնել դեպի Սև ծով, պնդելով, որ նավերը իրենց չափսերով գերազանցեցում են թույլատրելի սահմանները: Արձանագրությունների հնրավոր ստորագրումից Ռուսաստանը կօգտվեր՝ փորձելով ստանալ Թուրքիայի աջակցությունը էներգետիկ մի շարք նախագծերի համար և թուլացնել ԱՄՆ-Թուրքիա կապերը: Միաժամանակ արձանագրությունների ստորագրմամբ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ առավել կմեծանար (Թուրքիայից նեղանալու շնորհիվ), հետևաբար նաև «Հարավային Հոսանք» և «Նաբուկո» նախագիծերի վրա: Արձանագրությունները նախաստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը տվել էր իր համաձայնությունը Ռուսաստանին տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ վաճառելու վերաբերյալ, իսկ Ալիևը հայտարարել էր, որ գազի ծավալները «վերին շեմ չեն ունենա»։

Այսպիսով, Ռուսաստան-Թուրքիա-Հայաստանհամագործակցության հնարավորությունը կարող էր Ադրբեջանի համար առավել կախյալ վիճակ ստեղծել Ռուսաստանից, թուլացնել ԱՄՆ կողմից հովանավորվող Վրաստանի ազդեցությունը տարածաշրջանում, թուլացնել ԵՄ էներգետիկ դիվերսիֆիկացման ծրագրերը և վերջապես Թուրքիայի և Արեւմուտքի հարաբերությունները առավել խոցելի դարձնել: Զարգացող առևտրային գործընկերությունից բացի, երկու երկրների միջև քաղաքական փոխըմբռնումը նույնպես արագ էր զարգանում, ամրապնդվելով Մոսկվայում եւ Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բազմաթիվ հանդիպումներով: Էներգետիկ համագործակցության համատեքստում Ռուսաստանը արձանագրությունների արդյունքները կարող էր գնահատել որպես երկուստեք հաղթող (win-win) վիճակ, քանի որ «Նաբուկո» նախագիծը տեսականորեն կարող էր անցնել Հայաստանով՝ շրջանցելով Վրաստանը: Չնայած ֆորմալ առումով վրացական կառավարությունը ողջունել էր արձանագրությունները, այդուհանդերձ Վրաստանի կարգավիճակը, որպես Հայաստանի տրանսպորտային մոնոպոլիստ կխաթարվեր, եթե սահմանը բացվեր։ Միաժամանակ Վրաստանի կարևորությունը, որպես էներգետիկ կամուրջ և մեծ տերությունների ուշադրության կենտրոնում գտնվող պետություն կարող էր նվազել։

Տարածաշրջանով քիչ թե շատ հետաքրքրվողների համար, իհարկե այս իրավիճակը կարող էր արտասովոր թվալ, քանի որ ավանդաբար մրցակցող ուժերը ներգրավված էին ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական այս հարցի՝ Հայաստան-Թուրքիա հաշտեցման մեջ, փորձելով օգուտներ քաղել, եթե այն հաջողվի»։



Նման նյութեր