Պետք է թույլ չտալ, որ նոր հեծանիվ հնարեն և թալանեն` նորարարության անվան տակ. Վահե Վարսանյան
Advertisement 1000 x 90

Պետք է թույլ չտալ, որ նոր հեծանիվ հնարեն և թալանեն` նորարարության անվան տակ. Վահե Վարսանյան

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության օպերատորը (armed.am կայք) բաժանորդների համար ռեկետային սակագներ է սահմանել, և քանի որ նրա հետագա աշխատանքը չի ունենալու զգալի ինքնարժեք, սա ընկերության սեփականատերերի համար ուղղակի Կլոնդայք է լինելու, կարծում է «Վագա Ֆարմ» ընկերության ղեկավար Վահե Վարսանյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա հիշեցրեց, որ դեղերը պարտադիր դեղատոմսերով բաց թողնելու կարգի ներդրմանը զուգահեռ՝ Հայաստանում ներդրվում է նաև էլեկտրոնային առողջապահության համակարգը, և կառավարության որոշմամբ՝ արդեն հիմա երկրում գործող բոլոր բուժհաստատությունները և դեղատները համակարգին միանալու համար պետք է համապատասխանեն որոշակի տեխնիկական պահանջների:

«Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ շատ լավ է. անկետաները կլրացվեն էլեկտրոնային ձևով, դեղատոմսերը ևս էլեկտրոնային կլինեն, ոչ մի թուղթ չի լինի, սակայն մեր երկրի պրոզայիկ իրականությունը այս նորամուծությանը չի համապատասխանում»,- ասաց Վահե Վարսանյանը:

Նրա խոսքով՝ էլեկտրոնային առողջապահության օպերատորը սահմանել է ուղղակի ռեկետային գներ: Մասնավորապես, յուրաքանչյուր դեղատուն պետք է ամսական սակագին վճարի, սակագին՝ յուրաքանչյուր օպերատորի համար, նաև յուրաքանչյուր սպասարկված դեղատոմսի համար: Համեստ հաշվարկներով՝ էլեկտրոնային առողջապահության վրա մեկ դեղատան տարեկան  ծախսերը կարող են կազմել մինչև 500 000 դրամ: Եվ սա դեռ ՝առանց հաշվի առնելու համակարգիչների թարմացման, ինտերնետի հզորացման և այլ միանվագ ծախսերը:

Մասնավորապես, մեկ դեղատոմսի սպասարկման արժեքը հաստատված է 30 դրամ, և այս 30 դրամները բավականին շոշափելի կլինեն մի քանի հարյուր դրամ արժողությամբ էժան  դեղեր գնելիս: «Քանի որ դեղերի ոլորտն ամենամրցակցայինն է, և մենք ցածր վերադիրով ենք աշխատում, դա անխուսափելիորեն կբերի դեղերի թանկացման, և առաջին հերթին՝ լայն սպառման ոչ թանկ տեսականու: Մեր հաշվարկներով՝ այն կկազմի մինչև 7 տոկոս»,- ասաց  դեղագործական ընկերության ղեկավարը:

Նա հավելեց, որ անհատական  դեղատները՝  ցանցայինների   համեմատությամբ,  ավելի ծանր վիճակում են, քանի որ վերջիններս արդեն զինված են ավելի հզոր համակարգիչներով և ինտերնետով՝ ներցանցային կապի ապահովման  համար: Դրան գումարած,  խոշոր ընկերությունները, որոնք ե՛ւ մեծածախ, ե՛ւ մանրածախ ցանց ունեն, մանրածախ ցանցում լրացուցիչ ծախսերի համար ավելի հեշտ կգտնեն ֆինանսական  միջոցներ: «Չնայած այս ծախսերը կկազմեն մանրածախ առևտրի շահույթի մեծ մասը -հավելեց նա: -Իսկ փոքր դեղատների համար, մասնավորապես՝ հեռավոր շրջաններում, այս ամենը ավելի զգայուն խնդիր է դառնալու»:

Ըստ որում, Վահե Վարսանյանի խոսքով՝ էլեկտրոնային առողջապահության բուն համակարգը դեռ  երկար չի գործելու, սակայն իրենց պարտադրում են  արդեն հիմա դրան միանալ: Նրա կարծիքով՝ սա արվում է միայն այն նպատակով, որ իրենք վճարեն: Տարբեր պետական էլեկտրոնային համակարգերի հետ՝ ինչպիսիք են «mulberry»-ն  և « e-invoicing»-ը, աշխատանքի փորձը  վաղուց կա: Միաժամանակ, նա նշեց, որ օգտատերերն այսօր պետական ոչ մի էլեկտրոնային համակարգի համար չեն վճարում: eHealth-ն այդպիսի առաջին համակարգն է: «Մնացած բոլոր պետական էլեկտրոնային համակարգերի համար մենք չենք վճարում: Իսկ սա փոխանցել են բարձրագոչ անվանումով՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» կոնցեսիոներին: Եվ  պնդում են, որ վերջինս ծախսեր է արել, հիմա պետք է դրանք փակի»,- ասաց նա:

Մինչդեռ, ինչպես հիշեցրեց Վահե Վարսանյանը, էլեկտրոնային առողջապահության ներդրման համար ժամանակին անհրաժեշտ ֆինանսավորում ստացվել է, ծրագիրն արդեն գրված է, այսինքն՝ eHealth-ը պետք է աշխատի առանց մեծ ինքնարժեքի, իսկ բուժհաստատություններից և դեղատներից փողը մշտապես ստացվելու է: «Սա նրանց համար լիակատար Կլոնդայք է,- ասաց նա և հավելեց. –  Պետք է թույլ չտալ, որ նոր հեծանիվ հնարեն և թալանեն նորարարության անվան տակ։ Նույն Վրաստանում այն ներդրել են պարզ ձևով՝ անվճար: Մեզ մոտ էլ այն պետք է անվճար լինի»:

Ընկերության ղեկավարի խոսքով՝ առողջապահության ներկայիս նախարարի նախաձեռնությունները, որն իր վերջնական նպատակը  պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգի ներդրումն է հռչակել, ոչ կոմպետենտ են. դրանք հետագայում բերելու են ավելի կործանարար հետևանքների: «Նա արդեն զգացել է ԱՊՊԱ-ի համը, որտեղ չի վերադարձվում հավաքած գումարի անգամ 50 տոկոսը: Նույն բանը լինելու է պարտադիր առողջապահական ապահովագրական համակարգի դեպքում: Մարդիկ իրենց չնչին աշխատավարձից որոշակի գումար են վճարելու, իսկ մատուցվող բուժծառայությունների շրջանակը շատ սահմանափակ է լինելու: Իրականում՝ մարդիկ պատշաճ բուժսպասարկում չեն ստանալու և միայն փող են կորցնելու, իսկ այն ինստիտուտները և իրավական դաշտը, որոնք իրենց պետք է պաշտպանեին, միայն ձևական են լինելու»,- ասաց նա:

Վահե Վարսանյանը հավելեց, որ պարտադիր  բուժապահովագրությունը  լուծում է բարեկեցության բարձր մակարդակով զարգացած երկրների համար, բայց ոչ 40 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի:

med.news.am