DUDUKIST միջազգային նախագծի կազմակերպիչները նամակով դիմել են «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության կորպորացիային՝ խնդրելով ուղեծիր տանել երաժշտական գործիք դուդուկը։ Sputnik-ի թղթակիցը զրուցել է նախաձեռնության հեղինակների հետ։
Գեղեցիկ է և էրգոնոմիկ
Արդեն մի քանի տարի է` DUDUKIST–ը Մոսկվայում կազմակերպում է դուդուկի միջազգային փառատոներ, որոնց մասնակցում են լավագույն դուդուկահարները։ Անցած տարի փառատոնն անցկացվել է Կրեմլի պալատի Մեծ համերգասրահում։
«2012թ-ին՝ որպես համաշխարհային քաղաքակրթության ճանաչված գանձ, տիեզերքում է եղել հայոց այբուբենը, իսկ դուդուկը հայկական այբուբենից հին է։ Այդ գործիքի մասին առաջին անգամ հիշատակվել են Ուրարտուի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Այնպես որ դուդուկն առնվազն երեք հազար տարեկան է»,- պատմում է DUDUKIST նախագծի համահիմնադիր Սուրեն Բաղդասարյանը։
Բաղդասարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Դուդուկի միջազգային հինգերորդ փառատոնն այս տարի կկայանա մոսկովյան պլանետարիումում։
«Դուդուկի հնչողությունն աներևակայելի ներդաշնակությամբ համադրվում է աստղային երկնքի տեսարանների հետ։ Դա անհնար է նկարագրել, կարելի է միայն զգալ։ Տիեզերք թռչելու համար դուդուկից լավ գործիք չկա։ Դրանից բացի, այն չափազանց էրգոնոմիկ է, շատ տեղ չի զբաղեցնում։ Իսկ մենք գիտենք, որ տիեզերքում յուրաքանչյուր միլիմետրը ոսկու գին ունի»,- նշել է նախագծի համահիմնադիրը։
2005թ-ին դուդուկի երաժշտությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ մշակութային ժառանգության գլուխգործոց։
«Դուդուկի ձայնը հայ ժողովրդի կարևորագույն խորհրդանիշն է։ Բայց դա նաև աշխարհի երաժշտություն է, որը միավորում է բոլոր ժողովուրդներին՝ միշտ մնալով յուրօրինակ։ Պատահական չէ, որ մեր նախագծի ամենամյա փառատոները շատ տարածված են տարբեր ազգությունների ներկայացուցիչների մոտ։ Դուդուկը միավորում է մարդկանց։ Նրանց ավելի բարի, իմաստուն, համբերատար է դարձնում», — ասաց Բաղդասարյանը։
Քաղաքակրթության գանձը
Դուդուկի մոսկովյան երկրպագուների նախաձեռնությունն առանց աջակցության չի մնացել։
«Ամբողջ Երկրում հազիվ թե գտնվի մի մարդ, որն անտարբեր լինի դուդուկի ձայնի հանդեպ։ Հատկապես այն երաժշտության, որը գործիքը պարգևում է մարդկանց։ Մենք կաջակցենք, որ դուդուկը լինի տիեզերքում։ Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ամբողջ մարդկային քաղաքակրթության արժեքն է»,- հայտարարել է Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ, Հայաստանի հետ ռուսական բարեկամության միության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը։
Նրա խոսքով՝ այս տարի դուդուկի միջազգային փառատոնը կանցկացվի 5-րդ անգամ։
«Նման հոբելյանի արժանի նվերը կլինի դուդուկի թռիչքը տիեզերք»,- ասել է Կրիվոպուսկովը։