Խաչքարերը չպետք է կրկնվեն, ասում է վարպետը և Աստծուց ուժ ու գեղարվեստական շնորհ խնդրում՝ հազար անկրկնելի խաչքարերի համար։
Հայաստանում մինչև հիմա կան շուրջ 40 հազար մշակույթային գանձեր՝ խաչքարեր, պատմում է ֆրանսիական TV5 Monde հեռուստաալիքը Հայաստանում խաչքար պատրաստելու արվեստին նվիրված իր ռեպորտաժում։
«Խաչքարերը միշտ գտնվել են եկեղեցիների մոտ, գերեզմանատներում, վանքերի պատերի և կամուրջների եզրապատերի մեջ։ Որպես կանոն՝ դրանք ուղղված են արևմուտք։
Դրանք պատրաստել են՝ ի հիշատակ մահացածների, ռազմական հաղթանակի կամ պատմական իրադարձության։ Դրանք հարգանք են արտահայտում խաչի նկատմամբ, որը քրիստոնեական հավատի ու հայկական ինքնության պահպանման խորհրդանիշն է»,- պատմում է ռեպորտաժի հեղինակը։
Թղթակիցները այցելել են մի քանի եկեղեցիներ և Վանաձոր քաղաքի արհեստանոցներից մեկը։
«Քաղաքը եղել է Հայաստանի քիմիական արդյունաբերության կենտրոններից մեկը։ Խորհրդային Միության անկումից հետո գործարանները փակվել են։ Դրանց պատերի կմախքները երևում են կանաչ բնապատկերում՝ Փամբակ գետի կիրճում։
Քաղաքի արվեստանոցներից մեկում հին մշակույթը վերածնում է Սերգեյ Դանիելյանը՝ տեղի գեղարվեստական ուսումնարանի շրջանավարտը։ «Ես արդեն հինգ հարյուր խաչքար եմ պատրաստել, և ոչ մեկը մյուսին նման չէ։ Ես հավատում եմ, Աստված ինձ ուժ է տվել ստեղծել հազարը»,- ասում է վարպետը։
1972թ-ին նա այն քչերից է եղել, ովքեր Հայաստանում զբաղվել են խաչքարագործությամբ։ Այդ տասնամյակների ընթացքում շատ սաներ է դաստիարակել։ Հիմա նա գոհ է. Հայաստանում լավ վարպետները շատ են։