Փոքր ժամանակ Տիգրան Համասյանն ուզում էր թրեշ-մետալիստ դառնալ, հետո մտափոխվեց ու ջազմեն դարձավ։
Աշխարհհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանը մայիսի 3–ին մենահամերգ կտա Սանկտ Պետերբուրգում։ Մենահամերգի շրջանակում նա կներկայացնի իր նոր For Gyumri EP–ին։ Այս մասին հայտնում է Jazzpeople հարթակը։
Նոր սկավառակը նվիրված է ջազմենի մանկությանն ու նրա հայրենի Գյումրիին։
Համասյանը խոստովանում է` նոր ալբոմը նրա նախորդ աշխատանքի` An Ancient Observer-ի շարունակությունն է, որը երաժիշտը նախորդ տարի նույնպես Պետերբուրգուր էր ներկայացրել։
Տիգրան Համասյանը հայ դաշնակահար, ջազմեն է։ Կյանքի 30 տարիներից 27–ը նա դաշնամուր է նվագում։ Փոքր ժամանակ Համասյանը պատրաստվում էր նվիրել իրեն թրեշ-մետալին, հետո մտափոխվեց ու ջազմեն դարձավ։ Երիտասարդ հասակում նա Կալիֆոռնիա տեղափոխվեց, որտեղից հետըզհետե սկսեց իր փառքի ճամփան։
Այսօր նա աշխարհով մեկ համերգներ է տալիս, ջազ-փառատոների բազում հեղինակավոր մրցանակներ ունի, այդ թվում` Փարիզի, Մոսկվայի ու Մոնտրեի փառատոների։