Այս պատկերաքանդակի մասին առաջին տեղեկությունը տալիս է գրականագետ և արվեստաբան Գարեգին Լևոնյանը, ով արտասահմանյան ամսագրերից մեկում
տեսնում է այդ բարձրաքանդակի նկարը, որի մասին էլ գրած իր հոդվածում (Գարեգին Լևոնյան, Մի առեղծվածային քանդակապատկեր, 1941 թ) համոզմունք է հայտնում, որ բարձրաքանդակը ակնհայտորեն պատկանում է հնագույն հայ հեթանոսական ժամանակներին:
Պատկերաքանդակը պաշտամունքային է, երկրպագության է եկել մի ամբողջ ընտանիք, Թագավորը, Թագուհին և վեց երեխա, որոնք իրենց նվերներն են բերել պատվանդանի վրա տեղադրված ցուլի գլխին, Թագավորն ու Թագուհին հասկեր, կամ ծառի ոստեր իսկ երեխաները անոթներով հավանաբար ծիսական յուղեր: Ըստ արվեստագետ Գարեգին Լևոնյանի, բարձրաքանդակն արված է մեծ վարպետությամբ ու արվեստով, այն քանդակված է քարի վրա (հավանաբար մարմար) և ձուլածո չէ: Այս բոլորն իհարկե հետաքրքիր է, բայց զարմանալին այն էր, որ այս հնագույն հեթանոսական ժամանակներին պատկանող պատկերաքանդակի տակ կա երկու տող արձանագրություն … հայերեն տառերով: Չնայած նկարի ցածր որակին, բայց պարզորոշ երևում են Ա, Գ, Ի, Զ, Ռ, Տ, Վ, Ն, Շ, հ տառերը, ճիշտ է, որոշ տառեր էլ թվում է նման չեն հայերենին, բայց կարծում եմ, որ պատկերաքանդակի որոշակի քայքայվածությունը և նկարի որակը թույլ չեն տալիս վերջնական կարդալու արձանագրությունը: Բանն այն է, որ նույնիսկ միջնադարյան արձանագրությունները, այն էլ քարի առկայության դեպքում երբեմն անհնար է լինում կարդալ, իսկ այս դեպքում առկա է ընդամենը 1940 ական թվականների անորակ լուսանկար:
1700 տարի մեր «ազգային» հորջորջվող եկեղեցին համոզել է, որ մինչև քրիստոնեություն ընդունելը մենք գրեթե ոչինչ չենք ունեցել, վայրենի ժողովուրդ, որը միայն Գրիգոր «լուսավորչի» շնորհիվ լուսավորվելով Եհովա աստծո լույսով, «լուսավորվեց» և գիր ու գրականություն ունեցավ, որպեսզի թարգմանի ու կարդա ջհուդա-քրիստոնեական բիբլիա կոչվող «սուրբ գիրքը:» Դե իհարկե, ինչպես կարող էր դա հայերեն լինել, մեր արվեստագետ ու գրականագետ պրոֆեսորը ենթադրում է, որ արձանագրությունը հավանաբար կեղծ է: Եթե Գարեգին Լևոնյանը միայն ենթադրում էր կեղծիքի մասին, ապա այս նկարի հաջորդ հետազոտողը՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանը իր «Հայոց գիր և գրչություն» գրքում ուղղակի հայտարարում է, որ բարձրաքանդակը կեղծիք է: Տարօրինակ է, որ հարգարժան դոկտոր պրոֆեսորը կարծես թե համոզված է, որ հայերը իրոք գիր են ունեցել մինչ քրիստոնեությունը, բայց այս հարցը ուղղակի փակում է , հայտարարելով. «Հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է:»
Ամենազարմանալին այն է, որ պրոֆեսորը իր հայտարարությունը ապացուցում է մի շատ «ծանրակշիռ» փաստարկով. «Կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն …»: Պատկերացնում ե՞ք, պարզվում է, որ մեր այս հարգարժան պրոֆեսորը ինչ որ տեղ տեսել է հին հայկական գրեր, որոնք ուղղաձիգ չեն եղել, իսկ թե որտեղ է տեսել այդ ոչ ուղղաձիգ հայկական նախաքրիստոնեական գրերը, գաղտնիք է մնում: Ահա այսպիսի հնագրական ուսումնասիրությամբ էլ փակվեց այս բարձրաքանդակի հարցը և արվեստանաբան Գարեգին Լևոնյանի ենթադրած իր ժամանակի լավագույն քանդակագործի աշխատանքը թեթև ձեռքով հայտարարվեց կեղծիք, այսինքն պարզվում է, նույնիսկ մեր կեղծարարները տաղանդավոր էին, բան ու գործները թողած ստեղծում էին տաղանդավոր գործեր և միամտորեն արձանագրությունը գրում էին գոյություն չունեցող գրերով…
Հետագայում այս արձանագրությունը մոռացվեց և ոչ ոք այլևս ուշադրություն չդարձրեց այս բարձրաքանդակի նկարի վրա, քանի որ մեր երկրում այդպես է ընդունված՝ հայերը քրիստոնեությունից առաջ գիր չեն ունեցել: 1700 ամյա այս կեղծիքը այնպես է հաստատվել և ամրացել հայ քրիստոնիայի ուղեղում, որ եթե նույնիսկ Երևանի կենտրոնական հրապարակում հայտնաբերվի նախաքրիստոնեական կառույց հայերեն գրերով, այն զարմանքից կամ անմիջապես հողով կծածկեն, կամ կթվագրեն որպես հետ քրիստոնեական կառույց, կամ առնվազն կհայտարարվի կեղծիք:
Հիմա բարձրաքանդակի մասին. Կարծում եմ բարձրաքանդակը իրոք արված է մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով, թե թագավորն ու թագուհին և թե երեխանները, բոլորը խիստ արտահայտվող զգացմունք, ներշնչանք և կենտրոնացում են արտահայտում, քանդակագործը ոչ միայն կարողացել է մի հարթության վրա ստեղծել տարածական պատկեր, այլ նաև անսահման ներշնչանք ու զգացմունք է կարողացել արտահայտել նույնիսկ ամենափոքր մասնակիցների դեմքերին:
Պատկերված պատվանդանի վրա դրված է ցլի գլուխ իր կաշվով, առաջին վերջույթներով և պոչով, դատելով կենդանու դեռևս չզարգացած եղջյուրներից, ենթադրելի է, որ դա հավանաբար երինջ է, որ զոհաբերվել է Մայր Աստծոն՝ Անահիտին: Այսինքն նկարում պատկերված է Անահիտ աստվածուհու տաճարի զոհասեղանը, որտեղ արդեն իսկ տեղադրվել է զոհաբերված կենդանու գլուխը, որի աջ և ձախ կողմերում տեղադրված են վառվող ջահեր: Մայր աստվածուհուն թագավորն ու թագուհին նվիրաբերում են հասկեր կամ ինչ որ բույսի ոստեր, իսկ երեխաները բերել են յուղանոթներ, որոնք դրվում են հատուկ պատվանդանի վրա: Սա մի եզակի ու հրաշալի քանդակապատկեր է, մի պաշտմունքային ծես, մեր սրբազան հավատքի ծեսերից մեկը, որոնք այնքան դաժանորեն ոչնչացվեցին եկեղեցու կողմից: Իսկ ինչով են տարբերվում այդ եկեղեցուց մեր ժամանակակից դոկտոր պրոֆեսորները, և միթե՞ շատ ունենք նմանատիպ հաշալի մի բարձրաքանդակ, որը թեթև ձեռքով կարելի է հայտարարել կեղծ ու հանել շրջանառությունից:
Բնականաբար եթե սա հայկական է, այն պետք է իր զուգահեռները ունենա և մեր պատմիչների մոտ և պահպանված պատմամշակույթային հուշարձանների մեջ:
Հայտնի է, որ երինջներ էին զոհաբերվում Հայոց Անահիտ դիցուհուն, ում տաճարների մոտ ազատ արածում էին ծաղկավոր ճակատով երինջների նախիրը (Պլուարքեայ Քերովնացւոյ Զուգակշեռք, հատ. Գ, Վենետիկ« 1833, էջ 562): Անահիտ Աստվածամայրը Հայոց դիցարանում բացառիկ տեղ է գրավել, դա հասկացվում է մեր քրիստոնյա պատմիչների աղքատիկ տեղեկություններից հեթանոսական կրոնի մասին. «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում… Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը մեծ քաջ Արամազդի» (Ագաթանգեղոս, 53). «Նաև մեծ Անահիտին, որով ապրում է և կենդանություն ունի մեր Հայոց երկիրը…» (Ագաթանգեղոս, 68). Այս խոսքերը ասում է Տրդատ թագավորը: Տրդատի հաջորդ խոսքերից երևում է, որ Անահիտ աստվածուհուն նվիրում էին ծառի ոստեր. «Թագավորը հրաման տվեց Գրիգորին, որ պսակներ ու ծառերի թավ ոստեր նվիրաբերի Անահիտի արձանի բագինին:» (Ագաթանգեղոս, 49).
Անահիտ աստվածուհու բացառիկ դերն ու նշանակությունը Հայոց աշխարհում ապացուցվում է նաև աստվածուհուն նվիրված տաճարների ու սրբավայրերի առատությանբ լայնածավալ Հայկական լեռնաշխարհում, որոնք ոչնչացվեցին քրիստոնեական եկեղեցու կողմից, հետագայում գրեթե բոլոր տաճարների տեղում կառուցելով քրիստոնեական աստվածածնի անվամբ եկեղեցիները, որոնց չափազանց մեծ քանակությունը քրիստոնեական եկեղեցին բացատրում է հայ ժողովրդի «մեծ սիրով» առ Մարյամ աստվածածինը: Հենց այս պատճառով էլ Հայկական լեռնաշխարհում ամենաշատ տարածվածը ասվածածնի եկեղեցիներն են:
Ինչպես պատկերված է մեր բարձրաքանդակում, զոհասեղանին է դրվել Աստվածամորը զոհաբերված երինջի գլուխն ու մորթին, իսկ թագավորն ու թագուհին նվիրում են ծառի ոստեր: Պարզվում է զոհասեղանի վրա դրված երինջի գլխի ու կաշվի պատկերը մեծ տարածում են ունեցել Հայկական լեռնաշխարհում ամենահնագույն ժամանակներից, այդ նույն պատկերն են արտահայտում վիշապաքարեր կոչվող հուշարձանների մի մասը, բերենք դրանցից մի քանի օրինակ. (Б.Б. Пиотровский, Вишапы. Каменные статуи в горах Армении. Л.: Армянский филиал АН СССР. 1939.)
Ինչպես տեսնում եք, վիշապաքարերը գրեթե նույնական են բարձրաքանդակի զոհասեղանի հետ, միայն այն տարբերության, որ զոհասեղանը տաճարի ներսում է, իսկ վիշապաքարը բնության մեջ, որի վրա էլ քանդակված են երինջի գլուխը և կաշին, նույնիսկ զոհասեղանի զույգ ջահերը վիշապաքարերի վրա փոխարինվել են համարժեք զույգ արագիլներով կամ կռունկներով:
Բերված օրինակները նաև ցույց են տալիս, որ վիշապաքարերը նույնպես նվիրված էին Անահիտ աստվածուհուն, ուղղակի այստեղ դրանք տեղադրված են առանց տաճարի, բնության մեջ:
Ժամանակակից հետազոտողները վիշապաքարերը թվագրում են III — II հազարամյակ մթա, սակայն կարծում ենք, որ վիշապաքարերը հաջորդել են տաճարներին, այսինքն վիշապաքարերը պատրաստվել են տաճարների զոհասեղանների նմանությամբ, բնականաբար բարձրաքանդակը պետք է որ ավելի հին լինի: Կարծում ենք, որ այն կարելի է թվագրել III հազարամյակ մթա, իհարկե բարձրաքանդակի ճիշտ տարիքը կարելի է որոշել այն տեսնելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո:
Այժմ բարձրաքանդակի արձանագրության մասին. Ինչպես տեսնում ենք բարձրաքանդկի բերված նկարից, ներքևում այն ունի երկու տող արձանագրություն, որտեղ որոշակիորեն նկատվում են հայերեն մեսրոպյան տառեր: Նկատելի է նաև որ արձանագրությունը միասնութուն է կազմում բարձրաքանդակի հետ, այսինքն այն հետագա ավելացում չէ: Ոչնչացնելով հայկական ամբողջ հազարամյակների մշակույթը, այդ թվում նաև հայատառ ամբողջ գրքերը և հնագույն մատյանները, եկեղեցին արգելեց Հայոց աշխարհում հայերեն գիրը, մանրամասնորեն ոչնչացնելով թե եղած գրքեր ու մատյաններ, թե տաճարների արձանագրությունները պատերի վրա: Ագաթանգեղոսը նշում է, որ տաճարները քանդում էին մինչև հիմքերը, դրա նպատակը իհարկե եղած հայատառ արձանագրությունները ոչնչացնելն էր: Իսկ ժողովրդի մոտ պահպանված գրքերն ու մատյանները կարողացան ոչնչացնել մի օրենքով, այն է ցանկացած հեթանոսական իր, գիրք կամ մագաղաթի կտոր որևէ մեկի մոտ հայտնաբերելու դեպքում տիրոջ ոտքերի ջլերն էին կտրում, իսկ նրա ամբողջ գերդաստանը քշում էին բորոտանոց: Հետագայում ամեն ինչ ոչնչացնելուց հետո, եկեղեցին հայտարարեց, որ Հայաստանում գիր չի եղել և օգտագործել են հունարեն կամ ասորերեն գրեր:
Պատմական որոշակի հանգամանքներում եկեղեցին ստիպված եղավ վերականգնել Հայոց հնագույն գրերը եկեղեցու մի նվիրյալի միջոցով, ով էլ հայտարարեց, որ այդ գրերը ինքը գտել է աստվածային տեսիլքի միջոցով: Սակայն այդ գրերը օգտագործելով առաջին հերթին բիբլիայի թարգմանության համար, տարօրինակորեն նկատվեց այդ նոր ստեղծված տառերի խիստ համապատասխանությունը Հայոց լեզվին, որն էլ հետագա որոշ հետազոտողների մոտ առաջացրեց կասկածանք, արդյո՞ք դրանք ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը, թե՞ նրանք կային ամենահին ժամանակներից: Միակ հարցը այն էր, որ եթե մեսրոպյան տառերը հին էին և օգտագործվում էին Հայ քրմերի կողմից, ինչո՞ւ այն չի գտնվում պեղումներից, եկեղեցին այն ոչնչացնում էր տաճարները քանդելով մինչև հիմքերը, սակայն հենց այդ ժամանակ կային ավելի հին հուշարձաններ արդեն ավերված, որոնք արդեն ծածկված էին հողով:
Պահպանված այս բարձրաքանդակը ցույց տվեց, որ հայերեն այս հնագույն գրերը քրմերը օգտագործում էին հազվադեպ, միայն խիստ կարևոր գրությունների կամ սրբազան ծիսական պատկերների մեջ, ինչպիսին այս տաճարական բարձրաքանդակն է, որի տակ եղած արձանագրությունը համոզված ենք, Մայր աստվածուհուն նվիրված փառաբանություն է մեր հնագույն սրբազան տառերով: Բարձրաքանդակի արձանագրությունը իրականում Հայերեն է, այն առայժմ միակ փաստացի անգին վկայությունն է մեսրոպյան տառերի հին լինելուն, այն այս վիճակում անհնար է կարդալ, հիմնականում նկարի անորակության պատճառով, այս փաստարկը իհարկե անմիջապես կհասկանան արդեն հնագույն արձանագրություններ վերծանած մասնագետները: Բարձրաքանդակը չի կարող կեղծ լինել, որովհետև այն ամեն ինչով համնկնում է այդ ժամանակների ոճին և ոգուն: Ցավոք բարձրաքանդակի հայտնաբերող հեղինակը՝ արվեստագետ Գարեգին Լևոնյանը ոչ մի հղում չի արել աղբյուրի մասին, նշելով միայն «արտասահմանյան ժուրնալներից մեկում», միայն կարելի է ենթադրել, որ դա կարող էր լինել գերմանական ամսագիր, որովհետև Լևոնյանը սովորել է Գերմանիայում, բայց չի բացառվում, որ այն լինի այլ եվրոպական երկրի:
Համենայն դեպս, քանի որ բարձրաքանդակը շատ կարևոր է դառնում Հայոց գրերի ծագման և այլ հարցերի համար, կո՛չ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ապրում են եվրոպական երկրներում, ուշադիր լինեն թանգարանների նմանատիպ նյութերի նկատմամբ և երբեմն թերթեն մինչև 1940 ական թվերը լույս տեսած եվրոպական ամսագրերը, գուցե թե հնարավոր լինի գոնե գտնել արտասահմանյան այդ ամսագիրը:
Հովհաննես Ազիզբեկյան, Արա Հովհաննեսյան