Չափազանց մեղմ է. Մխիթարյանին մեղադրում են «Արսենալի» պարտությունների համար
Advertisement 1000 x 90

Չափազանց մեղմ է. Մխիթարյանին մեղադրում են «Արսենալի» պարտությունների համար

«Արսենալը» դժվար ժամանակներ է ապրում. Վենգերը կորցնում է վերահսկողությունը, ֆուտբոլիստներն անհաջողություններում միմյանց են մեղադրում։

Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մի շարք պարտություններից հետո համաակումբացիների քննադատությունների ու մեղադրանքների տեղատարափի տակ է հայտնվել։ Այս մասին հայտնում է The Sun բրիտանական պարբերականը։

Համբերության բաժակը լցվեց «Բրայթոնի» հետ խաղում պարտությունից հետո, երբ «զինագործները» խաղը տանուլ տվեցին 2:1 հաշվով։ Դա արդեն ակումբի` միմյանց հաջորդող չորրորդ պարտությունն է։ Խաղացողները միմյանց դեմ են դուրս եկել, իսկ Վենգերը փորձում է բարձրացնել թիմի մարտական ոգին։

Մեսութ Օզիլը, որը վերջերս ակումբի պատմության մեջ ամենախոշոր գործարքն է ստորագրել, հերթական պարտությունից հետո նույնպես վտանգավոր գոտում է հայտնվել։

Հենրիխ Մխիթարյանը, որը հունվարին է իր պայմանագիրը կնքել, բոլոր ջանքերը գործադրում է նոր պայմաններին համակերպվելու, նոր թիմում կայանալու համար։ Բայց նրան խիստ քննադատության են ենթարկում և մեղադրում այն բանում, որ նա չի կարողանում կռահել հարձակվողներին ու հեշտությամբ թույլ է տալիս, որ հիմարացնեն իրեն։

«Հանդերձարանում քննադատում են Հենրիխ Մխիրթարյանին այն բանի համար, որ նա չի հետևում իր վազորդներին»,- գրում է պարբերականը։

Նա և Օզիլը չափազանց մեղմ խաղացողներ են։ Հակառակորդներն օգտվում են դրանից։

«Արսենալը» Պրեմիեր լիգային լավագույն քառյակում հայտնվելու հույս չունի, իսկ հինգշաբթի Եվրոպայի լիգայում կբախվի «Միլանի» համառ դիմակայությանը։

Վենգերն անընդհատ փորձում է վերականգնել թիմի մարտական ոգին, սակայն չորս պարտությունից հետո թիմակիցներն արդեն միմյանց դեմ են մարտնչում։

«Արսենալի» մարզիչը մեծ ճնշման տակ է, սակայն հույս ունի, որ կկարողանա Չեմպիոնների լիգա վերադառնալ։

«Լավ է, երբ ձեր թիմում են Սոլ Քեմբելը, Պատրիկ Վիեյրան ու Թիերի Անրին։ Սակայն այդքան էլ խելացի որոշում չէ հույսը դնել Մուստաֆիի, Օզիլի ու Մխիթարյանի վրա ու չանհանգստանալ»,- գրում է պարբերականը։

Ժամանակին «զինագործները» անգլիական ֆուտբոլի առաջատար ակումբներից էին, այն ժամանակ Վենգերի ձայնը վստահ էր հնչում, իսկ հիմա նա կորցնում է իր ազդեցությունը։ Նրան այլևս ոչ ոք չի լսում, ոչ ոք չի նկատում։

armeniasputnik.am