«Կինը միշտ պատրաստ է եղել և պայքարել է իր իրավունքների, դերակատարման, հանրության մեջ իր տեղը հաստատելու համար։ Այս տոնը սկսվել է պայքարից, և 100 տարի անց էլ պայքարելու տեղ ունենք։ Այսօր Հայաստանում աշխատավոր, ստեղծող, արարող կինը դժվար է անում իր գործը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել միայն իր բարեկեցությամբ, հաջողություններով. «Կնոջը պետք է ամբողջություն, որը Հայաստանում կարող է ապահովվել խաղաղության, տնտեսական լուրջ զարգացման, սոցիալական հավասարության դեպքում։ Ես ուզում եմ, որ հաջորդ մարտի 8-ը դիմավորենք հենց այդպիսի Հայաստանում»։
Ասուլիսի մյուս բանախոս, «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ ղեկավար Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ տարիներ առաջ մի միջազգային զեկույցում նշված է եղել, որ մայրության գաղափարը գերիշխում է հայ կնոջ մոտ. «Ես դասավանդում եմ համալսարանում և հիանում մեր աղջիկներով, նրանք օժտված են միայն դրական հատկանիշներով»։
Դանիելյանը նկատեց՝ Հայաստանում կանանց նկատմամբ խտրականություն գոյություն չունի. «Իմ ամբողջ կյանքում երբևէ չեմ զգացել, որ որևէ հարցում խոչընդոտ լինի այն հանգամանքը, որ ես կին եմ։ Ես եղել եմ նախարար, փոխքաղաքապետ, և երբեք նման հարց չի բարձրացել։ Բայց այսօր մեր ազգը հանդիպում է մի շատ լուրջ հիմնախնդրի․ արտագաղթի պատճառով մեզանում կին-տղամարդ հավասարակշռությունը փոխվել է, աղջիկները չեն կարողանում ամուսնանալ, տղաները դուրս են գնում, այլազգի կանանց հետ են ամուսնանում, ընտանիքները քանդվում են։ Այդ բալանսի փոփոխությունը մեծ վտանգ է ազգի համար, և շատ լուրջ միջոցառումներ է պետք ձեռնարկել, որովհետև դա ազգի քանդման ամենամեծ վտանգավոր ճանապարհն է»։
Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ հիշեց Պլատոնի «Խրախճանքը», որտեղ ասվում է, թե կինն ու տղամարդն ի սկզբանե միավորված են եղել, եղել են գնդաձև արարածներ, բայց Զևսը տեսնելով, որ նրանք շատ հզոր են, վախեցել է, Ապոլոնին հանձնարարել՝ թրով կիսել, բաժանել նրանց, որպեսզի կորցնեն հզորությունը։ Ասվում է, որ այդ օրվանից կանայք և տղամարդիկ որոնում են իրենց կեսերին. «Այսինքն՝ երբ կինն ու տղամարդը միասին են, հզոր են։ Հոգեբանական հետազոտություններն ապացուցում են, որ կանանց և տղամարդկանց հոգեբանական, ֆիզիոլոգիական նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։ Բայց տարբերություններն աչքի են զարնում, և դրանցով ենք միմյանց ընկալում»։
Հոգեբանի խոսքով՝ կին առաջնորդն ու տղամարդ առաջնորդը էապես տարբերվում են. «Տղամարդիկ ավելի շատ իրենց հաղթանակների վրա են կենտրոնանում, իսկ կանայք ավելի սոցիալական տիպի լիդերներ են, մյուսների մասին էլ են մտածում։ Ինքնագնահատականի տեսակետից տղամարդու ինքնագնահատականն ավելի շատ է կախված կնոջ տված գնահատականից, քան կնոջ ինքնագնահատականը։ Տղամարդը, որպեսզի իր ինքնագնահատականը կայուն և ամուր պահի, անընդհատ կնոջ գոտեպնդման կարիք ունի։ Կանայք էլ ավելի շատ արտաքին տեսքի նկատմամբ են զգայուն, կարիք ունեն հաճոյախոսությունների»։
Կարինե Նալչաջյանն այն կարծիքին չէ, որ հայ տղամարդիկ ճնշում են, թույլ չեն տալիս կանանց շարժվել. «Վտանգված է այն ընտանիքը, որտեղ զույգերը թերագնահատում են իրար։ Դա ազդում է նաև երեխաների վրա․ մենք ապագա նևրոտիկներ ունենք այնտեղ, որտեղ կինը թերագնահատում է իր ամուսնուն, և՝ հակառակը»։
Ռազմիկ Մարտիրոսյան